Արցախյան ազատամարտի հուշարձան (Մարտունի, Գեղարքունիքի մարզ)
Արցախյան ազատամարտի հուշարձան (Մարտունի, Գեղարքունիքի մարզ) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2012 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Մարտունի |
Ներկա վիճակ | կանգուն |
Artsakh War Memorial (Martuni, Armenia) Վիքիպահեստում |
Արցախյան ազատամարտի հուշարձան, Արցախյան ազատամարտի մարտունեցի զոհերին նվիրված հուշարձան Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ քաղաքապետարանի դիմաց, Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի հարևանությամբ[1]։ Բացվել է 2012 թվականի նոյեմբերի 11-ին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը բացվել է 2012 թվականի նոյեմբերի 11-ին։ Այն օծել է Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Արցախյան ազատամարտում Հայաստանի Մարտունու վարչական շրջանը տվել է ավելի քան 100 զոհ, 150 վիրավոր, այդ թվում` 10 զոհ, 2 անհայտ կորած և 30 վիրավոր՝ Մարտունի քաղաքից[2]։
Մարտունի քաղաքում Արցախյան գոյամարտում զոհված մարտունեցիների հիշատակը և գոյամարտի խորհուրդը հավերժացնող հուշարձանի նախաձեռնողը Մարտունի քաղաքի բնակիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Արամայիս Խլղաթյանն է, ում նախաձեռնությամբ Մարտունի քաղաքում կազմակերպվել է քանդակագործության սիմպոզիում[3], որի շրջանակներում ձեռնարկվել է Արցախյան ազատամարտում զոհված մարտունեցիների հուշարձանի ստեղծումը։ Սիմպոզիումը փակվել է սեպտեմբերի սկզբին, սակայն քանդակագործներ Արտիկ Քոչարյանը, Արամայիս Խլղաթյանը և Ռաֆիկ Սարգսյանը շարունակել են հուշարձանի ստեղծման աշխատանքներն՝ այն ավարտելով նոյեմբերի սկզբներին[2]։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի պաշտպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներ, Մարտունի քաղաքի և տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներ, քանդակագործության սիմպոզիումը նախաձեռնող խմբի անդամներ, բարեգործներ և հովանավորներ։ Հուշարձանը բացել են զոհված ազատամարտիկ Արամ Խլոյանի մայր Տատյանա Խլոյանը և զոհված ազատամարտիկ Գեիմ Գուլեյանի հայր Ռաֆիկ Գուլեյանը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը շուրջ 4 մետր բարձրությամբ քանդակ է, որի վրա պատկերված են կենաց ծառը և զոհված ազատամարտիկը, ով երկինք է համբարձվում Հազարան Բլբուլի թևերի վրա։
Ես ոչ մի վայրկյան մարտում զոհված իմ ընկերներին չեմ պատկերացնում մեռած, այլ՝ ապրող ու Հազարան Բլբուլի թևերի վրա անմահության հեռաստաններ գնացող[2]։ - քանդակագործ Արտիկ Քոչարյան
|
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը հեղինակել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արտիկ Քոչարյանը։ Հուշարձանի համահեղինակներն են Արամայիս Խլղաթյանը և Ռաֆիկ Սարգսյանը[2]։
Հուշարձանը ստեղծվել է Մարտունի քաղաքի բնակիչ Իշխան Գրիգորյանի բարերարությամբ[2]։ Ստեղծման գործում իրենց աջակցությունն են ունեցել Ռաֆիկ Գրիգորյանը, բարերարներ Սևակ Շահինյանը, Ավետիք Նազարյանը, Դավիթ Երանոսյանը։ Հուշարձանի պատվանդանի կառուցման և այլ ընթացիկ աշխատանքներն իրականացրել է Մարտունու քաղաքապետարանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարտունու քաղաքապետարանի շենքը: Աջ կողմում՝ Արցախյան ազատամարտի հուշարձան
-
Հուշարձանի տեսքը
-
«Ուժն է ծնում իրավունք» մակագրություն հուշարձանի վրա
-
«Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին» մակագրություն հուշարձանի վրա