Անվայլեր ամ Թրիֆելս (գերմ.՝ Annweiler am Trifels), քաղաք Գերմանիայում՝ Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Հարավային Վայնշտրասե շրջանում, Քվայխ գետի ափին, Լանդաուից 12 կիլոմետր դեպի արևմուտք։ Նույնանուն համայնքային միվորման կենտրոնն է։ Զբաղեցնում է 39,87 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6 889[2]։ Պաշտոնական կոդը՝ 07 3 37 501: Երկաթուղային կայարան Լանդաու-Սաարբրյուկեն երկաթգծի վրա։
Անվայլերի տնտեսության գլխավոր ճյուղը զբոսաշրջությունն է։ Քաղաքի տեսարժան վայրերից հիշարժան է հատկապես մերձակա Զոննենբերգ սարի վրա փռված Թրիֆելսի ամրոցի ավերակները. այս ամրոցը նշանավոր է նրանով, որ նրա զնդանում 1193 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 19-ը բանտարկված է եղել Ռիչարդ Առյուծասիրտը[3]։
Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանի 1911 թվականի հրատարակությունում Անվայլերի շրջակա տարածքը ներկայացված է որպես "Pfälzer Schweiz"[4]: