Աննաբել Լի (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Աննաբել Լի»-ի վերջնական տարբերակը, 1849 թվական

«Աննաբել Լի», ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի վերջին ամբողջական բանաստեղծությունը[1]: Ինչպես Պոյի բանաստեղծությունների մեծ մասում, այնպես էլ այստեղ հիմնական թեման գեղեցիկ կնոջ մահն է[2]: Հեղինակը սիրահարվել է Աննաբել Լիին, երբ նրանք երկուսն էլ դեռ երիտասարդ էին: Նրանց սերն այնքան ամուր է, որ անգամ հրեշտակներն են նախանձում: Հեղինակը հավատարիմ է մնում իրենց սիրուն անգամ Աննաբելի մահվանից հետո: Կան մի շարք վարկածներ, թե ով է եղել իրականում «Աննաբել Լի»-ի ոգեշնչման աղբյուրը: Ամենահավանական տարբերակը Պոյի կին Վիրջինիա Էլիզա Քլեմ Պոն է: Բանաստեղծությունը գրվել է 1849 թվականին, սակայն հրապարակվել է միայն Պոյի մահվանից հետո` նույն տարում:

Համառոտագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծության հեղինակը նկարագրում է իր` Աննաբել Լիի նկատմամբ ունեցած սերը, որը սկսել է տարիներ առաջ ծովափնյա թագավորությունում: Չնայած որ նրանք երիտասարդ էին, այդ սերն այնքան անսահման և անկեղծ էր, որ նույնիսկ հրեշտակներն էին նախանձում: Այդ պատճառով է, որ հեղինակը հավատացած է, թե սերովբեները Աննաբելի մահն են հրահրել: Նույնիսկ մահվանից հետո նրանց սերն այնքան ամուր է, որ դուրս է տարածվում գերեզմանի սահմաններից, և հեղինակը համոզված է, որ իրենց հոգիները հավերժ կապված են: Ամեն գիշեր նա երազում Աննաբել Լիին է տեսնում և պատկերացնում նրա պայծառ աչքերը` երկնքի աստղերին նայելիս: Ամեն գիշեր նա պառկում է Աննաբելի կողքին` նրա շիրիմի մոտ:

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Պոյի շատ բանաստեղծություններ, օրինակ «Ագռավը», «Ուլյալում»-ը, «Նրան, ով դրախտում է», «Աննաբել Լի»-ն էլ շարունակում է հեղինակի սիրելի թեման` գեղեցիկ կնոջ մահը[2]: Ըստ Պոյի՝ դա «աշխարհի ամենապոետիկ թեման է»[3]: Աննաբել Լիի հերոսուհին էլ ծանր հիվանդ է և ամուսնանում է երիտասարդ տարիքում[4]: Բանաստեղծության հիմնական գաղափարը իդեալական սերն է, որը զարմանալիորեն ամուր է: Ի դեպ, հեղինակի արարքները ցույց են տալիս, որ նա ոչ միայն սիրում է Աննաբելին, այլև պաշտում է նրան անգամ մահվանից հետո[5]: Հեղինակը խոստովանում է, որ ինքն ու Աննաբել Լին դեռ երեխաներ էին, երբ միմյանց սիրահարվեցին[6]: Նա անընդհատ կրկնում է, որ հրեշտակներն էին մեղավոր Աննաբելի մահվան մեջ` այդպիսով փորձելով բացատրել, միգուցե անգամ արդարացնել կորստի սարսափելի ցավը[6]:

Ի տարբերություն «Ագռավը» բանաստեղծության, որում բանաստեղծը չի հավատում, որ երբևիցե կմիանա իր սիրեցյալի հետ, Աննաբել Լիում նշվում է, որ նրանք կրկին միասին կլինեն, քանի որ «ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ խավարի դևերը չեն կարող բաժանել» նրանց հոգիները:

Բանաստեղծական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աննաբել Լի»-ն բաղկացած է վեց ստանցաներից, երեքը ներառում է վեց տող, մեկը` յոթ, երկուսը` ութ[2]: Իսկ հանգերը տարբեր հատվածներում տարբեր են: Չնայած որ ստեղծագործությունն այդքան էլ բալլադի տեսք չունի, Պոն հենց այդպես էր անդրադառնում դրան[7]: Ինչպես բալլադում, այնպես էլ այստեղ որոշ բառեր և արտահայտություններ կրկնվում են` բանաստեղծությանը ավելի հուզիչ և ողբերգական երանգներ հաղորդելով[2]: «Լ» տառը շատ հաճախ է հանդիպում Պոյի ստեղծագործությունների կանացի կերպարների անվանումներում, օրինակ` «Լինոր»-ում, «Ուլյալում»-ում և այլուր[8]:

Ոգեշնչման աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինիա Էլիզա Քլեմ Պո

Հայտնի չէ, թե իրականում ո՞վ է Աննաբելի Լիի կերպարի նախատիպը[9]։ Կենսագիրներն ու քնադատնները նշում են, որ Պոյի՝ գեղեցիկ կնոջ մահվան թեման հաճախակի օգտագործելը կապված է նրա հետ, որ նա կորցրել ՝է իր կյանքի կարևոր կանանց մեծ մասին՝ ներառյալ մորը՝ Էլիզա Պոյին, խորթ մորը՝ Ֆրենսիս Ալլանին, կնոջը՝ Վիրջինիային[10]։ Նա միակն էր, ում Պոն սիրում էր երեխայի նման, միակը, ով դարձավ նրա հարսնացուն, սակայն մահացավ շատ շուտ[9]։

Կա վարկած, որ Պոն և Վիրրջինիան երբեք սեռական կապ չեն ունեցել[11], քանի որ անգամ բանաստեղծությունում նշվում է, որ Աննաբելը կույս էր[12]։

Չարլսթոնում (Հարավային Կարոլինա) կա մի լեգենդ, ըստ որի մի նավաստի հանդիպում է Աննաբել Լի անունով կնոջ։ Վերջինիս հայրը հավանություն չի տալիս նրանց միությանը, և սիրահարները գաղտնի հանդիպում են գերեզմանատանը։ Երբ նավաստին վերադառնում է ծովագնացությունից, իմանում է, որ Աննաբելը մահացել է դեղնախտից։ Սակայն աղջկա հայրը չի թույլատրում նրան մասնակցել հուղարկավորությանը։ Քանի որ նա չգիտեր, թե որտեղ է թաղված իր սիրեցյալը, ամեն օր հերթապահում է գերեզմանատան այն տեղում, որտեղ նրանք հանդիպում էին։

Հայտնի չէ՝ արդյո՞ք Պոն լսել է այս լեգենդը, թե ոչ։ Սակայն տեղացիները պնդում են, որ հենց այս լեգենդն է նրա ոգեշնչման աղբյուրը եղել՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ 1827 թվականին Պոն կարճ ժամանակահատվածով բնակութուն է հաստատել Չարլսթոնում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.eapoe.org
  2. 2,0 2,1 2,2 2,3 Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. New York: Cooper Square Press, 1992. p. 243. ISBN 0-8154-1038-7
  3. Poe, Edgar A. "The Philosophy of Composition" (1846).
  4. Weekes, Karen. "Poe's feminine ideal", collected in The Cambridge Companion to Edgar Allan Poe, edited by Kevin J. Hayes. Cambridge University Press, 2002. p. 152. ISBN 0-521-79727-6
  5. Hoffman, Daniel. Poe Poe Poe Poe Poe Poe Poe. Baton Rouge: Louisiana State University Press, 1972. p. 68. ISBN 0-8071-2321-8
  6. 6,0 6,1 Empric, Julienne H. "A Note on 'Annabel Lee'", collected in Poe Studies. Volume VI, Number 1 (June 1973). p. 26.
  7. Quinn, Arthur Hobson. Edgar Allan Poe: A Critical Biography. Baltimore: The Johns Hopkins University Press, 1998: 606. ISBN 0-8018-5730-9
  8. Kopley, Richard and Kevin J. Hayes. "Two verse masterworks: 'The Raven' and 'Ulalume'", as collected in The Cambridge Companion to Edgar Allan Poe, edited by Kevin J. Hayes. Cambridge University Press, 2002: 200. ISBN 0-521-79727-6
  9. 9,0 9,1 Silverman, Kenneth. Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. New York: Harper Perennial, 1991. p. 401. ISBN 0-06-092331-8
  10. Weekes, Karen. "Poe's feminine ideal", collected in The Cambridge Companion to Edgar Allan Poe, edited by Kevin J. Hayes. Cambridge University Press, 2002. p. 149. ISBN 0-521-79727-6
  11. Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. New York: Cooper Square Press, 1992. p. 244. ISBN 0-8154-1038-7
  12. Hoffman, Daniel. Poe Poe Poe Poe Poe Poe Poe. Baton Rouge: Louisiana State University Press, 1972. p. 27. ISBN 0-8071-2321-8
  13. Crawford, Tom. "The Ghost by the Sea". Retrieved May 14, 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]