Այտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այտիս[1] (ղազախերեն՝ айтыс. թարգմանաբար նշանակում է ասք, պատում), Ղազախստանում, Ղրղզստանում, Բաշկորտոստանում ժողովրդական բանավոր, երգային պոեզիայի տեսակ, երկու ակինների (ժողովրդական երգիչ-աշուղների) միջև հանպատրաստից մրցակցություն, որն անց է կացվում ժողովրդական լարային գործիքի (ղազախների ու բաշկիրների շրջանում՝ դոմբրայի, ղրղզների շրջանում՝ կոմուզի) նվագակցությամբ։

Այտիսի ժամանակ դեմ-դիմաց նստած (հազվադեպ՝ նաև կանգնած) ակինները տեղնուտեղը հորինած երգերով երկոսում-մրցում են միմյանց հետ՝ խոսքը փոխանցելով մեկը մյուսին, «բռնելով» մրցակցի բառերը։ Ընդ որում՝ մրցակցային երգերը կարող են հորինվել ցանկացած թեմայով։ Ակինների մրցակցության հաղթողին որոշելիս հաշվի են առնվում ինչպես նրանց հորինածի մեղեդայնությունն ու ռիթմիկությունը, այնպես էլ՝ մրցակցին հակադարձելու ժամանակ դրսևորած հնարամտությունը, խոսքի սրությունն ու պատկերավորությունը։

Այտիսը կարող է անցկացվել միաժամանակ մի քանի ակինների միջև, սակայն առավել ընդունված ու տարածում գտած տարբերակը զույգերով մրցակցությունն է, ընդ սմին՝ հաճախ միմյանց հետ մրցում են տղամարդ և կին ակիններ։

Այտիսը Ղազախստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագետները տարբերակում են այտիսի մի քանի տեսակներ՝ այտիս-հանելուկ, այտիս-գովք, այտիս-առակ և այլն։

Ակինների այդ մրցակցությունները Ղազախստանում անց են կացվում կանոնավոր կերպով՝ պարբերաբար։

Այդօրինակ մրցույթներում հաճախակի հաղթանակներ տարած ու համբավ ձեռք բերած ակիններից են Ժանակ Սաղնդիկուլին (1770—1856), Շոժե Կարժաուբայուլին (1808—1895), Սույունբայ Առոնուլին (1815 - 1898), Բիռժան-սալը (1834 - 1897), Սառա Տաստանբեկ-կըզին (1878 - 1916) (1946 թվականին կոմպոզիտոր Մուկան Տուլեբաևը Բիռժանի ու Սառայի միջև անցկացված այտիսի մասին օպերա է գրել՝ «Բիռժանն ու Սառան» խորագրով), Տորեբայ Եսկոժաուկին (1844 - 1911), Ջամբուլ Ջաբաևը (1846 - 1945), Ասեթ Նայմանբաևը (1867 - 1922), ժամանակակից ակիններից՝ Ռինատ Զաիտովը, Բալղնբեկ Իմաշևը, Ժանդարբեկ Բուլգակովը,Դիդար Կամիևը և ուրիշներ։

2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակի» մեջ ընդգրկեց Ղազախստանի ներկայացրած «Դոմբրայով կյույի ավանդական կատարման արվեստը», իսկ 2015 թվականին այդ ցուցակում ներառվեց ղազախա-ղրղզական տարբերակը՝ «Այտիշ-այտիսը՝ իմպրովիզացիայի արվեստ» ձևակերպումով[2]։

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի առաջ Ղազախստանի կառավարությունը, հանձին այն ժամանակվա մշակույթի նախարար Մուխտար Կուլ-Մուհամեդի, փորձեց գրաքննության ենթարկել այտիսը՝ կոչ անելով ակինների մրցակցության երգերի թեմա դարձնել լոկ «անկախության ու Աստանայի» և «Ելբասի»-ի (Նորսուլթան Նազարբաևի) գովքը[3][4]։ Միաժամանակ՝ պարտադրելու պես «խնդրեցին» չշոշափել 2011 թվականին Ժանաոզենում տեղի ունեցած բողոքի ցույցերի թեման[5]։ Ժանաոզենյան իրադարձությունների մասին արտահայտված ակին Բաուրժան Կալիոլլեի ելույթը ցածր գնահատելու՝ ժյուրիի փորձերը առաջացրին հանդիսականների բուռն վրդովմունքը[6]։ Այտիսն այսօր խոսքի ազատության թերևս վերջին հենակետն է Ղազախստանում[7]։

2013 թվականին այտիսի մասնակիցներից Ռինատ Զաիտովը սուր քննադատության ենթարկեց իշխանավորներին, և ժյուրիի անդամները փորձեցին հաղթանակը շնորհել նրա մրցակցին, բայց նրանց վճռի դեմ բողոքող հանդիսականների սուլոցներն ու աղմուկը ստիպեցին փոխել որոշումը. կես ժամ տևած խորհրդակցությունից հետո ժյուրին հայտարարեց, որ ակինները «իրար հավասար են»[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ауэзов М. и Соболев Л. Фольклор и эпос казахского народа. — 1939.
  • Ғабдуллин М. Қазақ халқының ауыз әдебиеті (Казахское устное народное творчество). — Алматы, 1958.
  • Aouezov M. et Sobolev L., Folklore et épopée du peuple kazakh, 1939.
  • Gabdullin M., L'art oral populaire kazakh, Almaty, 1958.
  • Aperçu historique de la littérature kirghize soviétique, Frunze, 1960.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словари дают первой форму айтыс, см. «Советский энциклопедический словарь» (1979) или «Сводный словарь современной русской лексики» (1991), а «Большая советская энциклопедия» (3-е изд., 1969—1978) — форму айтыш
  2. Aitysh/Aitys, art of improvisation
  3. Цензура не сможет заткнуть айтыс только благодаря народу
  4. Цензура не сможет заткнуть айтыс только благодаря народу — Рамблер-Новости Արխիվացված 2015-12-08 Wayback Machine
  5. Айтыс и цензура — новости на сайте Ак Жайык
  6. Уральский акын спел на айтысе в Алматы о Жанаозене и заслужил третье место Արխիվացված 2015-02-07 Wayback Machine
  7. Власти Казахстана усиливают цензуру в айтысах
  8. Нұртай Лаханұлы Айтыс в Алма-Ате закончился скандалом = Алматыдағы айтыс айғай-шумен аяқталды. — Азаттық Радиосы, 10.05.2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]