Արամ Տեր-Ավետիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Տեր-Ավետիքյան
 
Քաղաքացիություն՝ Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Կրթություն՝ Խարկովի ազգային բժշկական համալսարան
Մասնագիտություն՝ բժիշկ և հասարակական գործիչ

Արամ Տեր-Ավետիքյան նաև՝ Արամ Տեր-Ավետիսով (), հայ բժիշկ, կոլեգիական խորհրդատու, քաղաքային խորհրդի պատգամավոր և հասարակական գործիչ։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Տեր-Ավետիքյանը և Տեր-Ավետիքյանների ամբողջ գերդաստանը հին Երևանում հայտնի անձնավորություններ են եղել: Բժշկի հայրը` Նազար Տեր-Ավետիքյանը, ռուս-պարսկական պատերազմում ռուսական զորքերին օգնություն ցուցաբերելու համար ցարական հրամանագրով, որպես պարգևատրում, ստացել էր ազնվականի տիտղոս, որը ժառանգաբար անցել էր նրա տղաներին:

Ավարտել է Խարկովի բժշկական համալսարանը։ Ունեցել է իր սեփական հիվանդանոցը Երևանում։ Բացի սեփական հիվանդանոցից, նա որպես բժիշկ է ծառայել նաև Երևանի Պուշկինյան ուսումնարանում և Արական գիմնազիայում։ Այդ ժամանակ գիմնազիայի դիմացի նոր շենքը դեռ չեր կառուցվել, և ուսումնական հաստատությունը գտնվում էր Նազարովսկայա` ներկայիս Ամիրյան 2/8 հասցեում):

Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հիվանդանոցից, ունեցել է նաև եկամտաբեր տուն։ Արամ Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տունը և հիվանդանոցը, որը գտնվում էր Երևանի արական դասական գիմնազիայի համալիրի դիմաց (Հայֆիլարմոնիայի փոքր դահլիճը գիմնազիայի հանդիսադահլիճն էր):

Բժիշկի եկամտաբեր տունը բաղկացած է եղել բնակարաններից և խանութներից: Երեք հարմարավետ բնակարաններ, ընդհանուր հաշվով տասներկու սենյակ, չհաշված օժանդակ տարածքները (նախասենյակ, խոհանոց), գտնվում էին գլխավոր առանձնաշենքում, իսկ երկու յոթ սենյականոց փոքր բնակարանները` թևաշենքերում: Գլխավոր առանձնաշենքի առաջին հարկում տեղակայված են եղել խանութները, որոնք հանձնվում էին վարձակալությամբ: Դրանց թիվը համապատասխանում էր փողոց դուրս եկող ցուցափեղկերի լայն խորշերի քանակին, որոնք տարակենտրոնացված էին կենտրոնական գլխավոր մուտքի երկու կողմում։ 1906-1911 թվականներին բնօրինակից հանված Երևանի հատակագծի վրա արձանագրված է եղել Տեր-Ավետիսովի բուժարանը:

Ներկայումս այդ շենքում գտնվում են առևտրային հաստատություններ և բանկ: Շենքը գտնվում է Հանրապետության հրապարակի մոտակայքում Աբովյան փողոցի վրա։ ներկայիս հասցեն է՝ Աբովյան փողոց 1/1, Արամի (նախկին Ցարական) և Փավստոս Բուզանդի (նախկին Բեհբութովի) փողոցների միջև ընկած հատված։

Տեր-Ավետիքյանի հիվանդանոցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Տեր-Ավետիքյանի հիվանդանոցը զբաղեցնում էր եկամտաբեր տան հյուսիս-արևելյան թևը։ Ներքին բակի տարածությունը եզրագծող բաց սրահի պարագծի ֆոնի վրա այն տարբերվում էր ապակեպատ ծածկապատշգամբով: Աստաֆյան փողոցի երկհարկանի սեփական տան շինարարությունն ավարտվել է 1914 թվականին: Շինարարության կապալառուն, և ենթադրաբար, նախագծի հեղինակը եղել է բժիշկի եղբայրը` ինժեներ և Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական, չուգունի ձուլման գործարանի համասեփականատեր, Երվանդը: Բայց հիվանդանոցն ավելի վաղ էր սկսել գործել։ 1911 թվականի թերթում արդեն հայտարարություն կար մշտական մահճակալներով հիվանդանոցի մասին:

Բացի Արամ Տեր-Ավետիքյանից (ներքին և նյարդային էլեկտրոթերապիա), այստեղ աշխատում են նաև՝ Խ. Ավետիսյանը (մանկական հիվանդություններ, քիթ, կոկորդ, ականջ), Ա. Տեր-Գրիգորյանցը (կանացի խնդիրներ, մանկաբարձություն և խորհուրդներ երեխաների կերակրման հարցերով), Կ. Տեր-Մարուքյանը (մանկական և ներքին հիվանդություններ), Ա. Մելիքյանը (վեներական և միզասեռական հիվանդություններ), Ի. Տեր-Միքաելյանցը (վիրաբուժության գծով), Ա. Զարեմբան (ակնաբուժական հարցերով), Մ. Մարգարյանը (ատամների և բերանի խոռոչի հիվանդություններ): Քաղաքային մասնավոր բժշկական հաստատություններից Արամ Տեր-Ավետիքյանի հիվանդանոցն ամենահայտնիներից էր:

Երևանի նահանգի հուշագրքում տպագրված գովազդի վրա ներկայացնված է եղել հիվանդանոցի գործառնական մասնագիտացման մանրամասն նկարագրությունը.

«Բժիշկ Ա. Ն. Տեր-Ավետիսովի բուժարան, Էրիվան, Աստաֆյան փողոց, սեփական տուն: Ամբուլատոր հիվանդների ընդունելություն բոլոր հիվանդությունների գծով բժիշկ-մասնագետների կողմից առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ը: Ստացիոնար բաժանմունքում կան ընդհանուր և առանձին պալատներ: Բուժարանում կատարվում են ամեն տեսակի վիրաբուժական, աչքի և գինեկոլոգիական վիրահատություններ:

Կան հետևյալ կաբինետները`

  • ա) էլեկտրաբուժական`բոլոր տեսակի էլեկտրականությամբ. բժիշկ Շնէի հիդրոէլեկտրական 4-խցիկանոց վաննա,
  • բ) էլեկտրալուսաբուժական` «Պոլիսոլ» վաննա, էլեկտրաաղեր ձեռքերի, ոտքերի, մարմնի համար, լուսային բիդե, լուսարձակ, Մինինի լամպ,
  • գ) բուժիչ մարմնամարզության դահլիճ: Թրթիռային մերսում: Տաք օդային ցնցուղ: Սեռական անկարությունը բուժող պրոֆեսոր Զաբլուդովսկու սարքը: Ջերմությունով բուժող սարք. դոկտոր Լինդեմանի էլեկտրաթերմերը, «Բեդաֆ» էլեկտրական երիզներ խրոնիկական հոդացավի և հոդատապի բուժման համար: «Պելվիթերմ» և «Բաշնոթերմ» սարքեր կանացի հիվանդություններ բուժելու համար.
  • դ) միկրոքիմիական` մեզի, արյան, խորխի, ստամոքսահյութի, էքսկրեմենտների, կաթի և այլ անալիզների համար: Խորհրդի համար վճարը 50 կոպեկ: Վիրահատությունները և խորհրդատվություններն ըստ համաձայնության»:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]