Անտե Ստարչևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտե Ստարչևիչ
խորվ.՝ Ante Starčević
Ante Starčević portrait.jpg
Ծնվել է մայիսի 23, 1823(1823-05-23)[1]
Ծննդավայր Վելիկի Ժիտնիկ, Ավստրիական կայսրություն
Մահացել է փետրվարի 28, 1896(1896-02-28)[1] (72 տարեկանում)
Մահվան վայր Զագրեբ, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա
Կրթություն Պեչի համալսարան
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[2]
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն Իրավունքների կուսակցություն
Ante Starčević Վիքիպահեստում

Անտե Ստարչևիչ (խորվ.՝ Ante Starčević, 23 մայիսի, 1823, Ժիտնիկ, Գոսպիչ – 28 փետրվարի, 1896, Զագրեբ), խորվաթական ծագմամբ ավստրո-հունգարացի քաղաքական գործիչ, հրապարակախոս և գրող: Խորվաթիայի անկախության համար մղված պայքարի ակտիվ գործիչ, Խորվաթական իրավունքի կուսակցության հիմնադիրներից մեկը: Գրել է սերբախորվաթերենի էկավյան բարբառով (ներկայում էկավյան բարբառն օգտագործվում է բացառապես Սերբիայում)[3]՝ միաժամանակ ձգտելով նրան, որ միասնական լեզու ստեղծվի էկավյան բարբառի հիման վրա:

Քաղաքական գործունեությունից բացի հայտնի է նաև որպես հրապարակախոս և խորվաթական նացիոնալիզմի տեսաբան: Ժամանակակից Խորվաթիայում հաճախ կոչվում է «հայրենիքի հայր» (խորվ.՝ otac domovine):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտե Ստարչևիչը ծնվել է 1823 թվականի մայիսի 23-ին: 1845 թվականի աշնանն ավարտել է գիմնազիա Զագրեբում, ապա սեմինարիա Սենում, ինչից հետո աստվածաբանություն է սովորել Պեշտում (ներկայում Բուդապեշտի մաս): 1846 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի պատվավոր աստիճան Պեշտի համալսարանում[4]: Դրանից հետո նա որոշել է հրաժարվել հոգևորականի գործունեությունից ու նվիրվել քաղաքականությանը՝ տարվելով Խորվաթիայի անկախության գաղափարներով: Փորձել է աշխատանքի անցնել Զագրեբի համալսարանում, սակայն չի հաջողվել: Շրամում աշխատել է փաստաբանական գրասենյակում մինչև 1861 թվականը, երբ ընտրվել է Ռիեկայի ժուպանիայի գլխավոր նոտար, ինչպես նաև Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր:

1861 թվականի հունիսի 26-ին պատգամավոր Էվգեն Կվատերնիկի հետ միասին Խորհրդարանի նիստում ներկայացրել է Հաբսբուրգյան միապետության կազմում Խորվաթիային լայն ինքնավարության իրավունքներ տալու ծրագիր (այդ ժամանակ Խորվաթիան բաժանված էր մի քանի մասի): Այդ օրն ընդունված է համարել Խորվաթական իրավունքի կուսակցության հիմնադրման օր:

1862 թվականին Անտե Ստարչևիչի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են և նա մեկ ամիս գտնվել է կալանքի տակ որպես «գոյություն ունեցող կարգի հակառակորդ»: Կրկին Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 1865 թվականին Զագրեբի հինգերորդ շրջանի կողմից, իսկ 1871 և 1878 թվականներին՝ Ռիեկայի կողմից:

Ստարչևիչը, ի տարբերություն իր ժամանակի մի շարք խորվաթ հայտնի գործիչների (օրինակ՝ Յոսիպ Ելաչիչ), Հաբսբուրգյան միապետությունը համարում էր ոչ թե խորվաթ ժողովրդի պաշտպան ընդդեմ հունգարացի նացիոնալիստների, այլ Խորվաթիայի անկախության հակառակորդ: Նա հանդես է եկել նաև եկեղեցու դիրքորոշման դեմ, որին մեղադրում էր բնակչության հետամնացության ու օտարերկրացիներին (ավստրացիներին ու հունգարացիներին) ծառայելու մեջ: Նա կարծում էր, որ խորվաթ ժողովրդի ինքնիշխանությունը իր գործն է, ոչ թե միապետի «աստվածային կամքի»: Ֆրանսիական հեղափոխության գաղափարների ազդեցությամբ Անտե Ստարչևիչը պայքարել է ֆեոդալիզմի վերապրուկների դեմ ու հասարակական կյանքի դեմոկրատացման համար: Քաղաքականության մեջ նա իր հույսը կապում էր քաղաքացիների, ունևոր գյուղացիների ու մտավորականության հետ: 19-րդ դարի երկրորդ կեսին Անտե Ստարչևիչը եղել է քաղաքացիական իրավունքերի ու քաղաքական ազատությունների ընդլայնման համար հետևողականորեն պաքարողներից մեկը:

1863 թվականին Անտե Ստարչևիչը ձերբակալվել է, իսկ բանտից ազատվելուց հետո կրկին աշխատել է Շրամի վարչությունում մինչև 1871 թվականի հոկտեմբեր: Ռակովիցեում Կվատերնիկի ապստամբությունից հետո Անտե Ստարչևիչը կրկին ձերբակալվել է, իսկ Խորվաթական իրավունքի կուսակցությունը ցրվել է: 1878 թվականին Ստարչևիչն ընտրվել է Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև իր մահը 1896 թվականին:

Իր աշխատություններում Անտե Ստարչևիչը պրոպագանդել է հակասեմականությունը, ռասիզմն ու սերբոֆոբիան[5][6]: Հունգարիայի օրինակով նա ձևակերպել է «խորվաթական քաղաքական մեկ ժողովրդի» գոյության գաղափարը: Ստարչևիչը նաև հեղինակել է «Աստված ու խորվաթները» տեսությունը, ինչը նշանակում էր, թե այն հողերում, որոնք ինքը համարում էր խորվաթական, իշխում են միայն Աստված ու խորվաթ ժողովուրդը: Իր աշխատություններում նա կարևորել է հռոմեա-կաթոլիկական եկեղեցու դերը ներգաղթած սերբերի՝ խորվաթներին ձուլվելու գործում[7]:

Բոսնիացի մուսուլմաններին Ստարչևիչը վերաբերվում էր մեծ հարգանքով՝ նրանց համարելով «ամենաազնվաբարո ազնվականությունը, որ երբևէ տեսել է Եվրոպան», որոնք ոչ մի ընդհանրություն չունեն «թուրքական մուսուլման ցեղերի հետ»[8]: Այդ դիրքորոշումը զուգակցվում էր նրա ուժեղ սերբոֆոբիայի հետ: Ստարչևիչը պնդում էր, թե իբր գոյություն չունի սերբ ազգ, իսկ սերբեր կոչել են եկածներին (առաջին հերթին գերիներին ու ստրուկներին)[8]: «Սերբ» բառը նա ծագած էր համարում լատիներեն «servus» (ստրուկ) բառից[9]:

Իր կտակի համաձայն՝ Անտե Ստարչևիչը թաղվել է Սուրբ Միրկայի եկեղեցում: Նրա հուշարձանն ստեղծել է խորվաթ հայտնի քանդակագործ Իվան Ռենդիչը:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ustavi Francezke», Zagreb 1889.
  • «Djela, Knjiga I—III», Odbor Kluba Stranke prava, Zagreb 1893. — 1894.
  • «Iztočno pitanje», Zagreb 1899.
  • «Naputak za pristaše Stranke prava», Zagreb 1900.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119559013 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. A.Starčević: Izabrani politički spisi, Golden Marketing-Narodne novine, Zagreb, 1999.
  4. Hrvatska misao: smotra za narodno gospodarstvo, književnost i politiku, 1902, Godina 1, Odgovorni urednik Dr. Lav Mazzura, Tiskara i litografija Mile Maravića — Milan Šarić: Život i rad dra Ante Starčevića — stranica 133 — Tadanji biskup senjski, Mirko Ožegović, pošalje ga u sjemenište u Budimpeštu, gdje je Ante uz bogoslovne nauke slušao filozofiju i slobodne znanosti. Pošto je položio stroge ispite u filozofiji i slobodnim znanostima bio je već 1846. promoviran na čast doktora filozofije.
  5. Васильева, Нина, Гаврилов, Виктор. Балканский тупик ? Историческая судьба Югославии в XX веке. — М.: Гея Итэрум, 2000. — С. 81. — ISBN 5855890635
  6. Беляков, Сергей. Усташи: между фашизмом и этническим национализмом. — Екатеринбург: Гуманитарный университет, 2009. — С. 95. — ISBN 5774101153
  7. Филимонова А.И. Босния и Герцеговина // Югославия в XX веке: очерки политической истории / К. В. Никифоров (отв. ред.), А. И. Филимонова, А. Л. Шемякин и др. — М.: Индрик, 2011. — С. 89. — ISBN 9785916741216
  8. 8,0 8,1 Беляков С.С. Становление и развитие идеологии хорватского этнического национализма: конец 50-х - начало 80-х гг. XIX в. // Вопросы всеобщей истории. - 2008. - Т. 10. - С. 77
  9. Беляков С.С. Становление и развитие идеологии хорватского этнического национализма: конец 50-х - начало 80-х гг. XIX в. // Вопросы всеобщей истории. - 2008. - Т. 10. - С. 78

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ante Starčević: «Književna djela» Matica hrvatska Zagreb 1995.
  • Mirjana Gross: Izvorno pravaštvo
  • Mirjana Gross: «Povijest pravaške ideologije» Institut za hrvatsku povijest Zagreb 1973.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]