Բարձրօկտանային վառելանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարձրօկտանային վառելանյութեր, բենզիններ, որ օգտագործվում են մեծ սեղմմամբ և մակափչմամբ աշխատող ներքին այրման կարբյուրատորային շարժիչներում։ Պարունակում են օլեֆիններ, իզոալկաններ, արոմատիկ ածխաջրածիններ և փոքր մոլեկուլային զանգվածով ցիկլոպարաֆիններ։ Կայուն են դետոնացիայի նկատմամբ և ապահովում են համաչափ այրումը շարժիչում։ Կայունությունը բնորոշվում է օկտանային թվով և բենզինի տեսակայնությամբ (տեսակայնությունը ցույց է տալիս, թե ինչ հզորություն է զարգացրել տվյալ վառելանյութով աշխատող շարժիչը իզոօկտանով աշխատող շարժիչի էտալոնային հզորության նկատմամբ)։ Ինքնաթիռային լավագույն բենզինների օկտանային թիվը 98–100 է, ավտոմեքենայինը՝ 98 («էքստրա»)։ Սովորաբար օգտագործվում են 76 և 93 օկտանային թիվ ունեցող ավտոբենզինները։ Բարձրօկտանային վառելանյութերը պարունակում են հակադետոնատոր՝ տետրաէթիլկապար Pb(C2H5)4 (ՏԷԿ), որը ավելացվում է «էթիլային հեղուկի» (էթիլբրոմիդի և ՏԷԿ–ի խառնուրդ) ձևով։ Արտամղման գազերում թունավոր նյութերի պարունակությունը փոքրացնելու նպատակով կարևոր է ՏԷԿ չպարունակող բարձրօկտանային վառելանյութի ստացումը։ Բարձրօկտանային վառելանյութերը պատրաստում են կրեկինգի բենզինին խառնելով արոմատացված բենզին և պոլիմերբենզին կամ ալկիլատ։ Վերջիններիս պարունակությունը պայմանավորում է բենզինի կայունությունը դետոնացիայի նկատմամբ, ցնդելիությունը, այրման ջերմությունը, խտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 331