Բարձր Տատրաներ (սլովակ.՝ Vysoké Tatry, լեհ.՝ Tatry Wysokie), լեռնային զանգված Լեհաստանում և Սլովակիայում, ամենաբարձրը Կարպատներում։ Երկարությունը 65 կմ է, բարձրությունը՝ մինչև 2655 մետր (Գեռլախովսկի Շտիտ լեռ)։
Կազմված է առավելապես գրանիտներից, գրանոդիորիտներից և կրաքարերից։ Բնորոշ է ալպյան ռելիեֆը։ Կան հնագույն սառցապատման հետքեր, կարստային քարայրեր։ Տարածված են ասեղնատերև անտառները, ալպյան մարգագետինները։ Տատրաներում է Կարպատների ամենաբարձր օդերևութաբանական դիտարանը (Լոմնիցկի Շտիտ, 2632 մետր)։ Կան լեռնակլիմայական առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը, ալպինիզմը, լեռնադահուկային սպորտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 603)։