Բեթլեհեմի անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեթլեհեմի անապատ, Թբիլիսիի Քարափի թաղում, Նարիկալա ամրոցի հյուսիսային կողմում։ Բեթլեհեմի անապատի Սուրբ Աստվածածին միանավ թաղածածկ հորինվածքով եկեղեցին XIII դարում հիմնադրել է Գրիգոր քահանան, շինարարությունն ավարտել է նրա թոռ Բարսեղը XIV դար։ 1636-ին Հալեպից Թիֆլիս տեղափոխված գրիչ և մանրանկարիչ Մկրտիչը Բեթլեհեմի անապատում բացել է գրչագրության արվեստի դպրոց։ 1641-ին նա ընդօրինակել և նկարազարդել է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցին պատկանող Ավետարան։ 1658-ին կառուցվել է Բեթլեհեմի անապատի ժամատունը։ XVII դարում սկսվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ Եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի բազմանիստ թմբուկով գմբեթը բարձրանում է խորանի անկյունների և արևելյան մույթերի միջև ձգվող կամարների վրա։ Ավանդատները երկհարկ են. 2-րդ հարկերը խոշոր կամարներով բացվում են աղոթասրահի մեջ։ Առաջին հարկի հյուսիսային ավանդատունը նվիրված է Գրիգոր Ա Լուսավորչին, հարավը՝ Հովհաննես Մկրտչին։ Գմբեթի թմբուկին «Աստվածածինը մանկան հետ» պատկերաքանդակն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: