Անախտանիշ վարակակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիֆոիդ Մերիի նկարը 1909 թվականի թերթի մեջ։

Անախտանիշ վարակակիր (առողջ վարակակիր կամ ուղղակի վարակակիր), մարդ կամ այլ կենդանի օրգանիզմ, ով վարակվել է ախտածին (պաթոգեն) գործոնով, բայց նրա մոտ չեն զարգացել տվյալ հիվանդությանը բնորոշ նշաններ կամ ախտանիշներ[1]։

Չնայած նրան, որ պաթոգենը վարակված մարդու վրա չի թողել որևէ ազդեցություն, վարակակիրները այն կարող են փոխանցել այլ մարդկանց, կամ նրանց մոտ՝ հիվանդության ուշ շրջաններում, կարող են զարգանալ ախտանիշներ։ Անախտանիշ վարակակիրները շատ կարևոր դեր են խաղում տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման մեջ, ինչպիսիք են՝ տիֆը, պսևդոմեմբրանոզ կոլիտը (C. Difficile-ով հարուցվող), գրիպերը, ՄԻԱՎ-ը, կորոնավիրուսային վարակը և այլն։ Մինչդեռ վարակակրության առաջացման մեխանիզմները դեռևս լիովին պարզաբանված չեն, գիտնականները բավականին մեծ առաջընթաց են կատարել այն հարցում, թե ինչպես են որոշ ախտածիններ մարդու օրգանիզմում երկար ժամանակ մնում «քնած» վիճակում[2]։ Հիվանդության անախտանիշ կրողների ավելի լավ ուսումնասիրումը որոշիչ դեր է խաղում առողջապահական և հանրային առողջության ոլորտների համար, քանզի այս կառույցները աշխատում են տարբեր վարակիչ հիվանդությունների տարածումը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ։

Անախտանիշ վարակակիրների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անախտանիշ վարակակիրները կարող են դասակարգվել ըստ իրենց մոտ հիվանդության ներկայիս վիճակի[3]։ Եթե մարդը հանդիսանում է վարակի աղբյուր տվյալ հիվանդությամբ վարակվելուց անմիջապես հետո, բայց մինչև ախտանիշների ի հայտ գալը, ապա այդ մարդը համարվում է գաղտնի (ինկուբացիոն) շրջանում գտնվող վարակակիր։ Մարդիկ կարող են լինել վարակիչ անգամ հիվանդության ծաղկման շրջանի ավարտից հետո։ Չնայած նրան, որ այս մարդիկ իրենց համարում են հիվանդությունից բուժված, նրանք կոչվում են կոնվալեսցենտ վարակակիրներ։ Որոշ վիրուսային հիվանդություններ, մասնավորապես հեպատիտները և պոլիոմիելիտը, շատ հաճախ փոխանցվում են հենց այս ձևով։ Դասական անախտանիշ վարակակիր համարվող մարդկանց մոտ, որոնց անվանում են նաև «առողջ վարակակիրներ», չեն առաջանում հիվանդության որևէ նշաններ կամ ախտանիշներ, բայց, այնուամենայնիվ, նրանք նույնպես կարող են փոխանցել վարակը այլ մարդկանց[3]։

Դերը հիվանդության փոխանցման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անախտանիշ վարակակիրների տարածվածության մասին սահմանափակ տեղեկատվությունը զգալի դժվարություններ է ստեղծում հանրային առողջապահության համար տարբեր միջոցառումներ պլանավորելիս։ Հաշվի առնելով, որ հիվանդության հսկողությունը կախված է ինչպես անախտանիշ դեպքերի, այնպես էլ հիվանդության ախտանիշներով դեպքերի քանակներից, վարակակիրների տարածվածության մասին ինֆորմացիայի պակասը կարող է հանգեցնել հանրային առողջապահական խնդիրների մեղմացմանը ուղղված միջոցառումների անբավարար արդյունավետության, ինչպիսին են պայքարը C. Difficile-ի և գրիպերի դեմ[4][5]։

Գիտնականները հիվանդությունների փոխանցումը ավելի լավ կանխատեսելուն ուղղված աշխատանքներ են կատարում, որպեսզի հնարավոր լինի մշակել հանրային առողջապահական համապատասխան արձագանքներ այս կամ այն հիվանդությունների բռնկման դեպքում[6]։ Օրինակ՝ այն հիվանդությունների դեպքում, որտեղ անախտանիշ դեպքերը քիչ են, բնականաբար, ավելի շատ է լինում հիվանդության ախտանիշներով հիվանդների տարածվածությունը, ինչը թույլ է տալիս նրանց արագ հայտնաբերել և կատարել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, իսկ այն դեպքում, երբ ասիմպտոմատիկ վարակակիրները շատ են, հիվանդության տարածման կանխարգելման համար պետք է կիրառել ավելի ագրեսիվ մեթոդներ, օրինակ՝ ճամփորդությունների արգելում, հիվանդների և կոնտակտավորների (հնարավոր վարակակիրներ) մեկուսացում, պարտադիր կարանտին և այլն, քանզի այս դեպքում շատ դժվար է հայտնաբերել վարակի աղբյուր հանդիսացող, բայց ախտանիշներ չունեցող անձանց[4]։

Հնարավոր բացատրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ անախտանիշ վարակակրության հստակ բացատրությունը դեռևս հայտնի չէ, գիտնականները շատ մեծ ջանքեր են գործադրում՝ հասկանալու, թե ինչպես են սպեցիֆիկ բակտերիաները բազմանում մարդու օրգանիզմում, այն հույսով, որ սա կօգնի հասկանալ ասիմպտոմատիկ փոխանցման համընդհանուր կոնցեպտը։

Salmonella-ի ուտիլիզացիայի կենսաբանական մեխանիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ գիտական հոդվածներ ցույց են տվել, թե ինչպես են salmonella-ները կարողանում երկար ժամանակ մնալով իմունային բջիջներում՝ վնասել վերջիններիս մետաբոլիկ համակարգը՝ հետագայում հիվանդությունը տարածելու նպատակով[7]։

Օգտագործելով սալմոնելային շատ մոտիկ բակտերիայի շտամը (S. typhimurium), գիտնականները կարողացել են ստեղծել մկան մոդել, որը նմանակում էր տիֆի վարակակիրների մոտ դիտվող պրեսիստող (կայուն) սալմոնելայի դեպքերը։ Իմանալով, որ բակտերիան կարող է ապրել մկան օրգանիզմում նրա ամբողջ կյանքի ընթացքում, գիտնականները կարողացան որոշել, որ բակտերիան հակում ունի ապրելու մակրոֆագերում։ Մկների աղիների ավշային հանգույցների հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ S. typhimurium-ը ունակ է փոխել մակրոֆագերի բորբոքային պատասխանը[8]։ Ի փոխարեն գրոհող բջիջների կողմից բորբոքային պատասխան առաջացնելու, այս բակտերիաները ունակ են նրանց վերածել հակաբորբոքային մակրոֆագերի՝ ստեղծելով իրենց գոյատևման համար նպաստավոր պայմաններ։ Առաջատար գիտնական, բժիշկ Մոնակի խոսքերով՝ «Հարցը նրանում չէր, որ բորբոքային մակրոֆագերը զգայուն չէին վարակի նկատմամբ, այլ ավելի շատ նրանում, որ S. typhimurium-ով վարակված մակրոֆագերը ավելի միտված էին բազմանալ և տարբերակվել դեպի հակաբորբոքային տեսակը»[8]։

Հետազոտողները նաև հայտնաբերել էին, որ պերօքսիսոմ պրոլիֆերաիտվ-ակտիվածաց ընկալիչների (peroxisome proliferator-activated receptors (PPARs)) առկայությունը կապված էր սալմոնելային բակտերիայի առկայության հետ։ PPAR-ները, որոնք համարվում են թափառող գենետիկական փոխարկիչներ, պատասխանատու են ճարպային փոխանակության համար, որի միջոցով հնարավոր է լինում պահպանել հակաբորբոքային մակրոֆագերի ակտիվությունը, որոնցում էլ թաքնվում են S. typhimurium-ները[7]։

Անախտանիշ բակտերիուրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անախտանիշ բակտերուրիան վիճակ է, որը դիտվում է կանանց 3-5%-ի մոտ, ի դեպ, ամենազգայուն խմբում են գտնվում ծերերը և շաքարային դիաբետ ունեցողները[9]։ Կանանց պոպուլյացիայում բակտերուրիայի զարգացման ռիսկը մեծանում է տարիքին զուգընթաց։ Escherichia coli-ն համարվում է մեզի հետազոտության ժամանակ հայտնաբերվող ամենատարածված միկրոօրգանիզմը, սակայն պոտենցիալ ինֆեկցիոն օրգանիզմների բազմազանությունը մեծ է և կարող է ներառել՝ Enterobacteriaceae, Pseudomonas aeruginosa, Enterococcus species և B խմբի ստրեպտոկոկներ[10]։ Առողջապահության Հետազոտման և Որակի Կազմակերպությունը ներկայացրեց սքրինինգային առաջակրություններ կապված բակտերուրիայի հետ, ինչպես նաև առաջարկեց որոշակի հասկացողություններ կապված վերջինիս առաջացման մեխանիզմի հետ[10]։ Մետա-անալիզի արդյունքները չտվեցին անախտանիշ վարակակրության որևէ հստակ բացատրություն, բայց առաջ բերեցին նոր փաստեր, որոնք ուժեղացրեցին ասիմպտոմատիկ բակտերուրիայի սքրինինգային հետազոտության կարևորությունը միայն հղի կանանց մոտ[10]։

Վարակիչ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անախտանիշ վարակակիրները նպաստել են բազմաթիվ վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Ըստ համաճարակաբանության մեջ օգտագործվող տարածված սկզբունքի՝ 80-20 օրենքի, տվյալ պոպուլյացիայում հիվանդության տարածման 80%-ը իրականացվում է այդ պոպուլյացիայի մարդկանց ընդամենը 20%-ի կողմից[11]։

Որովայնային տիֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որովայնային տիֆը հիվանդություն է, որը հարուցվում է Salmonella enterica ser. Typhi-ի կողմից։ Մարդը կարող է վարակվել այս հիվանդությամբ օգտագործելով ռիսկային սնունդ կամ խմիչքներ, կամ օգտագործելով սնունդ կամ խմիչքներ, որոնք պատրաստվել են վարակված անձանց կողմից։ Նրանք, ովքեր առողջանում են այս հիվանդությունից, կարող են դեռ պահպանել այս բակտերիան իրենց բջիջներում՝ լինելով անախտանիշ[12]։

Տիֆոիդ Մերին Նյու Յորքի հիվանդանոցում

Տիֆոիդ Մերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Մալոնը, ավելի հայտնի որպես «Տիֆոիդ Մերի», հանդիսանում էր Salmonella enterica serovar typhi-ի (որովայնային տիֆի հարուցիչ) անախտանիշ վարակակիր[7]։ Ուշ 1800-ականներում, Նյու Յորքում նա աշխատում էր խոհարար մի քանի ընտանիքների և զինվորների համար, և Առողջության Վարչության կողմից հաստատվեց, որ որովայնային տիֆի մի քանի դեպքեր կապված են եղել նրա հետ։ Այն ժամանակ չկային այս հիվանդության էռադիկացիայի մեթոդներ, և այն տարածվում էր հիմնականում ֆեկալ-օռալ փոխանցման մեխանիզմով։ Համարվում էր, որ Մերի Մալոնի վարակի փոխանցման ռիսկի մեծ մասը կապված էր նրա հետ, որ նա մասնակցում էր սննդի պատրաստման և մշակման հետ կապված տարբեր գործառույթների։ Նյու Յորքի հանրային առողջապահության պատասխանատուները ի սկզբանե փորձում էին պարզապես սահմանափակել նրա այդպիսի գործունեությունը, քան նրան պահել մշտական կարանտինի մեջ։ Երբ նա շարունակեց չենթարկվել այդ պահանջներին, Առողջապահության Հանձնաժողովը հրամայեց նրան տեղափոխել և կարանտինի մեջ պահել Մանհեթենի շրջակայքում գտնվող կղզիներից մեկում։ Նա մնաց այնտեղ մինչև իր մահը։

Չնայած նրան, որ Մերին ամբողջովին առողջ էր, նա հանդիսացավ նվազագայունը 50 մարդու վարակվելու և 3 մահվան պատճառ՝ մինչև իր մեկուսացումը (հաշվի առնելով այն, որ Մերին չէր ենթարկում առողջապահական կազմակերպությունների պահանջներին և չէր համագործակցում վերջիններիս հետ, կան կարծիքներ, որ նա հանդիսացել է ավելի քան 50 մարդու մահվան պատճառ)։ Գիտնականները հաշվարկել են, որ Salmonella typhi-ով վարակված անձանց 1-6%-ը դառնում են Մերիի պես քրոնիկ, անախտանիշ վարակակիր[7]։

ՄԻԱՎ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԻԱՎ վարակը ունի երկար շրջան, որի ընթացքում վարակակիրը մնում է անախտանիշ[13]։ Չնայած նրան, որ վարակված մարդու մոտ կարող են չզարգանալ որևէ ախտանիշներ, վիրուսը կարող է փոխանցվել այլ մարդկանց։ Նաև հավանական է, որ վարակը կարող է վերածվել սիմպտոմատիկ տեսակի՝ ինկուբացիոն շրջանի ավարտից հետո։ Անկախ նրանից, թե հիվանդի մոտ առկա են ախտանիշներ, թե ոչ, օպորտունիստական վարակները կարող են օգտվել թուլացած իմունային համակարգից և բերել հետագա բարդությունների առաջացման[14]։

Էպշտեյն-Բարի վիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ վարակակիրներ վարակված են պրեսիստող վիրուսներով, ինչպիսին է օրինակ Էպշտեյն-Բարի վիրուսը (ԷԲՎ), որը հանդիսանում է հերպես վիրուսի ընտանիքի անդամ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծահասակների 95%-ի մոտ արան մեջ առկա են ԷԲՎ-ի նկատմամբ հակամարմիններ, ինչը նշանակում է, որ նրանք իրենց կյանքի որևէ շրջանում վարակվել են այս վիրուսով[15]։

Clostridium difficile[խմբագրել | խմբագրել կոդը]

Clostridium difficile-ն նույնպես տարածվում է անախտանիշ վարակակիրների միջոցով, և տնային խնամքի պարագայում առաջ է բերում լուրջ խնդիրների[4]։ Զեկույցները փաստում են, որ կղանքային աղտոտվածությամբ (այսինքն կղանքում հայտնաբերվում են ախտածին բակտերիաները) երկարաժամկետ պացիենտների 50%-ը, չնայած ախտանիշների բացակայության, ստիպել են բազմաթիվ հիվանդանոցների երկարաձգել նրանց հիվանդանոցում գտնվելու ժամանակը՝ նվազեցնելու համար տան անդամների վարակվելու հավանականությունը[4]։

Քլամիդիոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլամիդիոզը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որը ախտահարում է և՛ կանանց և՛ տղամարդկանց, և վարակվածների մեծամասնության մոտ կարող է ընթանալ անախտանիշ։ Չնայած, որ ինֆեկցիան կարող է չառաջացնել ոչ-մի ակնհայտ ախտանիշ, այն մեկ է կարող է վնասել վերարտադրողական համակարգը։ Եթե վարակը երկար ժամանակ մնում է չբուժված, ապա հիվանդների մոտ բարձրանում է կոնքի բորբոքային հիվանդության (ԿԲՀ) առաջացման հավանականությունը։ Ինչպես քլամիդիոզը, ԿԲՀ-ն նույնպես կարող է մնալ անախտանիշ[16]։

Պոլիոմիելիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիոմիելիտի անախտանիշ կրողների փոքր քանակ (որոնք համարվում են քրոնիկ արտազատողներ/էքսկրետորներ) շարունակում են ակտիվ վիրուս արտազատել արտաքին միջավայր պոլիոմիելիտի օրալ պատվաստումից հետո տարիների (անգամ տասնամյակների) ընթացքում[17]։ Ատենուացված (թուլացված) վիրուսի կրողները ակամա տարածում են այդ վիրուսը և վարակելով մնացածին, նրանց մոտ առաջացնում են կոնտակտային իմունիտետ։ Այնուամենայնիվ, թույլ իմունային համակարգով որոշ մեծահասակների մոտ զարգացել է պարալիզացնող պոլիոմիելիտ՝ վերջերս պատվաստված երեխաների հետ շփումից։ Վիրուլենտ շտամերի վարակակիրները տարածում են պոլիոմիելիտը՝ բարդացնելով վերջինիս էռադիկացիան։

Տուբերկուլոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը սովորաբար հարուցվում է Mycobacterium tuberculosis բակտերիայի միջոցով։ Տուբերկուլոզը հիմնականում ախտահարում է թոքերը, բայց նաև կարող է ախտահարել մարմնի այլ մասեր[18]։ Ակտիվ կամ սիմպտոմատիկ տուբերկուլոզը տարածվում է մի մարդուց մյուսին հազալու կամ փռշտալու ժամանակ օդի մեջ եղած բակտերիաների սպորների միջոցով (օդակաթիլային մեխանիմզ)։ Որոշ անհատներ կարող են վարակված լինել տուբերկուլոզային միկոբակտերիայով, սակայն նրանց մոտ կարող են երբեք չդրսևորվել ախտանիշներ[19]։ Այդ դեպքերը, որոնք կոչվում են լատենտ տուբերկուլոզ, մինչդեռ չեն համարվում վարակիչ, սակայն որոշակի խնդիրներ են առաջացնում հանրային առողջության տեսանկյունից, քանզի լատենտ տուբերկուլոզով ախտորոշված պացիենտների 10%-ի մոտ հետագայում կարող է զարգանալ ակտիվ ձևը և նրանք կարող են դառնալ վարակի աղբյուր[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dictionary Definition»։ Medical-dictionary.thefreedictionary.com։ Վերցված է օգոստոսի 20, 2013 
  2. «Denise M. Monack»։ WikiGenes։ Վերցված է 2016-02-14 
  3. 3,0 3,1 «Carrier | Encyclopedia.com»։ www.encyclopedia.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Asymptomatic carriers are a potential source for transmission of epidemic and nonepidemic Clostridium difficile strains among long-term care facility residents»։ Clinical Infectious Diseases 45 (8): 992–8։ October 2007։ PMID 17879913։ doi:10.1086/521854 
  5. «Heterogeneous and Dynamic Prevalence of Asymptomatic Influenza Virus Infections»։ Emerging Infectious Diseases 22 (6): 1052–6։ June 2016։ PMC 4880086։ PMID 27191967։ doi:10.3201/eid2206.151080 
  6. Perlman W (May 2016)։ «Asymptomatic Influenza Infection Rates Deserve More Attention»։ Contagion Live։ Վերցված է October 30, 2018 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Scientists get a handle on what made Typhoid Mary's infectious microbes tick»։ Med.stanford.edu։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 18, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2013 
  8. 8,0 8,1 Hersh David, Monack Denise M., Smith Mark R., Ghori Nafisa, Falkow Stanley, Zychlinsky Arturo (1999-03-02)։ «The Salmonella invasin SipB induces macrophage apoptosis by binding to caspase-1»։ Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն) 96 (5): 2396–2401։ ISSN 0027-8424։ PMC 26795։ PMID 10051653։ doi:10.1073/pnas.96.5.2396 
  9. «Evidence Summary: Asymptomatic Bacteriuria in Adults: Screening»։ US Preventive Services Task Force։ Վերցված է 2018-11-12 
  10. 10,0 10,1 10,2 «Asymptomatic bacteriuria in adults»։ American Family Physician 74 (6): 985–90։ September 2006։ PMID 17002033 
  11. «Zeroing in on 'super spreaders' and other hidden patterns of epidemics»։ EurekAlert! (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  12. «CDC - Typhoid Fever: General Information - NCZVED»։ Cdc.gov։ Վերցված է 2016-02-14 
  13. Siliciano Robert F.։ «HIV Latency»։ Cold Spring Harbor Laboratory Press։ Վերցված է օգոստոսի 20, 2013 
  14. «Asymptomatic HIV infection: MedlinePlus Medical Encyclopedia»։ Nlm.nih.gov։ 2016-02-02։ Վերցված է 2016-02-14 
  15. «The Broad Spectrum of Epstein-Barr Virus (EBV) Disease on»։ Medicinenet.com։ Վերցված է 2016-02-14 
  16. «STD Facts - Chlamydia»։ cdc.gov։ Վերցված է 2016-02-14 
  17. Ousmane M. Diop, Cara C. Burns, Roland W. Sutter, Steven G. Wassilak, Olen M. Kew (2015)։ «Update on Vaccine-Derived Polioviruses — Worldwide, January 2014–March 2015»։ Morbidity and Mortality Weekly Report 64 (23): 640–646։ PMC 4584736։ PMID 26086635 
  18. «Tuberculosis (TB)»։ World Health Organization (en-US)։ Վերցված է 2018-11-12 
  19. 19,0 19,1 «Latent tuberculosis infection (LTBI)»։ World Health Organization (en-GB)։ Վերցված է 2018-11-12