Ավետիք Չթչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետիք Չթչյան
Ի ծնեԱվետիք Մկրտչի Չթչյան
Ծնվել էհուլիսի 23, 1962(1962-07-23)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 28, 2012(2012-06-28) (49 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ավետիք Մկրտչի Չթչյան (հուլիսի 23, 1962(1962-07-23), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 28, 2012(2012-06-28), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Չթչյանը ծնվել է 1962 թվականին Գյումրիում: 1979-1983 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում, 1986-1992 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում, Էդուարդ Իսաբեկյանի արվեստանոցում: 1994 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Մասնակցել է խմբակային  ցուցահանդեսների հանրապետությունում և արտասահմանում՝ Երուսաղեմ (1992 թվական ), Ստոկհոլմ (1993), Բեյրութ (1994), Փարիզ (1995)  «Արտ-էքսպո» Նյու Յորքում (2004): 2008 թվականին մասնակցել է «Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի 100-ամյակին նվիրված» ցուցահանդեսին, 2009 թվականին՝ «Ծնունդդ շնորհավոր ԵՐԵՎԱՆ» ցուցահանդեսին:

Անհատական  ցուցահանդես է ունեցել Բեյրութում (1995)[1]:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի ընտրած հիմնական ժանրը նատյուրմորտն է: Իր ստեղծագործական կարճ ուղու ընթացքում նա անդրադարձել է անշուշտ  և' դիմանկարին, և' մյուս ժանրերին ևս, սակայն այսօր Ավետիք Չթչյանի անունը կապվում է առաջին հերթին նատյուրմորտի ժանրի հետ: Նատյուրմորտը նկարչի համար լոկ առարկայական աշխարհի արծարծումը չէ, այլ այդ աշխարհի և մարդու փոխկապակցվածության, այլ ոչ թե իրարամերժության մասին խոսելն է: Աշխատանքի ընթացքում նկարիչը գնում է արտաքին տեսքից դեպի էություն, ինչը մշտապես ներկա է և զգալի նրա ստեղծագործություններում: Ահա այս է, որ ակնառու է մշտապես և հմայում է դիտողին: Նյութական աշխարհի ներդաշնակությունը պատկերելու հասնելու ձգտումը, թերևս, երբեք նրան չի լքել:  Կարևորն այն է, որ այդ գործում արվեստագետը դիմել է սիմվոլների  լեզվին: Կերպարվեստում սիմվոլներին դիմելու փորձված միջոցը այս նկարչի մոտ անհատական դրսևորումներ է ձեռք բերել:

Նատյուրմորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատյուրմորտի ժանրում Չթչյանի առաջին և ակնառու ստեղծագործություն-հիմնաքարն է հանդիսանում նկարչի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի 1992 թվականի «Անաստվածներ» եռանկար դիպլոմային աշխատանքը: Առաջին անգամ Գեղարվեստաթատերական ինստիտուտի պատմության ընթացքում որպես դիպլոմային աշխատանք ներկայացվեց վերոնշյալ ստեղծագործությունը, որը ոչ թե տրորված և բազմիցս օգտագործված նատյուրմորտային թեմա էր, այլ  առաջին և բավականին խիզախ քայլ այդ ասպարեզում: Եռանկարում առաջին հայացքից ներկայացված է բավականին արծարծված թեմաներ և առարկայական ներկայացման ձևեր: Բայց դա ընդամենն առաջին հայացքից: Երբ նկարիչների միությունում անցկացվող դիպլոմային աշխատանքների ցուցադրության ժամանակ հայ գեղարվեստի պրոֆեսիոնալներին և սիրողական զանգվածին ներկայացվեց «Անաստվածներ» եռանկարը, երևույթը դիտվեց որպես հեղափոխություն հայկական նատյուրմորտի ասպարեզում՝ իր ձևի, բովանդակության, կյանքի փիլիսոփայության, քրիստոնեության, կյանքի հավերժականության, ժամանակի շարունակականության, սիրո և հավատի մի ամբողջ աշխարհ:

Խորհրդավոր ընթրիքի առարկայական պատկերում, Ղարսի եկեղեցու վնասված խաչից  Քրիստոսի խաչելությունը, անաղարտ սպիտակի վրա և խաչելությունից հետո... տախտակ՝ «Հիսուս Քրիստոս հրեաների թագավոր», խաչելության երեք գամեր և փշեպսակ: Մարդկային կյանքի, նրա հավատամքի, մարդկության մեղքերի համար խաչված Քրիստոսի և եզրափակիչ փուլ: Գամեր, տախտակ և ուտեստի մնացորդ: Առօրյա կյանքի, մարդկային հավատամքի և արդյունքում մնացածի կյանքի փիլիսոփայության թեմաների մի ամբողջ տիեզերք: Եվ այս ամենը ներկայացված ընդամենը մի եռանկարում: Եվ այս համարձակ մտահղացման հեղինակը Գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտող ուսանողի դիպլոմային աշխատանքն է: Շատ մեծ խորհուրդ կա եռանկարի մեջ և ցանկացած դիտող՝ դա կլինի պրոֆեսիոնալ և վաստակաշատ նկարիչ թե արվեստաբան, թե ուղղակի արվեստասեր յուրովի են ընկալում  և մեկնաբանում  այդ եռանկարը և ամենահետաքրքրականն այն է, որ ցանկացած նման խմբի եզրակացությունը կամ կարծիքը հնչում են որպես այդ նկարի իրական բովանդակության արտացոլման ամբողջականությունը: Բոլոր խմբերն էլ ճիշտ են և լրացնում են միմյանց, առանց մեկը մյուսին բացառելու: Եվ բոլորը միաբերան՝ մտքի մեջ թե բարձրաձայն, հաստատում են մի մեծ միտք. սա հեղափոխություն է: Եռանկարը ծառայեց որպես Ավետիք Չթչյանի արվեստի հիմնաքար և ուղեկցեց Ավետիք Չթչյան-նկարչի ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում, և ոչ միայն ստեղծագործական: Դա նաև նկարչի մարդկային էության, ստեղծագործողի, քրիստոնեական կրոնի հետևորդի, ընկերոջ և Մարդու ամբողջական կերպարի արտահայտումն է:

Բնանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Չթչյանը բնանկարով ավելի սիստեմատիկ էր զբաղվում, քան մի այլ ժանրով և ամեն տարի նկարում էր 25 բնանկար, իսկ ընդամենը նկարել է մոտ 400-ից ավելի: Եվ բնանկարային այս ժառանգությունը պահպանվելով գրեթե ամբողջովին՝ հնարավորություն է տալիս հետևել նկարչի զարգացման ամբողջ ուղուն այս ասպարեզում: Ահա թե ինչու Չթչյանին բացառապես բնանկարիչ չհամարելով հանդերձ՝ այնուամենայնիվ մեծ ուշադրություն պետք է դարձնել նկարչի այդ ասպարեզում կատարած աշխատանքներին, և ամենից առաջ նշել այն ավանդը, որ նա ներդրել է նաև հայկական բնանկարային նկարչության մեջ:  

Բնություն, հայրենի հող, սրանք էին Ավետիք Չթչյանի ոգեշնչման հավերժական աղբյուրները: Դա այն աշխարհն էր, որտեղ նա իրեն մի մասնիկն էր զգում և որի հետ նա կապված էր, ինչպես ծառը իր արմատին:

Վայրի ծաղիկների շարքն Ավետիք Չթչյանին ուղեկցել է իր ողջ կյանքի ընթացքում: Նա նկարում էր ինչպես իր շրջապատի ամենապարզ ծաղիկները, այնպես էլ իր նատյուրմորտներում անդրադառնում էր աստվածաշնչյան ծաղիկներին՝ հիրիկ, շուշան, պիոններ, խոլորձ  և իհարկե վարդեր: Կակաչների համար նա մշակել էր ժամանակացույց, թե երբ պետք է մեկնի Բյուրական՝ դրանք նկարելու: Նրա նկատած յուրաքանչյուր կակաչը լեցուն էր  կյանքով՝ շնորհիվ կարմիր թերթերի և սև միջուկների կոնտրաստի:

Չթչյանի 2000-ականների բնանկարները մի նոր ու նշանակալից փուլ են՝ հայրենի բնությունը պատկերող նկարչի առանց այն էլ հարուստ ու բազմազան ստեղծագործության մեջ: Ուշ շրջանի աշխատանքներում երևան է գալիս իր ողջ խորությունն ու թափը: Առանձնապես ցայտուն են վայրի ծաղիկները բնանկարներում, որը նկարչի թերևս ամենակատարյալ ստեղծագործությունն է: Նկարչին հատուկ թափով և լիաբուռն զգացմունքներով «Վայրի ծաղիկ» բնանկարում, դեպի խորքերն են ձգվում  ծաղիկների շարքերը, վերևում խաղաղ երկինքն է: Ավետիք Չթչյանը ծաղիկներ նկարելիս ընտրում էր բնության «ամենավայրի», գունառատ ծաղիկները:

Ընկալման անաղարտություն կա «Անթառամ ծաղիկներ» բնանկարում: Բնության մեջ տեսած ծաղիկների պարզ ընդօրինակություն չէ սա: Մեր առջև նոր ծաղիկներ են, չթչյանական ծաղիկներ: Արդեն գոյություն ունեցող ծաղիկներին նույնպիսի ծաղիկներ ավելացնելը նշանակում է ոչինչ չավելացնել, մինչդեռ օգտվելով բնությունից՝ ստեղծել նոր, արտասովոր ծաղիկներ, գեղանկարչական խնդիր է:

Այս բնանկարը դիտելիս այնպիսի զգացողություն է առաջանում, որ կարծես հողից դուրս հորդացող ծաղիկներն անվերջանալի են, իբրև մի դյութական սիմֆոնիկ երաժշտության հնչյուն, գեղատես ծաղիկները հորդում են ու հորդում, նրանց ռիթմիկ շարժումները ներդաշնակում են կտավով մեկ ծաղկեփնջի ֆոնի վրա տարածվող և ծաղիկների «ձայնը» դեպի անսահմանություն տանող:

«Ամբերդ  ամրոց-բերդաքաղաքը» գործում կանաչ, դարչնագույն-երկնագույն տոներից կազմված հագեցած ու թանձր գունային գամման, հավաք կոմպոզիցիան, ծառերի կլորավուն սաղարթների, տեղանքի ռելիեֆի, ճարտարապետական հին հուշարձանի պլաստիկական ձևերի հերթականության սահուն ռիթմը, նպաստում են խոհուն տրամադրություն հաղորդելուն: Նկարիչը փորձել է ստեղծել Հայաստանի ամենաազդեցիկ անկյուններից մեկի կերպարը: Նա բնությունն ընկալել  է սեփական աչքով ու մտքով, ուստի և նրա միջոցով կարողացել է արտահայտել սեփական ապրումները: 

Ծովանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչական էֆեկտը հաճախ է ուղեկցում Չթչյանի ծովանկարներին, լինի դա կոմպոզիցիայի կամ գույնի, լույսի ու ստվերի հակադրումների միջոցով: Բայց այդ էֆեկտները իսպառ զերծ են դեկորային ինքնանպատակ շլացումներից. դրանք միշտ նպատակային են, համոզիչ, ճշմարտացի, մնալով որպես գեղարվեստական արժեք:

Այդպիսին էր նախորդ գործը, այդպիսին է և վերջինը, որում ազդեցություն են առաջացնում առաջնային պլանում ստեղծած գոգավորությունները, բլրանման զանգվածները, դրանց մակերևույթին գալարվող ջրի փրփուրներով, որոնք ջրի շարժման տպավորություն են ստեղծում: Այդպիսի էֆեկտների բանիմաց, նպատակային օգտագործումով է, որ Չթչյանի ծովը  թվում է շարժման մեջ: Պատկերին հանդիսավորություն է տալիս կիսով չափ ամպամած  երկինքը, որտեղից  արևի շողերը ճառագայթել են ծովի վրա: Չթչյանը վիրտուոզ կերպով է տվել ջրի վիթխարի զանգվածի առարկայական պատրանքը, ջրի անզուսպ շարժման առաձգականությունը, ալիքների մակերևույթին գոյացած փրփուրների ժանեկանման հյուսվածքները, ափից ետ սողացող ջրի բնական ընթացքը, փրփրակալած մանր ալիքները: Այս բազմատարր ծովանկարում ամեն ինչ  մտածված է, տեղադրված տարածական ճշտությամբ, որի հարցում Չթչյանը բծախնդիր է: Գեղանկարչական բոլոր խնդիրները՝ առարկաների ֆակտուրային զանազանությունը, լուսավորության օգտագործումը՝ համապատասխան օրվա պահին, եղանակին, առարկաների գունափոխությունները՝ համաձայն միջավայրին, արտացոլումներին, մշակման ավարտվածությունը, և վերջապես բնության մեջ թաքնված տրամադրության բացահայտումը, որը նրա համար պարտադիր նախապայման է, գտնվում է պատշաճ մակարդակի վրա: Գրեթե բոլոր ծովանկարներում Չթչյանը բացառիկ ուշադրություն է նվիրում առաջին պլանի ներկայացմանը, հասցնելով այն ավարտական վերջնական աստիճանի:

Չթչյանի ծովանկարների կոլորիտն ավելի մեղմ է, մոտ արծաթամոխրավունին: Ըստ երևույթին դա թելադրված է եղել տեղանքի աշխարհագրական պայմաններով: Մի  քանի գործերում ծովային տեսարանները ուղեկցվում են ծովափնյա ժայռերով:  Բայց, ի տարբերություն նախորդ տարիների նույնատիպ գործերի, սրանց մեջ նկարչի ուշադրության գլխավոր առարկան ոչ թե ծովն է, այլ ցամաքային հատվածը, որոնց գեղանկարչական մշակումը չի զիջում ծովանկարներին: Այդպիսի պատկերներում ծովը մնում է որպես հարակից տարր: Այդպիսին է «Իմ սիրելի Շորժան»: Դա ծովափի  մի հատված է, երեք կողմից շրջափակված խորդուբորդ, անանցանելի ժայռերով, որտեղ  գերիշխող է  մուգ զանգվածային առարկայական տպավորությունը: Նույնիսկ ծովի նեղ շերտը հնչում է որպես կապույտ ֆոն, շեշտելով ժայռերի դեղնասրճավուն կոլորիտը: Գեղեցիկ տպավորություն է թողնում նրբերանգ կոլորիտով երկինքը: Արտացոլման կիրառումը նկատվում է մեծ մասամբ ժայռերի մշակման մեջ, որոնք նկարված են գույների բազմահարուստ ներկապնակով, հարազատ մնալով և' բնությանը, և' գեղեցիկի սկզբունքին: Գեղեցիկի զգացողությունը և պահանջը միշտ ուղեկցել են Չթչյանի ստեղծագործություններին մեծ մասամբ իրենց նրբագեղ կոլորիտով:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Չթչյան Ավետիք | armeniaculture.am»։ www.armeniaculture.am։ Վերցված է 2016-12-09