Աշվագհոշա (սանսկրիտ՝ अश्वघोष, 80 - 150[1])), հնդիկ բանաստեղծ, թատերագիր, բուդդայական պատրիարք, բուդդայականության քարոզիչ։ Գրել է դասական սանսկրիտով[2]։ Համարվում է սանսկրիտով ստեղծագործած առաջին թատերագիրը և Կալիդասային նախորդած ժամանակաշրջանի հնդիկ մեծագույն բանաստեղծը։ Ըստ ավանդության ապրել է Կանիշկա թագավորի (I դար) օրոք, եղել նրա խորհրդականը[3]։
Գրել է էպիկական, դրամատիկական և քնարական ստեղծագործություններ։ Գլուխգործոցը «Բուդդհաչարիաթա» պոեմն է, ուր ներկայացվում է Բուդդայի կյանքը։ Պոեմը հարուստ է պալատական կյանքի, բնության գունեղ պատկերներով։ Բուդդայական փիլիսոփայության մի շարք դրույթներն են շարադրված Աշվագհոշայի «Սաունդարանանդա» պոեմում։ Գրել է նաև «Շարիփութրաքարանա» ժողովածուն, որը մեզ է հասել չինարեն թարգմանությամբ։ Այնտեղ ամփոփված են խրատական բնույթի արձակ ու չափածո լեգենդներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 488)։