Անկյունահղկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկյունահղկիչ

Անկյունահղկիչն արագ պտտվող սկավառակով ձեռքի էլեկտրական սարք է, որն օգտագործվում է կտրելու, հղկելու և սրելու համար։ Պտտասկավառակն աշխատում է ուղղահայաց շարժանվով, այդտեղից էլ գործիքի անվանումը։

Աշխատողներն անկյունահղկիչով աշխատելիս

Անկյունահղկիչները կարող են աշխատել հոսանքով, մարտկոցով, հեղուկ վառելիքով կամ սեղմված օդով։

Անկյունահղկիչի տարբեր նշանակության հղկասկավառակներ

Պատմությունը և անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկյունահղկիչը ներկայացվել է 1954 թ.՝ Մուռի Շթայնհայմ քաղաքում գործող գերմանական Ackermann & Schmitt (Աքերման և Շմիթ) ընկերության կողմից։ Ընկերությունը 1996 թվականից կոչվում է Flex-Elektrowerkzeuge (Ֆլեքս Էլեկտրագործիքներ), որի Ֆլեքս մակնշման անվանումը գերմաներենում օգտագործվում է որպես անկյունահղկիչի ապելատիվ[1]։ Գերմաներենում գործիքի անվանումն է Winkelschleifer, ինչը բառացի նշանակում է անկյունահղկիչ։

Խոսակցական հայերենում սարքը հաճախ անվանում են խոսակցական ռուսերենից փոխառյալ բալգարկա (болгарка - բուլղարուհի) բառով։ Այս տարբերակը ծագել է 1960-70-ականներին ԽՍՀՄ-ում, ուր ներթափանցած առաջին անկյունահղկիչներն արտադրված էին բուլղարական Լովեչ քաղաքում գտնվող Спарки Елтос (Սպարկի Էլտոս) ընկերությունում, այդտեղից էլ՝ անվանումը։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկյունահղկիչը կիրառվում է շինանյութի ավելցուկը հեռացնելու նպատակով։ Սարքն ունի տարբեր նշանակության պտտասկավառակներ՝ կտրող (մետաղ, քար, փայտ կտրելու), պտտվող հղկասկավառակներ, հղկաքարեր ևն։ Անկյունահղկիչն աշխատում է կտրելու ընթացքում առանցքակալից եկող հզորացմամբ, ի տարբերություն էլեկտրաշաղափի, որի ուժեղացումն առանցքային է։

Անվտանգության կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելու ընթացքում անկյունահղկիչը մշակվող նյութի կտորները ոլորաձև շպրտում է, բացի այդ՝ սկավառակները ևս կարող են ջարդվել աշխատանքի ընթացքում, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքի ընթացքում կրել պաշտպանիչ ակնոց։ Անկյունահղկիչի աշխատանքի ժամանակ դրա արձակած ձայնը կարող է հասնել 91-103 դԲ-ի, այնպես որ խորհուրդ է տրվում կրել նաև պաշտպանիչ ականջակալներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.

Անկյունահղկիչների տեսակներն ու կիրառման առանձնահատկությունները