Ցիկլոպարաֆիններ
Ցիկլոպարաֆիններ, ցիկլոալկաններ, օղակաձև կառուցվածքով մոլեկուլներ ունեցող սահմանային ածխաջրածիններ։ Ցիկլոպարաֆինի ընդհանուր բանաձևն է CnH2n։ Մոլեկուլները բաղկացած են իրար միացած մեթիլենային խմբերից (–CH2–), այդ պատճառով անվանվում են նաև բազմամեթիլենային ածխաջրածիններ կամ բազմամեթիլեններ։ Հատկություններով նման են սահմանային ածխաջրածիններին։ Պարզագույն ներկայացուցիչը ցիկլոպրոպանն է, որը ջրում չլուծվող գազ է (եռում է 32,8 °C–ում)։ Ունի չհագեցած ածխաջրածինների հատկությունները, օգտագործվում է նարկոզի համար։ Ցիկլոբութանը (քառամեթիլեն) թույլ հոտով, անգույն գազ է (եռում է 12,9 °C–ում), ջրում չի լուծվում։ Նրա ֆտորածանցյալը՝ ութֆտորցիկլոբութանը (C4F8) օգտագործվում է որպես ֆրեոն։ Ցիկլոպենտանը (հնգամեթիլեն) և ցիկլոհեքսանը (վեցամեթիլեն) բնորոշ հոտով, անգույն հեղուկներ են, փոքր քանակներով պարունակվում են նավթերում (նավթեններ)։ Ցիկլոհեքսանը բազմաթիվ նյութերի (ցիկլոհեքսանոլ, կապրոլակտամ, ադիպինաթթու, պոլիամիդներ ևն) ստացման հումք է։ Այն ստանում են բենզոլի կատալիտիկ հիդրմամբ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 157)։ |