Այրոնբրիջի կիրճ, Սեվերն գետի առաջացրած խոր կիրճը Անգլիայի Շրոփշիր կոմսության Ուեսթ Միդլենդս շրջանում։ Առաջացել է վաղ անցյալում ցամաքած Լափվորթ լճի սառցադաշտային ապարների արտահոսքի հետևանքով՝ սառցե դարաշրջանի վերջում։ Կիրճը կազմող ժայռերի կտրվածքային ուսումնասիրությունները բացահայտեցին, որ կիրճը հարուստ է այնպիսի օգտակար հանածոներով, ինչպիսիք են ածուխը, երկաթը, կրաքարը և հրակայուն կավը։ Այս բացահայտումը նպաստեց տարածքի կտրուկ տնտեսական աճին արդյունաբերական հեղափոխության վաղ շրջանում[1][2]։
Կիրճը սկզբնապես կոչվում էր Սեվերնի կիրճ, իսկ ներկայումս կրում է նրա վրա կառուցված երկաթե կամրջի (անգլ.՝ Iron Bridge) անունը, որն աշխարհում առաջին երկաթե կամուրջն է և հանդիսանում է նաև շրջանում ծավալված արդյունաբերության խորհրդանիշ-հուշարձան։ Կամուրջը կառուցվել է 1779 թվականին և իրար է կապել արդյունաբերական Բրոսլի քաղաքը և հանքարդյունաբերական Մեդլի ավանը։ Տարածքը վաղ արդյունաբերողների շրջանում հռչակվել էր երկու պատճառով՝ անմշակ ածխի, երկաթի հանքաքարի, կրաքարի և կավի հանքանյութերից հենց կիրճում արտադրում էին երկաթ, կավե խողովակներ, հախճապակի, կղմինդր և ճենապակի, ապա Սեվերն գետի միջոցով կազմակերպում փոխադրումը։ Խորը և լայն գետը հնարավորություն էր տալիս արտադրանքը հասցնել մինչև ծով։
Կիրճի միջով հոսում է Սեվերն գետը դեպի Բրիստոլի ջրանցք։ Այն կազմավորվել է նախորդ սառցե դարաշրջանում, երբ Իռլանդական ծովի սառույցները լցվեցին նախկինում հյուսիսային կողմով հոսող գետը, որը հավաքվելով ստեղծեց Լափվորթ լիճը։ Լճի մակարդակը շարունակ բարձրանում էր, մինչև որ ջուրը հասավ բլուրներին և նրանց միջով ճանապարհ ճեղքեց դեպի հարավ։ Այս հոսքն առաջացրեց մի կիրճ և մշտապես շեղում էր գետի հոսքը դեպի հարավ[3][4][5][6]։
Կիրճը գտնվում է արարողակարգային, ոչ քաղաքային Շրոփշիր կոմսության տարածքում, որտեղ գտնվում են Այրոնբրիջ, Քոուլբրուկդեյլ և Քոուլփորթ բնակավայրերը։ Տարածքը բաժանված է երեք եկեղեցական, ծխական համայնքների՝ Լայթմուր, Այրոնբրիջ և Քոուլփորթ ու Ջեկֆիլդ։ Եկեղեցական համայնքների գրասենյակները գտնվում են Ջեկֆիլդում[7]։
Բնակչության ընդհանուր թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի կազմում է 3.275 մարդ[8]։
«Կանաչ աշխարհ» բնապահպանական կենտրոնը (անգլ.՝ Green Wood Centre ) քսան տարվա ընթացքում իրականացրել է նոր աշխատակազմի և կանաչապատման ու անտառապատման ոլորտի մասնագետների ուսուցում և կազմակերպել կիրճի բնական պուրակների ու անտառների պահպանման և նոր կանաչ տարածքների ստեղծման աշխատանքներ։ 1986 թվականին կիրճի մոտավորապես 260 հեկտար տարածք ընդգրկվեց Միացյալ Թագավորությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, ինչը նույնպես նպաստեց տարածքում բնապահպանական միջոցառումների զարգացմանը։
«Severn Gorge Countryside Trust» և «The Green Wood Centre» կազմակերպությունները իրականացնում են նաև բնապահպանական միջոցառումներում տեղացիների և կամավորների ներգրավում՝ անտառային թավուտների պահպանման, մացառների հեռացման, եղնիկների պաշտպանության և բնական լանդշաֆտների պահպանման աշխատանքներում։
↑Wills L.J. (1924)։ «The Development of the Severn Valley in the Neighbourhood of Iron-Bridge and Bridgnorth»։ Quarterly Journal of the Geological Society80: 274–308։ doi:10.1144/GSL.JGS.1924.080.01-04.15Text "Quart. J. geol. Soc. Lond.
" ignored (օգնություն)