Արաբական աշխարհը և Հայկական հարցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արաբական աշխարհը և Հայկական հարցը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արաբական, ինչպես նաև հայկական ազգային քաղաքական միտքը, վերլուծելով Օսմանյան կայսրությունում ստեղծված իրադրությունը և սուլթանների քաղաքականությունը թուրք ժողովուրդների նկատմամբ հանգեց այն եզրակացության, որ արաբների և հայերի ազգային շահերը համընկնում են, քանի որ նրանք ունեն միևնույն համազգային խնդիրը՝ ազատագրվել դրանից։ Արաբները և հայերը միմյանց համարում էին բախտակից ժողովուրդներ։ 20-րդ դարի սկզբին քաղաքական ասպարեզ իջած արաբական զանազան կազմակերպություններն իրենց ծրագրային փաստաթղթերում, կոչերում և հայտարարություններում ճշգրտում էին իրենց դիրքորոշումը հայկական հարցի նկատմամբ՝ կապված Օսմանյան կայսրությունը վերակառուցելու և բարեփոխելու հետ։ Նրանցից առավել հստակ և արմատական դիրքորոշում ուներ Արաբ, հայրենիքի լիգան և նրա ղեկավար Նաջիբ ԱզուրիՌ. Լիգան իր կոմիտեներն ուներ Սիրիայի, Միջագետքի, Պաղեստինի, Եգիպտոսի բոլոր մեծ քաղաքներում, նաև Եվրոպայում։ 1905 թվականին «Թուրքերի կողմից ստրկացված արաբական հայրենիքի բոլոր քաղաքացիներին» ուղղված կոչում նշվում էր, որ «ամեն ոք տեսնում Է, թե ինչ աստիճանի թշվառության ու տգիտության ենք հասել ասիական կենտրոններից եկած այս բարբարոսների բռնակալության ներքո»։ Նշվում Էր նաև, որ կայսրության բնակչությանը պառակտելու համար օսմանյան իշխանությունները խառնակչություններ Են հրահրում, սրում են կրոնական հանգամանքը, շեշտում կայսրության բնակչության զգալի մասի քրիստոնյա լինելը և այդպես ձգտում նրանց հեռու պահել մերձեցումից և միավորվելուց։ Կոչում հայկական հարցի լուծման հեռանկարների կապակցությամբ ասված էր, որ թուրքերը «հավատացած լինելով, որ շուտով իրենց Եվրոպայից կվռնդեն, և որ Հայաստանը իրենց ձեռքից դուրս կգա, նրանք մեր հաշվին ուզում են ստեղծել մի ուրիշ կայսրություն»։ Լիգայի հրապարակած մեկ այլ ծրագրային (1905) կոչի մեջ ասված Էր, որ «Թուրքիայից մեր անջատման շնորհիվ, ճնշված բոլոր ազգերը՝ քրդերը. հայերը, ալբանացիները և այլն, իրենց ազատությունը պիտի ձեռք բերեն, քանի որ արաբների միջոցով Է, որ սանձահարում են ալբանացիներին և ալբանացիների ձեռքով է, որ ճզմում են բուլղարացիներին։ Դարձյալ արաբների ձեռքով Է, որ նրանք ճնշում են քրդերին և քրդերի ձեռքով է, որ ջարդում են հայերին։ Հետևաբար, հենց որ մենք լքենք սուլթանին, ամեն մի ազգ պիտի իր անկախությունը հռչակի, և աշխարհը պիտի փրկվի երկպառակության այն աղբյուրից, որ արևելյան հարց Է կոչվում»։ Նաջիբ Աղուրին հայ ազգային գործիչ Մինաս Չերազին 1905-ի ապրիլի 15-ի նամակում, բարձր գնահատելով հայերի վճռականությունը «ամբողջ ուժով օժանդակելու արաբներին թուրքական պետության դեմ» և նշելով, որ մյուս ազգություններից «առաջ հայերը մի անգամ ևս ցույց տվեցին, որ գիտակցում են մեր ընդհանուր շահերը», ընդգծում է հայերի արժանիքը, որը նրա կարծիքով, «դեռևս բավականին ճանաչված չէ»։ «Իմ կարծիքով,նշում է նա,այդ արժանիքն այն է, որ հայերը չեն վախեցել տաս տարի առաջ արթնացնել ազգային զգացմունքը ասիական ժողովուրդների մեջ թուրքչերքեզական բռնակալության դեմ, այնպես, ինչպես հույները 1Ց-րդ դարի սկզբում համարձակություն ունեցան ազդանշան տալ բալկանյան ժողովուրդներին ազատագրվելու քմահաճ փադիշահների դաժան բռնակալությունից։ Եվ թուրքերը երբեք չեն կարող ջարդերի մեջ խեղդել հայերի օրինական ձգտումները»։ Հայերի ձգտումները՝ տնօրինել սեփական ճակատագիրը իրենց հայրենիքում, արաբական քաղաքական ղեկավարները համարում էին միանգամայն օրինական և համապատասխան միջազգային իրավունքի սկզբունքներին։ Հայերի այլ արժանիքը Աղուրին համարում է նրանց ազատագրական պայքարի ազդեցությունը Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների վրա. «Հայ հերոսների արյունով թրջված հողից վեր են հառնել երկու հսկաներ՝ քրդերի հայրենիքը և արաբների հայրենիքը, որոնք հիմա բարձրացնում են իրենց ծանր մահակները՝ իջեցնելու համար բռնակալի գլխին։ Հետևաբար, պետք Է ճանաչենք և հասկանանք միմյանց և միանանք՝ հարձակվելու համար ընդհանուր թշնամու դեմ... Հայերն արդեն միացել են մեզ»։ Այդպիսով, հայկական հարցի լուծումը Արաբ, հայրենիքի լիգան և նրան համակիր ուժերը տեսնում Էին Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրք ժողովուրդների համատեղ պայքարի, կայսրության փլուզման և նրա մեջ մտնող ազգերի անկախության հռչակման մեջ։

Այս տեսակետն ընդհանուր առմամբ տիրապետող Էր ընդհուպ մինչև 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումը։ 1876 թվականի սահմանադրության վերականգնումը, եղբայրության, ազատության և հավասարության հռչակումը արաբական քաղաքական առաջնորդների մոտ պատրանքներ ստեղծեցին, թե ազգային հարցը հնարավոր է լուծել այդ սկզբունքների հիման վրա՝ պահպանելով Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Արաբ, մի շարք կազմակերպություններ, ինչպես 1908 թվականի սեպտեմբերին ստեղծված «Արաբաօսմանյան եղբայրություն» կազմակերպությունը, ընդունեցին երիտթուրքերի հռչակած պանօսմանիզմի սկզբունքը, ըստ որի գոյություն ունի ընդհանուր օսմանյան ազգային, որի մեջ մտնում են թուրքերը, արաբները, հայերը, քրդերը, հույները և այլք։ Կազմակերպության ծրագրում բացակայում էր արաբների, հայերի և մյուս ոչ թուրք ժողովուրդների անկախության պահանջը։ Ազգային հարցի լուծման նման մոտեցումը սկզբնական շրջանում այս կամ այն չափով բնորոշ Էր հեղաշրջումից հետո ստեղծված համարյա բոլոր արաբ, ազգային քաղաքական, ռեֆորմիստական, լուսավորական կազմակերպություններին։ Սակայն հեղաշրջման առաջին փուլի հետ կապված խանդավառությունը շուտով անցավ, և արաբ, առաջնորդներն սկսեցին ավելի սթափ մոտեցում ցուցաբերել ազգային հարցի, այդ թվում նաև հայկական հարցի նկատմամբ։ Դա հետևանքն էր երիտթուրքերի «ժողովուրդների եղբայրության և ազատության» մասին իրենց իսկ հռչակած սկզբունքներից հրաժարվելու, նրանց վարած շովինիստական քաղաքականության և հայերի նկատմամբ հալածանքները վերսկսելու (ջարդերը Ադանայում, 1909-ին)։ Նրանք եկան այն համոզման, որ երիտթուրքերը կայսրության ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ շարունակում են սուլթան Աբդուլ Համիդ II-ի հետադիմական քաղաքականությունը։ 1912-ին Կահիրեում հիմնված օսմանական վարչական ապակենտրոնացման կուսակցության («Լամարքազիա», մասնաճյուղեր ուներ, բացի Եգիպտոսից, նաև Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում և Իրաքում. ղեկավարն էր արաբ փիլիսոփա, սոցիոլոգ և հրապարակախոս Ռաֆիկ ալ Ազմը) ծրագրային պահանջն Էր Օսմանյան կայսրության արաբ, և մյուս ոչ թուրք, վիլայեթների վերածումը ինքնավար նահանգների՝ իրենց տեղական կառավարությամբ և նահանգային օրենսդիր ժողովներով։ Նրանց պետք է սահմանափակ իրավունք տրվեր՝ իրականացնելու արտասահմանյան կապեր։ Նման կարգավիճակ էին նախատեսում նաև հայկական վիլայեթների համար՝ դիտելով դա ստեղծված պայմաններում հայկական հարցի լուծման ընդունելի ձև։ Այն ժամանակ Օսմանյան կայսրության ապակենտրոնացման սկզբունքին դեմ չէր. և համանման բարենորոգումների պահանջով հանդես էր գալիս նաև արևմտահայությունը։

Համաարաբական միասնական քաղաքականություն մշակելու համար «Լամարքազիայի» նախաձեռնությամբ Փարիզում գումարվել է Արաբական առաջին կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև հայերի պատվիրակը, կրկին բարձրացավ հայկական հարցը և ընդունվեց հատուկ որոշում։ «Կոնգրեսը,-ասված էր այդ որոշման մեջ,հավանություն է տալիս և իր համակրանքն Է արտահայտում Թուրքիայի հայերի պահանջներին, որոնք հիմնված են ապակենտրոնացման սկզբունքների վրա, և նրանց պատվիրակի միջոցով ողջույն է հղում նրանց»։

Երիտթուրքերի ղեկավարությունը մերժեց Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների պահանջները կայսրության վարչական ապակենտրոնացման վերաբերյալ և անցավ կառավարման խիստ կենտրոնացման և ազգային ամեն մի ելույթ դաժանորեն ճնշելու հին և վարձված քաղաքականությանը։ Հենց դա պատճառ հանդիսացավ, որ արաբական ազգային ղեկավարները վերջնականապես հրաժարվեն Օսմանյան կայսրությունը բարեփոխելու սին պատրանքներից ու որդեգրեն իրենց ազատությունը և անկախությունը զինված ապստամբությամբ նվաճելու քաղաքականությունը։ Այդ տեսակետի արտահայտիչը եղավ եգիպտացի մայոր Ազիզ Ալի ալ Մըսրիի ղեկավարությամբ 1913 թվականի հոկտեմբերին հիմնված «Պատգամ» գաղտնի կազմակերպությունը, որի ծրագրային գլխավոր պահանջն էր օսմ. տիրապետության բռնի տապալումը և կայսրության ոչ թուրք ժողովուրդների ազատագրումը։

Հայկական հարցի լուծումը մինչև առաջին համաշխարհային պատերազմը արաբական գործիչները հնարավոր էին համարում, եթե ճանաչվեր արևմտահայերի ինքնորոշման իրավունքը, կամ էլ Օսմանյան կայսրության բարեփոխության, ապակենտրոնացման և արևմտյան Հայաստանին ինքնավարություն շնորհելու ուղիով։ Ցավոք, այդ երկու տարբերակներից և ոչ մեկը չիրագործվեց։ Դրա փոխարեն Օսմանյան կայսրության երիտթուրքական ղեկավարությունը 1915 թվականին իրագործեց հայերի ցեղասպանությունը՝ ղեկավարվելով «Հայկական հարցը հայերին ոչնչացնելու միջոցով լուծելու» աբդուլհամիդյան սկզբունքով։

Ինչպես վերաբերվեցին արաբական ժողովուրդը և ղեկավարությունը հայերի ցեղասպանությանը։ Երիտթուրքերը, իրենց բնօրրանից բռնի տեղահանված հայերին քշելով արաբական երկրներ, արաբ. անապատները, հավատացած էին, որ հայ գաղթականները կուլ կգնան ավազուտներին և որպես քրիստոնյաներ թշնամական վերաբերմունքի կարժանանան իսլամադավան արաբների կողմից, և, ինչպես ակնկալում էին նրանք, արևմտահայությունն իսպառ կոչնչանար։ Սակայն նրանց սպասումները չարդարացան, արաբները ձեռք մեկնեցին հայ գաղթականներին նրանց ցույց տալով հնարավոր օգնություն և աջակցություն։

Հայերի ցեղասպանության մեջ երիտթուրքերին ուղղակի մեղադրեց մուսուլմանների գլխավոր սրբավայր Սեքքայի շերիֆ (կառավարիչ) Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմին, որն իր որդիների հետ 1916 թվականին գլխավորեց օսմանյան տիրապետության դեմ ուղղված արաբ, ապստամբությունը։ Հրապարակած մանիֆեստում նա երիտթուրքերին անարգանքի սյունին գամեց կայսրության նահանգների «մուսուլման և ոչ մուսուլման բնակիչների ոչնչացման համար»։ Հուսեյնի մանիֆեստը դրական դեր խաղաց, որպեսզի արաբները ճիշտ գաղափար կազմեն հայերին ոչնչացնելու երիտթուրք. քաղաքականության մասին։

Բազմաթիվ են այն դեպքերը, երբ արաբ պաշտոնյաները, ստանալով թուրք, կառավարության հրամանը՝ ոչնչացնել իրենց ենթակա տարածքով անցնող կամ այնտեղ գտնվող հայ գաղթականներին, հրաժարվել են կատարել այդ անմարդկային կարգադրությունները։ Այդպես է վարվել Դեյր էզ-Զորի արաբ կառավարիչ Սաիդ Հաքիմը, որը ոչ թե սպանեց հայերին, այլ կառուցեց ժամանակավոր տնակներ հայ գաղթականներին, մանավանդ որբերին պատսպարելու համար՝ ապահովելով նրանց նաև անհրաժեշտ սննդով (դրա համար նա հեռացվել է պաշտոնից), Դիարբեքիրի նահանգի Ալ Բաշիրիի շրջանի արաբ կայմակամ Ալ Բաղդադի Աբդ ալ Սուվեյդին, որը, ստանալով թուրք, կառավարության՝ հայերին սպանելու հրամանը, հեռագիր Է ուղարկել Ստամբուլ, որ «իր խիղճը թայլ չի տալիս իրեն նման գործ կատարել», և ներկայացրել է իր հրաժարականը։ Հրաժարականն ընդունվել է, բայց շուտով նրան սպանել են թուրք զինվորները, որպեսզի դա դաս ծառայեր մյուս անհնազանդ արաբներին։ Շատ ազնիվ եղան Սոսուլի արաբ երեվելիները։ Մոսուլի կառավարիչը, երիտթուրքական կառավարության՝ հայերին ոչնչացնելու խիստ հրամանը ստանալով, հրամանը կատարելու փոխարեն հրավիրել Է Մոսուլի աչքի ընկնող արաբ դեմքերին՝ խորհրդակցելու և համապատասխան որոշում ընդունելու համար։ Միաձայն որոշվել է մերժել կառավարության պահանջը՝ հայտարարելով, որ «իրենց խիղճը թույլ չի տալիս, որ իրենց ձեռքերը թաթախեն հայերի արյան մեջ»։ Դրա շնորհիվ փրկվեց շատ հայերի կյանք։ Արաբ, կրոնական գործիչ Աբդալլահ Մուսաին Համայում (Սիրիա) չորս ամսվա ընթացքում տներ է կառուցել հայ որբ երեխաների համար՝ նրանց ապահովելով սննդով և հագուստով։ Եգիպտոսի ղեկավարությունը ապաստան տվեց Մուսա լեռան հայ դյուցազուններին և նրանց ընտանիքներին։

Հայ վերապրողները մեծ երախտագիտությամբ են հիշում արաբ հասարակ մարդկանց, որոնք, ուշադրություն չդարձնելով թուրք ավազակախմբերի սպառնալիքներին, ջանում էին սնունդ և ջուր տալ իրենց բնակավայրերով անցնող հայ գաղթականներին, օգնել նրանց ինչով կարող էին։ Հաճախ էլ հայ մայրերը նրանց էին վստահում իրենց երեխաներին, որպեսզի փրկեն մահվան ճիրաններից և թուրք, զինվորների գազանություններից։

Արաբական ժողովրդի բարության շնորհիվ տասնյակ և տասնյակ հազարավոր հայեր փրկվեցին անխուսափելի ոչընչացումից և ապաստան գտան արաբ, երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Հորդանանում, Եգիպտոսում։ Հայերն էլ իրենց հերթին առիթը բաց չեն թողել հայտնելու իրենց երախտագիտությունը արաբներին՝ նրանց ցուցաբերած մարդասիրության համար։ 1919 թվականի մայիսին Դամասկոսի քաղաքային սրահում տեղի ունեցավ Հուսեյնի որդի էմիր Ֆեյսսղի, որը գլխավորում էր արաբների ապստամբական բանակը Սիրիայում, հանդիպումը արաբ, ղեկավար գործիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր և ելույթ ունեցավ նաև Սիրիայում հաստատված հայ գաղթականների ներկայացուցիչը։ Նա. ողջ հայության անունից շնորհակալություն հայտնելով արաբներին ցեղասպանության ժամանակ նրանց բռնած ազնիվ դիրքի համար, նշեց, որ «հայերի պատմության մեջ արաբների անունը կգրվի ոսկե տառերով»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png