Ամորձի
Ամորձի | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | սեռագեղձ[1], բլթային օրգան[2], male organ? և անհատական անատոմիական կառուցվածք |
Զարկերակ | testicular artery? |
Երակ | testicular vein? |
Ավշային հանգույց | Lumbar lymph nodes? |
Լիմֆատիկ դրենաժ | Lumbar lymph nodes? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | male gonad development? |
MeSH | A05.360.444.849, A05.360.576.782 և A06.300.312.782 |
Foundational Model of Anatomy | 7210 |
Terminologia Anatomica 98 | A09.3.01.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], «Օտտո» գիտական հանրագիտարան, Desktop Encyclopedic Dictionary?, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Granat Encyclopedic Dictionary?, Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1 և Малая советская энциклопедия, 1936—1947? |
Testicles Վիքիպահեստում |
Ամորձիներն արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումն սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ)։ Դրանց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40–60-ից մինչև 500–600 մլն։ Ամորձիներում արտադրվում է նաև հորմոն՝ տեստոստերոն, որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։ Ամորձիները սաղմնավորվում են որովայնի խոռոչում, պտղի աճմանը համապատասխան՝ ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և ծնվելու նախօրյակին աճուկային խողովակով իջնում ամորձապարկ (փոշտ)։
Երբեմն ոչ ճիշտ իջնելու դեպքում ամորձին, աճուկային խողովակից դուրս գալով, փոխում է իր ուղղությունը և տեղադըրվում աճուկի, ազդրի, ցայլքի կամ շեքի մաշկի տակ (երևույթն անվանում են գաղտնամորձություն)։ Առանձին դեպքերում ամորձու իջնելն ուշանում է և ավարտվում է միայն 10–13 տարեկանում։ Գաղտնամորձության բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ամորձին պատված է մի քանի պատյաններով. պինդ շարակցահյուսվածքային սպիտակավուն պատյանը, ճառագայթաձև տարածվելով դեպի ներս, ամորձու նյութը (պարենքիմ) բաժանում է բլթակների։ Ամորձու նյութը կազմված է ուղիղ և ոլորուն սերմնախողովակիկներից։ Սերմնաբջիջներն արտադրվում են միայն ոլորուն խողովակիկներում։ Ամորձիների արտազատուկը, խառնվելով սերմնաբշտերի (գտնվում են միզապարկի և ուղիղ աղիքի միջև) արտազատուկին, առաջացնում է սերմը, որը, սերմնավիժող ծորանով անցնելով շագանակագեղձի հաստության միջով, բացվում է միզուկի մեջ։
Տղաների սեռական հասունացումն սկսվելու մասին են վկայում առաջին երազախաբությունները (ակամա սերմնաժայթքումներ), որոնք դեռահասների և պատանիների մոտ լինում են շաբաթը 1 անգամ։ Չափազանց կարևոր է, որ դեռահասը սեռական հասունացման մասին ճիշտ պատկերացում ունենա։ Տղաները պետք է իմանան, որ երազախաբությունն օրինաչափ, բնական երևույթ է, և պետք է զերծ մնան ցանկասիրության վաղաժամ արթնացումից։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խողովակների համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամորձին արտաքինից պատված է խիտ թելակազմ պատյանով, որը կոչվում է սպիտակավուն պատյան[4]։ Սպիտակավուն պատյան տակ շատ ոլորված խողովակներ կան, որոնք կոչվում են սերմնային ոլորուն խողովակիկներ[4]։ Խողովակիկները ներսից ծածկված են սերմնածին էպիթելով, որտեղ գտնվող գոնոցիտներից սեռահասունություններից մինչև ծերություն զարգանում են սերմնային բջիջներ (նաև կոչվում են սպերմատոզոիդներ կամ արական գամետներ)[4]։ Զարգացող սպերման սերմնային խողովակիկներից շարժվում է դեպի ամորձու ցանց, որը տեղակայված է ամորձու միջնորմի հաստության մեջ, այնուհետև շարժվում է դեպի արտատար (էֆերենտ) ծորաններ, որտեղից էլ դեպի մակամորձի, որտեղ նոր առաջացած սերմնային բջիջները հասունանում են (սպերմատոգենեզ)[5]։ Այնուհետև սպերմը տեղափոխվում է սերմնածորան, որը բացվում է միզուկի մեջ և մկանային կծկումների միջոցով միզուկի արտաքին բացվածքով դուրս է գալիս[5]։
Բջջային կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերմնային ոլորուն խողովակիկների ներսում սպերմատոգենեզի ընթացքում գոնոցիտներից առաջանում են սպերմատոգոնիաներ, սպերմատոցիտներ, սպերմատիդներ և սպերմատոզոիդներ։ Գամետները պարունակում են քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ[6]։ Սերտոլիի բջիջները, որոնք սերմնային խողովակիկների էպիթելային բջիջներն են, անհրաժեշտ են գոնոցիտներից սպերմատոզոիդների զարգացմանը խթանելու համար։ Սերտոլիի բջիջները արտադրում են ինհիբին[7]։ Մկանային բջիջները շրջապատում են սերմնային խողովակիկները[8]։
Սերմնային խողովակիկների միջև գտնվում են ինտեստիցիալ բջիջներ, որոնք կոչվում են Լեյդիգի բջիջներ[9]։ Սրանք արտադրում են տեստոստերոն և այլ անդրոգեններ, որոնք անհրաժեշտ են սեռահասունացման (ներառյալ երկրորդային սեռական հատկանիշների, օրինակ՝ դիմային մազածածկույթի զարգացման համար), սեռական վարքագծի և լիբիդոյի համար։ Սերտոլիի բջիջները խթանում են սպերմատոգենեզը[10]։ Տեստոստերոնը կառավարում է ամորձու ծավալը։
Անհաս Լեյդիգի բջիջներ, ինտեստիցիալ մակրոֆագեր և էպիթելային բջիջներ նույնպես առկա են։
Արյունամատակարարում և ավշային արտահոսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամորձին երեք աղբյուրներից է զարկերակային արյուն ստանում՝ ամորձային զարկերակից, սերմնածորանային զարկերակից և ամորձին բարձրացնող մկանի զարկերակից[11]։ Ամորձու և ամորձապարկի արյունամատակարարումը և ավշային արտահոսքը միմյանցից անջատ է կատարվում․
- Զույգ ամորձային զարկերակները սկսվում են անմիջապես որովայնային աորտայից և, աճուկային խողովակով իջնելով ցած, անոթավորում է ամորձին, մինչդեռ ամորձապարկը և արտաքին սեռական օրգանները անոթավորում է ներքին ամոթույքային զարկերակը (ներքին զստային զարկերակի ճյուղ)[12][13]։
- Ամորձիները ունեն նաև համակողմնային արյունամատակարարում ամորձին բարձրացնող մկանի զարկերակով (վերորովայնային ստորին զարկերակի ճյուղ է, որն էլ արտաքին զստային զարկերակի ճյուղ է) և սերմնածորանային զարկերակով (ստորին միզապարկային զարկերակի ճյուղ է, որն էլ ներքին զստային զարկերակի ճյուղ է)[14][15]։ Ուստի, եթե ամորձային զարկերակը խցանվի, օրինակ՝ Ֆովլեր-Ստեվենսի օրխիոպեքսիայի ժամանակ, ամորձինները չեն տուժում, քանի որ արյունամատակարարում չի խախտվում[16]։
- Ամորձուց երակային արյունն արտահոսում է ամորձային երակներով, որոնք սերմնալարի կազմի մեջ առաջացնում են ողկուզանման երակային հյուսակը (plexus venosus pampiniformis): Աջ ամորձային երակները բացվում են ստորին սիներակի մեջ, ձախ ամորձային երակները՝ ձախ երիկամային երակի մեջ։
- Ամորձուց ավիշը արտահոսում է դեպի հարաորտային (նաև կոչվում է գոտկային) ավշային հանգույցներ, մինչդեռ ամորձապարկից այն հոսում է դեպի աճուկային ավշային հանգույցներ[12][15]։
Հեմատոտեստիկուլյար պատնեշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր մոլեկուլները չեն կարող անցնել արյունից սերմնային խողովակների լուսանցք՝ ի շնորհիվ հարևան Սերտոլիի բջիջների միջև առկա սերտ միացումների շնորհիվ։ Սրանցով սերմնային խողովակիկի լուսանցքը բաժանում է երկու մասի՝ 1) հիմային մաս, որտեղ գտնվում են սպերմատոգոնիումներ, 2) ադլյումինալ մաս, որտեղ առկա են I և II կարգի սպերմատոցիտներ, սպերմատիդներ, սպերմատոզոիդներ[17]։
Հեմատոտեստիկուլյար պատնեշի հիմնական ֆունկցիաներից է այն, որ կանխում է աուտոիմուն ռեակցիան[12]։ Քանի որ սերմնահեղուկը իր հակածիններով տարբերվում է մյուս հյուսվածքներից, ուստի արու կենդանու մոտ կարող է հակամարմիններ արտադրվեն իր իսկ սերմնաբջիջների դեմ[12]։
Սերմնաբջիջների հակածինների ներարկումը հանգեցնում է ամորձիների բորբոքում (աուտոիմուն օրխիտ) և պտղաբերությունը նվազում է[12]։ Ուստի հեմատոտեստիկուլյար պատնեշը նվազեցնում է սերմնաբջջի սպիտակուցների դեմ իմունային պատասխանի առաջացումը[18]։
Ջերմակարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին Կառլ Ռիչարդ Մուրը[19] ենթադրեց, որ ամորձիները ունեն արտաքին տեղակայում, քանի որ սպերմատոգենեզը ակտիվ տեղի է ունենում բուն մարմնի ջերմաստիճանից ավելի ցածր ջերմաստիճանում։ Սպերմատոգենեզը քիչ արդյունավետ է 33°C ջերմաստիճանից բարձր կամ ցածր պայմաններում։ Քանի որ ամորձիները մարմնի խոռոչից դուրս են գտնվում, ամորձապարկի փափուկ հյուսվածքները կարող են այն մոտեցնել մարմնին կամ հեռացնել մարմնից[4]։ Ամորձիների ջերմաստիճանը պահպանվում է 34.4°C-ը` մարմնի ջերմաստիճանից փոքր-ինչ ցածր, քանի որ 36.7°C ջերմաստիճանից բարձր պայմաններում սպերմատոգենեզը խաթարվում է[4][20]։ Կան բազում մեխանիզմներ ամորձիների օպտիմալ ջերմաստիճանը պահպանելու համար[21]։
Ամորձին բարձրացնող մկանը (musculus cremaster) ծածկում է ամորձիները և սերմնալարը[22]։ Երբ այս մկանը կծկվում է, սերմնալարը կարճանում է և ամորձիները ավելի են մոտենում մարմնին, ինչը տաքություն է հաղորդում դրանց և պահպանվում է օպտիմալ տեստիկուլյար ջերմաստիճանը[22]։ Երբ անհրաժեշտ է ամորձիների ջերմաստիճանը նվազեցնել, ամորձին բարձրացնող մկանը թուլանում է և ամորձիները հեռանալով տաք մարմնի մակերևույթից, նվազեցնում են ջերմաստիճանը[22]։ Այս մկանի կծկումը տեղի է ունենում նաև ֆիզիկական սթրեսին ի պատասխան (օր.` բութ վնասվածքներ). ամորձապարկի ձգվում և մոտեցնում է ամորձիները մարմնին, որպեսզի դրանք չվնասվեն[23]։
Կրեմաստերիկ ռեֆլեքսի շնորհիվ ամորձիները ակամա բարձրանում են։ Ամորձիները կարող են նաև կամովի բարձրանալ ցայլապոչուկային մկանի շնորհիվ։
Գենային և սպիտակուցային էքսպրեսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու գենոմը մոտավորապես ներառում է 20000 սպիտակուց կոդավորող գեներ, որոնց 80%-ը ենթարկվում են էքսպրեսիայի մեծահասակների ամորձիներում[24]։ Ամորձիները ունեն ամենաբարձր հյուսվածք-սպեցիֆիկ գեների քանակը` ի տարբերություն մյուս օրգանների և հյուսվածքների[25]։ Մոտ այդ գներից 1000-ը բացառապես հատուկ են միայն ամորձիներին[24], իսկ 2200-ը ցույց են տալիս ավելի մեծ էքսպրեսիայի արագություն։ Այս գեների մեծ մասը կոդավորում է սպիտակուցներ, որոնք էքսպրեսիայի են ենթարկվում սերմնային խողովակիկներում և ունեն սպերմատոգենեզի հետ կապակցված գործառույթներ[25]։ Սպերմատոզոիդները էքզպրեսիայի են ենթարկում սպիտակուցներ, որոնք հանգեցնում են մտրակի առաջացմանը. այս նույն սպիտակուցները սինթեզվում են նաև կնոջ արգանդափողերի ներքին շերտի բջիջների կողմից` հանգեցնելով թարթիչների առաջացմանը։ Սպերմատոզոիդների մտրակները և արգանդափողերի թարթիչները հոմոլոգ կառույցներ են։ Ամորձի-սպեցիֆիկ սպիտակուցները, որոնք էքսպրեսիայի ամենաբարձր մակարդակն են դրսևորում, պրոտամիններն են[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ United States National Library of Medicine Medical Subject Headings
- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/258.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Cho, S; Bae, J.H. (2017). «Penis and Testis». Clinical Regenerative Medicine in Urology. Springer. էջ 281. ISBN 978-9-81-102723-9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 5,0 5,1 Pocock, Gillian; Richards, Christopher D.; Richards, David A. (2018). Human Physiology. Oxford University Press. էջ 766. ISBN 978-0-19-873722-3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Histology, A Text and Atlas Արխիվացված 2023-06-29 Wayback Machine by Michael H. Ross and Wojciech Pawlina, Lippincott Williams & Wilkins, 5th ed, 2006[Հղում աղբյուրներին]
- ↑ Huhtaniemi, Ilpo (2018). Encyclopedia of Endocrine Diseases. Academic Press. էջ 667. ISBN 978-0-12-812200-6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Schlegel, P.N.; Katzovitz, M.A. (2020). «Male Reproductive Physiology». Urologic Principles and Practice. Springer Nature. էջ 50. ISBN 978-3-03-028599-9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Bitzer, Johannes; Mahmood, Tahir A. (2022). Handbook of Contraception and Sexual Reproductive Healthcare. Cambridge University Press. էջ 16. ISBN 978-1-10-895863-9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Miell, John; Davies, Zoe (2014). «Reproductive function in the male». Clinical Biochemistry: Metabolic and Clinical Aspects. Elsevier Health Sciences. էջ 451. ISBN 978-0-70-205478-5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Goldenberg, Etai; Benjamin, Tavya G.R; Gilbert, Bruce R. (2020). «Scrotal Ultrasound». Practical Urological Ultrasound. Springer Nature. էջ 80. ISBN 978-3-03-052309-1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Steger, Klaus; Weidner, Wolfgang (2011). «Anatomy of the Male Reproductive System». Practical Urology: Essential Principles and Practice. Springer Science & Business Media. էջ 63. ISBN 978-1-84-882034-0. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Tortora, Gerard J.; Nielsen, Mark (2017). Principles of Human Anatomy. John Wiley & Sons. էջ 486. ISBN 978-1-11-944446-6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Pua, Bradley B.; Covey, Anne M.; Madoff, David C. (2018). Interventional Radiology: Fundamentals of Clinical Practice. Oxford University Press. էջ 533. ISBN 978-0-19-027625-6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 15,0 15,1 Berney, Daniel M; Ulbright, Thomas M. (2015). «Anatomy of the Testis and Staging of its Cancers: Implications for Diagnosis». Genitourinary Pathology: Practical Advances. Springer. էջ 436. ISBN 978-1-49-392044-0. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Aboumarzouk, Omar M. (2019). Blandy's Urology. John Wiley & Sons. էջ 747. ISBN 978-1-11-886336-7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Սահակյան, Կարմեն (2013). Հյուսվածաբանություն (PDF). Երևան: ԵՊԲՀ. էջ 367.
- ↑ Wiser, Herbert J.; Sandlow, Jay; Kohler, Tobias S. (2012). «Causes of Male Infertility». Male Infertility: Contemporary Clinical Approaches, Andrology, ART & Antioxidants. Springer Science & Business Media. էջ 8. ISBN 978-1-46-143335-4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Moore, Carl R. (1926). «The Biology of the Mammalian Testis and Scrotum». The Quarterly Review of Biology. 1 (1): 4–50. doi:10.1086/394235. ISSN 0033-5770.
- ↑ Steger, Klaus; Weidner, Wolfgang (2011). «Anatomy of the Male Reproductive System». Practical Urology: Essential Principles and Practice. Springer Science & Business Media. էջեր 57–59. ISBN 978-1-84-882034-0. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Coad, Jane; Pedley, Kevin; Dunstall, Melvyn (2019). Anatomy and Physiology for Midwives E-Book. Elsevier Health Sciences. էջեր 53–54. ISBN 978-0-70-206665-8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 de Jong, M. Robert (2020). Sonography Scanning E-Book: Principles and Protocols. Elsevier Health Sciences. էջ 343. ISBN 978-0-32-376425-4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Song, David H; Neligan, Peter C (2017). Plastic Surgery E-Book: Volume 4: Trunk and Lower Extremity. Elsevier Health Sciences. էջ 293. ISBN 978-0-32-335707-4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 24,0 24,1 Uhlén, Mathias; Fagerberg, Linn; Hallström, Björn M.; Lindskog, Cecilia; Oksvold, Per; Mardinoglu, Adil; Sivertsson, Åsa; Kampf, Caroline; Sjöstedt, Evelina (2015 թ․ հունվարի 23). «Tissue-based map of the human proteome». Science (անգլերեն). 347 (6220): 1260419. doi:10.1126/science.1260419. ISSN 0036-8075. PMID 25613900. S2CID 802377.
- ↑ 25,0 25,1 Djureinovic, D.; Fagerberg, L.; Hallström, B.; Danielsson, A.; Lindskog, C.; Uhlén, M.; Pontén, F. (2014 թ․ հունիսի 1). «The human testis-specific proteome defined by transcriptomics and antibody-based profiling». MHR: Basic Science of Reproductive Medicine. 20 (6): 476–488. doi:10.1093/molehr/gau018. ISSN 1360-9947. PMID 24598113.
- ↑ Hammoud, S; Carrell, D.T. (2011). «The Emerging Role of the Sperm Epigenome and its Potential Role in Development». Biennial Review of Infertility: Volume 2, 2011, Volume 2;Volume 2011. Springer Science & Business Media. էջ 184. ISBN 978-1-44-198456-2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածի սկզբնական տարբերակը վերցված է Դպրոցական Մեծ հանրագիտարանի Ամորձիներ հոդվածից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 327)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամորձի» հոդվածին։ |
|