Արբանյակային օդերևութաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արբանյակային օդերևութաբանություն, օդերևութաբանության բաժինը, որն ուսումնասիրում է մթնոլորտի ֆիզիկական վիճակը և մթնոլորտային երևույթները Երկրի արհեստական արբանյակների (այսուհետև՝ արբանյակների) միջոցով[1]։ Օդերևութաբանական արբանյակին կցվում են հատուկ սարքեր՝ ռադիոմետրեր, որոնք ընդունում են Երկրագնդի մթնոլորտի, ջրոլորտի, քարոլորտի տարբեր մակերևույթներից արձակված էլեկտրամագնիսական ճառագայթունը (էներգիայի ալիքները)։ Էլեկտրամագնիսական ալիքները տիեզերք են հասնում առանց միջավայրում (ջուր, օդ կամ այլ) փոփոխվելու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային ստեղծագործ միտքը մշտապես փնտրել է Երկրի տեսքը վերևից տեսնելու, շրջապատող աշխարհը ավելի լայն մասշտաբներով ճանաչելու և ուսումնասիրելու ուղիներ։ Մինչ 1792 թ. օդապարիկների հայտնագործումը դա հնարավոր էր միայն լեռնագագաթներից։ Օդապարիկների և արդեն 1800-ականների սկզբին՝ նկարահանող սարքի, հայտնագործումից հետո մարդիկ սկսեցին լուսանկարել օդապարիկներից։ 1906 թ. Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում նավակին կապված 17 օդապարիկների խումբը նկարեց պատմական երկրաշարժի և դրա արդյունքում բռնկված հրդեհի հետևանքները[2]։ Նոր նպատակակետը Երկրի արհեստական արբանյակի ստեղծումն էր, որը կարող էր շարունակաբար հեռադիտարկել մթնոլորտը, քարոլորտը, կենսոլորտը և ջրոլորտը։

1957 թ. Հոկտեմբերի 4-ին ԽՍՀՄ-ում Երկրի ուղեծիր դուրս բերվեց առաջին բարեհաջող թռիչք իրականացրած արհեստական արբանյակը՝ Спутник 1-ը։ Դրան հաջորդեց ԱՄՆ-ի Explorer 1-ը՝ 1958թ. Հունվարի 31-ին։

1958 թ. Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում հիմնվեց ՆԱՍԱ-ն։ 1959 թ. Փետրվարի 17-ին ԱՄՆ-ում բաց թողնվեց օդերևութաբանական սարքավորումով առաջին արբանյակը՝ Վանգարդ 2-ը, որի տվյալները, սակայն, տեխնիկական խնդրի պատճառով օգտագործման ենթակա չէին։ Explorer 7-ը առաջին հաջող օդերևութաբանական տվյալ հաղորդած արբանյակն էր։ Ամբողջությամբ օդերևութաբանական դիտարկումների համար նախատեսված առաջին արբանյակը Տիրոս 1-ն էր։ Տիրոս շարքով բաց թողնվեցին ևս 9 արբանյակներ։

1969 թ. ԽՍՀՄ-ը սկսեց Մետեոր արբանյակների թողարկումը։ Նույն թվականին ԱՄՆ-ում բաց թողնվեց Նիմբուս 3-ը, որն առաջինն էր, որ տիեզերքից զոնդարկեց մթնոլորտը[3]։

Արբանյակային օդերևութաբանությունն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր արբանյակներով մշտապես դիտարկվում են եղանակը, կլիման, համաշխարհային օվկիանոսում տեղի ունեցող երևույթները, անտառային հրդեհները, երկրաշարժերը, հրաբուխները և գրեթե ամենը, ինչ տեղի է ունենում Երկրի մակերևույթի և մթնոլորտի վերի սահմանի միջև։

Ընդամենը չորս տասնամյակում մարդը հազարավոր արբանյակներ է բաց թողել։ Ըստ NASA-ի, ներկայումս Երկրի շուրջ կան ավելի քան 2,500 արհեստական արբանյակներ։ Բացի ԱՄՆ-ից և Ռուսաստանից, օդերևութաբանական ուսումնասիրություն կատարող արբանյակներ են շահագործում Եվրոպական երկրները, Չինաստանը։

Եվրոպայում գործում են մի շարք կազմակերպություններ՝ ESA, EUMETSAT, և այլն, որոնք արհեստական արբանյակների միջոցով իրականացնում են մթնոլորտի և Երկրի մակերևույթի բազմաբովանդակ ուսումնասիրություններ՝ եղանակի, կլիմայի, բուսականության, անտառային հրդեհների, արեգակնային ճառագայթման նկատմամբ։ EUMETSAT-ը (European Organisation for the Exploitation of Meteorological Satellites)՝ Օդերևութաբանական Արբանյակների Եվրոպական կազմակերպությունը, 2021 թ.-ից նախատեսում է երրորդ սերնդի նոր արբանյակների շարք՝ MTG, որոնք կապահովեն ավելի բարձր տարածական, ժամանակային և ռադիոմետրիկ լուծաչափով տվյալներ՝ ներկա եղանակի կանխատեսումը (NWC) բարելավելու և մթնոլորտն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար[4]։

ՌԴ-ում շարունակվում է Метеор շարքի արբանյակների շահագործումը։ 2014 թ. բաց է թողնվել «Метеор-М» № 2 արբանյակը, 2019 թ. առաջին կեսին նախատեսվում է Метеор-М № 2-2[5]։

ԱՄՆ-ում ներկայումս շահագործվում են GOES-S, GOES-16/GOES East, Jason-3, Suomi NPP, DSCOVR, NOAA 20 և այլ օդերևութաբանական արբանյակները[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Герман, М. А. (1975). “Спутниковая метеорология/ Основы космических методов исследования в метеорологии”. Ленинград: Гидрометеоиздат.
  2. «What is Satellite Meteorology?». Վերցված է 11/28/2018-ին.
  3. Stanley, Thomas H., Q.Kidder, Vonder Haar. Satellite meteorology; an introduction. էջեր 2–3.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Meteosat Third Generation (MTG) is EUMETSAT's next generation of geostationary satellites, following on from earlier successful missions». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 11/28/2018-ին.
  5. «Метеор-М №2». Վերցված է 11/28/2018-ին.
  6. «Satellite and information service». Վերցված է 11/28/2018-ին.