Անահիտ Սեկոյանը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը։ 1946 թվականին ավարտել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիան։ 1946-1949 թվականներին եղել է նույն թատրոնի դերասանուհի։ 1950-1952 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում։ 1948 թվականին հրատարակվել է նրա առաջին երկը՝ «Արտիստը», որին հաջորդել է «Նովելներ» (1951) ժողովածուն, սակայն նրան ճանաչում է բերել «Ոսկե վազերի մեջ»[2] (1958) ծավալուն վեպը, որի հիմքում ընկած է 50-ական թվականների կոլտնտեսությունների խոշորացման և ապախոշորացման խնդիրը։ Հետագայում լույս են տեսել գյուղի կյանքը պատկերող «Գարունը ձյան տակ» (1964) և հանրապետության էլեկտրոֆիկացման թեմային նվիրված «Եթե Որոտանը խոսեր»[3] (1970) վեպերը։ «Հյուսիսային պողոտա» (1981) վեպի հերոսները ճարտարապետներ են, արվեստագետներ, շինարարներ, որոնք ձգտում են պահպանել Երևանի՝ դարերից եկող ազգային նկարագիրը։ Հեղինակել է մի շարք պատմվածքներ, բազմաբնույթ ակնարկներ ու հոդվածներ։ Գրել է նաև մանուկների համար՝ «Ատամնաբույժ Գրիգորը», «Սեխը վանկերի բաժանվեց»[4][5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 275)։