Արյունաուղեղային պատնեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արյունաուղեղային պատնեշ, արյունատար անոթների և կենտրոնական նյարդային համակարգի միջև առկա ֆիզիոլոգիական պատնեշ։ Այս պատնեշի գլխավոր նշանակությունը կենտրոնական նյարդային համակարգի հոմեոստազի պահպանումն է։[1][2]

Ուղեղի բջիջները սնուցող մազանոթային ցանց
Ուղեղի մազանոթ

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունաուղեղղային պատնեշը կազմված է արյունատար անոթների էնդոթելային բջիջներից, հիմային թաղանթից, պերիցիտներից և աստրոցիտներից։[3] Այս բջիջների միջև միջբջջային տարածությունն ավելի փոքր է, քան օրգանիզմի մյուս մասերում։

Արյունաուղեղային պատի էնդոթելային բջիջները սերտորեն կպած են իրար, չունեն պատուհաններ կամ միջբջջային անցքեր։ Սա, ինչպես նաև հիմային թաղանթի առկայությունն, արյունատար անոթն անթափանցելի է դարձնում խոշոր մոլեկուլների համար։

Ուղեղային անոթների մոտավորապես 20 %-ը ծածկված է փոքր բջիջներով՝ պերիցիտներով, որոնք, էնդոթելային բջիջների նման, տեղակայված են հիմային թաղանթի վրա։ Պերիցիտները կարող են կծկվել, կարգավորել էնդոթելի ֆունկցիան և օժտված են մակրոֆագային հատկությամբ։ Քանի որ պերիցիտները սերտորեն կպած են էնդոթելային բջիջներին, կծկման շնորհիվ փոփոխում են արյունատար անոթների լուսանցքն ու դրանով մասնակցում են տեղային շրջանառության կարգավորմանը։

Աստրոցիտներն իրենց ոտիկներով շրջապատում են արյունատար անոթները։ Սրանք մասնակցում են նեյրոնների սնուցմանը, իրենց կողմից արտադրվող նյութերով ազդում են էնդոթելի թափանցելիության վրա, սինթեզում են ուղեղի համար անհրաժեշտ խոլեստերինը, քանի որ վերջինս չի կարող թափանցել պատնեշով։[4]

Արյունաուղեղային պատնեշն առկա է ուղեղի մեծ մասում, սակայն ոչ ամենուրեք։ Այն բացակայում է ուղեղամասի որոշ տեղերում։

Նշանակություն և ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունաուղեղային պատնեշը կանխում է որոշ նյութերի, հատկապես՝ սպիտակուցների և հակամարմինների մուտքը դեպի կենտրոնական նյարդային համակարգ։[5] Պատնեշի շնորհիվ ուղեղային հյուսվածքը զուրկ է իմունաբանական տոլերանտությունից։ Ուստի օնտոգենեզի ընթացքում իմուն համակարգն այս հակածինները որպես հարազատ սպիտակուց չի ճանաչում։ Այդ պատճառով արյունաուղեղային պատնեշի վնասման դեպքում ուղեղային հյուսվածքի սպիտակուցները T-լիմֆոցիտների կողմից կարող են ընկալվել որպես օտար և սկիզբ տալ աուտոիմունոլոգիական ռեակցիաների։

Արյունաուղեղային պատնեշով արյունատար հունից ԿՆՀ են անցնում սննդարար նյութերը, իսկ հակառակ ուղղությամբ դուրս են բերվում կենսագործունեության արգասիքները։

Արյան մեջ գտնվող որոշ նյութեր (գլյուկոզ, հանքային աղեր և այլն) հեշտությամբ թափանցում են պատնեշով։ Պատնեշը թափանցելի է նաև ալկոհոլի, քլորոֆորմի, ստրիխնինի, մորֆինի նկատմամբ։ Մինչդեռ յոդի միացությունները, ազոտական աղերը, սալիցիլատները, հակաբիոտիկները չեն թափանցում այս պատնեշով։[6]

Արյունաուղեղային պատնեշն անթափանցելի է տարբեր հիվանդությունների հարուցիչների նկատմամբ։ Այդ պատճառով ուղեղի ինֆեկցիոն հիվանդությունները հազվադեպ երևույթ են, սակայն եթե պատահում են, ապա դժվարությամբ են բուժվում։ Այդ պատճառով շատ դեղամիջոցներ անմիջապես ներմուծվում են ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ։ Եթե արյունաուղեղային պատնեշը վնասվում է, ապա որոշ մանրէները կարող են թափանցել ԿՆՀ։[7][8]

Ուղեղի անոթները շրջապատող աստրոցիտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arthur M. Butt, Hazel C. Jones, and N. Joan Abbott (1990). "Electrical resistance across the blood–brain barrier in anaesthetized rats: a developmental study". Journal of Physiology 429: 47–62. doi:10.1113/jphysiol.1990.sp018243. PMID 9228664
  2. "About". Blood Brain Barrier. Johns Hopkins University. Retrieved 7 May 2013.
  3. Ballabh, P; Braun, A; Nedergaard, M (June 2004). "The blood–brain barrier: an overview: structure, regulation, and clinical implications". Neurobiology of disease 16 (1): 1–13. doi:10.1016/j.nbd.2003.12.016. PMID 15207256
  4. Joan Abbott, N.; Rönnbäck, Lars; Hansson, Elisabeth (2006). "Astrocyte-endothelial interactions at the blood–brain barrier". Nature Reviews Neuroscience 7: 41–53. doi:10.1038/nrn1824
  5. Raza, MW; Shad, A; Pedler, SJ; Karamat, KA (2005). "Penetration and activity of antibiotics in brain abscess". Journal of the College of Physicians and Surgeons--Pakistan : JCPSP 15 (3): 165–7. PMID 15808097
  6. Pardridge, William M. - The Blood-Brain Barrier: Bottleneck in Brain Drug Development - 2 January 2005. Retrieved 5 February 2014.
  7. Helga E. de Vries, Johan Kuiper, Albertus G. de Boer, Theo J. C. Van Berkel and Douwe D. Breimer (1997). "The Blood-Brain Barrier in Neuroinflammatory Diseases". Pharmacological Reviews 49 (2): 143–156. doi:10.1113/jphysiol.1990.sp018243. PMID 2277354
  8. Gilgun-Sherki, Yossi; Melamed, Eldad; Offen, Daniel (2001). "Oxidative stress induced-neurodegenerative diseases: the need for antioxidants that penetrate the blood brain barrier". Neuropharmacology 40 (8): 959–975. doi:10.1016/S0028-3908(01)00019-3. ISSN 0028-3908. PMID 11406187