Արցախի Հանրապետության գյուղատնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԼՂՀ գյուղատնտեսություն

ԼՂՀ գյուղատնտեսություն՝ ԼՂՀ ԳԽ-ն օրենքով 1995 թվականին հողը հայտարարել է պետական սեփականություն, որը կարելի էր օգտագործել միայն վարձակալ հիմունքներով։ 1998 թվականին ընդունվել է հողի սեփականաշնորհման մասին օրենք, որով սեփականաշնորհման ենթակա հողերն օգտագործողներին տրվել են անհատույց։ Ընդ որում՝ հողաբաժնի չափը (0,6 հա) սահմանվել է յուրաքանչյուր շնչի հաշվով։ Սեփականաշնորհվել են միայն վարելահողերը, իսկ խոտհարքներն ու արոտավայրերը թողնվել են համայնքային օգտագործման։ Սեփականաշնորհումից օգտվել են ոչ միայն գյուղաբնակ քաղաքացիները, այլև շրջկենտրոնների բնակիչները, իսկ Ստեփանակերտի բնակիչներից նրանք, ովքեր բնակություն են հաստատել գյուղերում ու շրջկենտրոններում։ Հող ստանալու իրավունքից օգտվել են նաև ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների և քաղաքացիների ընտանիքները։ Կան նաև անհատ-ձեռներեց վարձակալներին օգտագործման տրված հողեր՝ շուրջ 12 հազար հա։ ԼՂՀ-ում իրականացվող ագրարային բարեփոխումների շնորհիվ գյուղատնտեսությունն սկսել է զարգանալ, նրա տեսակարար կշիռը ՀՆԱ-ում անընդհատ աճում է։

2000-2006 թվականներին միջին աճը կազմել է 12,2%։ Արցախում պահպանվել են նաև կոլեկտիվ տնտեսությունները, չեն սեփականաշնորհվել գյուղտեխնիկան ու անասնապահպանական ֆերմաները, որն էապես նպաստել է տնտեսական կյանքի և պաշտպանունակության բարելավմանը։ Գյուղատնտեսության հիմնական, ճյուղերն են հացահատիկային ու կերային բույսերի մշակությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունն ու անասնապահությունը։ Ընդհանուր ցանքատարածությունների 95,4%-ը զբաղեցնում են հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորենը) մշակաբույսերը, միայն ցորենինը՝ ընղհանուրի 75,2%-ը։ Կարևոր ճյուղերից է նաև թթենու մշակությունը (924,9 հա), որի հիմքի վրա զարգացել են օղու, դոշաբի և այլ արտադրություններ։ 2010 թվականին ԼՂՀ 594,85 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողերի 136,28 հազար հա-ն վարելահող էր, 11,32 հազար հա-ն՝ բազմամյա տնկարկներ, 36,08 հազար հա-ն՝ խոտհարքներ, 378,03 հազար հա-ն՝ արոտավայրեր, 33,14 հազար հա-ն՝ այլ հողեր, որոնցից 20,4 հազար հա-ն ոռոգվող հողատարածություններ են։ Գյուղատնտեսությունը 2010 թվականին ապահովել է երկրի ՀՆԱ-ի 11,3 %-ը, համախառն արտադրանքը կազմել է 32129,8 միլիոն դրամ, որի 59,3 %-ը բաժին է ընկել բուսաբուծությանը, 40,7 %-ը՝ անասնապահությանը։

Համախառն արտադրանքում գերակշռում են հացահատիկի և հատիկաընդեղենի (22,6 %), կաթի (19,8 %), մսի (14,7 %), պտղի և հատապտղի (9,9 %), բանջարեղենի (7,2 %), կերային մշակաբույսերի (7,5 %) արտադրությունները։ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ԼՂՀ-ում կար 44,9 հազար խոշոր եղջերավորներ (կով՝ 19,9 հազար), 55,9 հազար մանր եղջերավորներ, 10,4 հազար խոզ, 312,7 հազար թռչուն, 20,4 հազար մեղվաընտանիք։ Համեմատաբար զարգացած են պտուղ-բանջարեղենի, խաղողի, կաթի մշակման և այլ ճյուղեր։ Պտուղ-բանջարեղենի արտադրության ճյուղի առաջատարը «ԱրցախՖրութ» ՓԲԸ-ն է, որը 2008-2010 թվականներին տարեկան միջին հաշվով մթերել է 155 հազար տ պտուղ-բանջարեղեն։ Արտադրանքն արտահանվել է հիմնականում ՌԴ, Ուկրաինա, փոքր քանակներով՝ նաև Ֆրանսիա, ԱՄՆ և այլուր։ Ներկայումս գործում են խաղող (3) և կաթ (4) վերամշակող ընկերություններ։ Ոլորտի զարգացման համար Կառավարությունը 2009 թվականից հաստատել է «ԼՂՀ գյուղատնտեսության կայուն զարգացման», «Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության բարձրացման միջոցառումների», «Հադրութի շրջանի Բանաձորի ենթաշրջանի համայնքներում գյուղատնտեսության զարգացման», «Հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման» և այլ ծրագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png