Բագավանի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագավանի ճակատամարտ
Թվական774 թվական
Մասն էԱրմինիայի ապստամբություն (774-775)
ՎայրԲագավան
ԱրդյունքՀայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Արմինիա կուսակալությունԱրաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Մուշեղ ՄամիկոնյանՀասան իբն-Քահթաբա
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ

Բագավանի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև։ Տեղի է ունեցել 774 թվականին Բագավանում։ Հայոց կողմի հրամանատարն էր հայոց իշխան Մուշեղ Մամիկոնյանը, իսկ արաբական կողմինը՝ ոստիկան Հասան իբն-Քահթաբան։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում իրավիճակը բարդացել է Հայոց իշխանի պաշտոնում Աշոտ Բագրատունուն (732-748) հաջորդած Մուշեղ Մամիկոնյանի կառավարման տարիներին (748-753), երբ խալիֆայության գլուխ եկած Աբբասյանները վերստին ծանրացրել են հարկերը, սաստկացրել բռնությունները և հալածանքները։ Այդ պատճառով 748-751 թվականներին Հայաստանում բռնկվել էր նոր զինված ապստամբություն, որն ի վերջո ճնշվել է։ Արաբական տիրապետության դեմ հաջորդ ազատագրական պատերազմը ծավալվել է 774-775 թվականներին, որը գլխավորել է Մուշեղ Մամիկոնյանը։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

774 թվականին ծագած հայակական ապստամբությունն ուժեղանում էր, իսկ արաբական տիրապետությունը որոշում էր ընդունել մեծացնել ապստամբության ճնշումը։ Արաբ ոստիկան Հասան իբն-Քահթաբան արագացնում էր նախապատրաստական աշխատանքները։ Արաբական չորս հազարանոց հեծյալ զորամաս հրամանատար Աբու Նաջիբի գլխավորությամբ գալիս է Հայաստան արշավանքն ճնշելու համար[1]։

Իսմայելի զորավար Մահմետին ամեն կողմից տագնապալի բողոքներ ստացավ և Դվին քաղաքի զորքը հավաքելով` տվեց մի զորագլխի ձեռքը, որի անունն էր Ապունճիպ, սպանվածների արյան վրեժը լուծելու։ Զորավարը վերցրեց մոտավորապես 4000 ընտիր հեծյալներ, ուշադիր անցավ արքունի պողոտայով և հասավ Բագրևանդ քաղաքի Բագավան գյուղը։
- Ղևոնդ, Հայոց պատմություն, գլուխ ԼԴ

Շարժվելով դեպի արմուտք՝ արաբները կանգ են առնում Բագրևանդ գավառի Բագրևանդ գյուղումը։ Արաբական զորամասը ռազմերթն իրականացրել է «արքունի պողոտահով», որը դարեր շարունակ ռազմավարական նշանակություն է ունեցել։ Պողոտայի երկայնքով չկային մեծ բնական արգելքներ, որոնք կխոչընդոտեին երթին։ Արաբների զորամասը մեծաթիվ էր և ուներ ժամանակի լավագույն սպառազինություն և երթի ժամանակ իրականացնում էր անվտանգության միջոցառումներ։ Այս ամենի մասին իմանալով՝ Մուշեղ Մամիկոնյանը որոշել էր շարունակել էր իր արագ հարձակումների մարտավարությունը[1]։

Ամեն դեպքում չէր կարելի թույլ տալ, որ արաբները նախահարձակ լինեն։ Պետք էր մարտ պարտադրել նրանց համար անսպասելի վայրում և անսպասելի ժամանակ։
- Ղևոնդ, Հայոց պատմություն, գլուխ ԼԴ

Հայկական զորախումբը հասնում է արաբներին, երբ նրանք երկար ճանապարհից հետո սկսել էին տեղաբաշխվել տեղանքում։ Հնարավոր տարբերակները նկատի ունենալուց հետո Մուշեղ Մամիկոնյանը որոշում էր ընդունել հարձակվել արաբների վրա տեղաբաշխումից հետո, սակայն հայերի հիմնական ուժերը դեռ ճանապարհին էին։

Այս հնարավորությունից օգտվելով՝ Մուշեղ Մամիկոնյանն իր 200 մարտիկներից բաղկացած ջոկատով հարձակվում է արաբական զորամասի վրա՝ չսպասելով մնացած ուժերին[2]։

Այստեղ նրանց վրա հասավ Մուշեղը ու նրա հետ 200 մարդ։ Մարտնչեցին իրար դեմ, Տիրոջից արագ օգնություն հասավ Մուշեղի գնդին, և բազում հարվածներ հասցնելով` սատակեցրին Իսմայելի զորքերին։
- Ղևոնդ, Հայոց պատմություն, գլուխ ԼԴ

Հանգստի տրամադրված արաբ զինվորները հարձակումից հետո մի պահ ապակողմնորոշվում են, սակայն որոշ ժամանակ անց կարողանում են կասեցնել գրոհը։ Արաբները, մարտի դաշտում օգտագործելով իրենց քանակական գերազանցությունը, գրոհն անդրադարձնելուն միաժամանակ փորձում են ստորաբաժանումները շարել մարտակարգով։ Այս ընթացքում մարտադաշտ են հասնում հայկական հիմնական ուժերը, որոնց օգնությամբ հայերը կարողանում են կասեցնել արաբների անդրադարձումը։ Կենտրոնական ստորաժանման գրոհից հետո արաբները չկարողանալով համախմբվել՝ դիմում են փախուստի[3]։

Արաբական մնացորդներին հայկական զորախումբը Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հետապնդում է մինչև Արուճ ավանը, որտեղ նոր բախում է լինում և հայերը հարուստ ավարով վերադառնում են Արտագերս[4]։

Շատերից միայն քչերը որպես փախստական հասան Դվին քաղաքը։ Ապա նրանց ընդառաջ ելան համազգի տղամարդիկ ու կանայք ու ճչոցով, հողը գլուխներին թափելով` իրենց ճակատին էին խփում, օձիքը պատառոտում, և նրանց ողբն ու կոծը լցրել էին լայնալիստ քաղաքի ամեն փողոցները։ Մեծ ահ ընկավ սառակինոսների (արաբների) գնդի վրա, և համարձակություն չունեին քաղաքից դուրս գալու, այլ ապավինել էին քաղաքի ամրություններին։
- Ղևոնդ, Հայոց պատմություն, գլուխ ԼԴ

Մուշեղի հաղթանակաների մասին լուրը տարածվում է ամբողջ Հայաստանում, որից հետո ազատագրական շարժմանն է միանում հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին[4]։

Իսկ Հայաստանի ամենայն նախարարները ի մի վայր հավաքվելով` իրար երդում տվին և ուխտի դաշինք դրին` միասին ապրելու և մեռնելու։ Այսպես բոլորը միախուռն հավաքված` 5000 մարդ դարձան…
- Ղևոնդ, Հայոց պատմություն, գլուխ ԼԴ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան։ «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 161
  2. «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան։ «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 162
  3. «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան։ «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 163
  4. 4,0 4,1 «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան։ «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 164

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան։ «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 160-165