Անգլո-ռուսական համաձայնագիր (1878)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անգլո-ռուսական համաձայնագիր (այլ կիրառումներ)

Անգլո-ռուսական համաձայնագիր 1878, գաղտնի համաձայնագիր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման մասին, ստորագրել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Սոլսբերին և Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Շուվալովը մայիսի 30-ին։ Սան Ստեֆանոյից հետո, հայտնվելով ավստրո-անգլիական զորեղ կոալիցիայի դեմ հանդիման, Ռուսաստանը ստիպված էր զիջումներ անել և Մեծ Բրիտանիայի հետ կնքել համաձայնագիր, որով ռուսական կառավարությունը հրաժարվում էր միացյալ Բուլղարիա ստեղծելու իր մտադրությունից, իսկ Արևմտյան Հայաստանում գրաված որոշ տարածքներ վերադարձվում էին Թուրքիային։ Բացի այդ, ռուսական կողմը Մեծ Բրիտանիային հավաստիացնում էր, որ ապագայում «Ռուսաստանի սահմանը չի ընդարձակվի Ասիական Թուրքիայի կողմից»։ Համաձայնագրի 7-րդ հոդվածով Արևմտյան Հայաստանի բարենորոգումների իրականացման վերաբերյալ Սան Ստեֆանոյի նախնական պայմանագրում եղած սուլթան, կառավարության «... խոստումները պետք է տրվեն ոչ թե բացառապես Ռուսաստանին, այլ նաև Անգլիային»։ Այդպիսով, Ռուսաստանը փաստորեն զրկվում էր արևմտահայերի դրության բարելավման հարցերում իր գերակա դերից։ Անգլո-ռուսական համաձայնագիրը շատ բանով կանխորոշեց հայկական հարցի վերաբերյալ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսի որոշումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։