Արցախի պահպանողական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի Պահպանողական Կուսակցություն
Արցախի Պահպանողական կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Արցախ
ԱռաջնորդԴավիթ Բաբայան
Կարգախոսարհեստավարժություն, ազնվություն, հայրենասիրություն, աշխատասիրություն
ՀիմնադիրԴավիթ Բաբայան
Հիմնադրվածապրիլ 2019
Գաղափարախոսությունազգային պահպանողականություն, հայկական ազգայնականություն և պահպանողականություն
Քաղաքական հայացքԱռաջադիմական պահպանողականություն
ՇտաբՍտեփանակերտ, Արցախի Հանրապետություն

Արցախի պահպանողական կուսակցություն, քաղաքական կուսակցություն Արցախի Հանրապետությունում, ստեղծվել է 2019 թվականի փետրվարի 26-ին[1]։ Կուսակցության նախագահն է քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 17-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 8 դպրոցի դահլիճում տեղի է ունեցել Արցախի պահպանողական կուսակցության հիմնադիր համագումարը[2], որի ժամանակ Դավիթ Բաբայանն ընտրվել է Կուսակցության նախագահ։ Նույն թվականի ապրիլի 30-ին կուսակցությունը ստացել է պետական գրանցում։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի պահպանողական կուսակցությունը (ԱՊԿ) ազգային պահպանողական կուսակցություն է։ Կուսակցության գերնպատակն է Արցախի Հանրապետության զարգացումն ու զորացումը, նրա անվտանգության բարձր մակարդակի ապահովումը, Արցախի միջազգային ճանաչումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի հետեւողական ամրապնդումը, ազգային արժեքների, նվաճումների եւ հաղթանակների պահպանումը, սոցիալական արդարության, օրենքի գերակայության ապահովումը, հասարակության եւ տնտեսության դինամիկ զարգացմանը նպաստելը, կայացած ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կերտումը։ Արցախի պահպանողական կուսակցության համար միասնական հայրենիք` հզոր, զարգացած, միացյալ Հայաստան կերտելը պետականաշինության վերջնանպատակն է։ Արցախի պահպանողական կուսակցությունը բարձր է գնահատում Հայ Առաքելական Եկեղեցու դերն Արցախի եւ հայ ժողովրդի կյանքում, սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման գործում՝ ազգային եկեղեցին համարելով պետականության զարգացման ու զորացման, համահայկական միասնականության կարեւորագույն հիմքերից։

Դրոշը եւ խորհրդանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության դրոշը՝ սպիտակ, լայնության եւ երկարության չափերի 1:1.5 հարաբերակցությամբ պաստառ է, որի կենտրոնում պատկերված է ԱՊԿ խորհրդանշանը։ ԱՊԿ խորհրդանշանը պատկերում է Արցախի ավելի քան 2000 տարեկան տնջրի ծառը՝ սաղարթախիտ վիճակում, որը խորհրդանշում է մի կողմից Արցախի բազմադարյա պատմությունը, նրա խոր արմատները եւ զորությունը, մյուս կողմից՝ փխրունությունն ու պահպանման անհրաժեշտությունը[3]։ Տնջրու առջեւ պահապան հրեշտակն է, որի աջ ձեռքում սուրն է՝ խորհրդանշելով երկիրը պաշտպանելու ու պահպանելու ժողովրդի պատրաստակամությունը եւ ուժը, ձախ ձեռքում՝ գիրքը, որը խորհրդանշում է հավատքը եւ օրենքի գերակայությունը։ Հրեշտակի աջ կողմում պատկերված է հայոց արեւախաչը՝ ութ թերթիկներով, որոնցից յուրաքանչյուր զույգը ներկված է Արցախի դրոշի գույներով, եւ որից սկիզբ է առնում Արցախի Հանրապետության դրոշը։ Խորհրդանշանը եզերված է «Արցախի պահպանողական կուսակցություն» գրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1]
  2. [2]
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]