Առանցքակալներ, զանազան մեքենաների ու սարքերի պտտվող մասերի (լիսեռների) շառավղային և շառավղաառանցքային բեռնվածքներն իրենց վրա ընդունող հենման դետալներ։ Միայն առանցքային բեռնվածքներ ընդունող հենման դետալները կոչվում են կրնկակալներ։
Ըստ աշխատանքի սկզբունքի տարբերում են սահքի առանցքակալներ, որոնցում լիսեռի վզիկի մակերեսն անմիջականորեն սահում է հենման մակերեսի վրայով, և գլորման առանցքակալներ, երբ այդ երկու մակերեսների միջև տեղադրված են գնդիկներ կամ հոլովակներ։ Սահքի առանցքակալները ունեն գլանաձև, կոնաձև ու գնդաձև հենման մակերեսներ և աշխատում են շփման չոր, խառը (կիսաչոր ու կիսահեղուկ) և հեղուկ պայմաններում։ Սովորաբար լիսեռի վզիկի և առանցքակալների հենման մակերեսի միջև դնում են հակաշփական նյութից պատրաստված ներդրակ։ Գլորման առանցքակալները հիմնականում կազմված են արտաքին ու ներքին օղակներից, գլորման մարմիններից և զատիչից (գլորման մարմինները միմյանցից որոշակի հեռավորության վրա պահող դետալ)։ Գլորման առանցքակալները տարբերում են ըստ ընդունող բեռնվածքի ուղղության՝ շառավղային, շառավղա–առանցքային և առանցքային, ըստ գլորման մարմինների և աշխատանքային մակերեսի ձևի՝ գնդառանցքակալներ, հոլովակավոր առանցքակալներ, ըստ գլորման մարմինների շարքերի քանակության՝ միաշարք, երկշարք, բազմաշարք, ըստ մշակման ճշգրտության՝ հասարակ, նորմալ, բարձր ճշգրտության ևն։ Գլորման առանցքակալների յուղման համար օգտագործում են թանձր քսուքներ և հանքային հեղուկ յուղեր։ Դժվար է սահմանագծել սահքի և գլորման առանցքակալների կիրառման բնագավառները։ Փոքր և միջին պտտաթվերի դեպքում նախընտրելի են գլորման, մեծ պտտաթվերի դեպքում՝ սահքի առանցքակալներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 525)։