Ակրոկորնթոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակրոկորնթոս
Նկարագրություն
ՏեսակԱկրոպոլիս, հնագիտական հուշարձան և դղյակ
ՏեղագրությունArchaea Korinthos?
Վարչական միավորCorinth Municipality?
Երկիր Հունաստան
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Acrocorinth Վիքիպահեստում
Ակրոկորնթոսի համայնապատկերը
Ակրոկորնթոսի առաջին դարպասը
Ակրոկորնթոսը հեռվից
Պարիսպների շարքերը հյուսիսային կողմում

Ակրոկորնթոս (հուն․՝ Ακροκόρινθος. նշանակում է Վերին Կորնթոս) - Հունաստանի հին Կորնթոս քաղաքի ակրոպոլիսը (միջնաբերդը), որ գտնվում է հին քաղաքի ավերակների վերևում բարձրացող ժայռի վրա (ժամանակակից Կորնթոս քաղաքն ավելի հեռու է ընկած)։ Որպես ռազմական պաշտպանական կառույց գոյությունը պահպանել է հին ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբը։ Տեղանքի նպաստավոր մակերևույթը պաշտպանական հարմարավետ դիրք էր ապահովում, նամանավանդ, որ պաշտպանվողների տրամադրության տակ խմելու ջրի մշտական աղբյուր կար պարիսպների ներսում։ Բերդն իր հսկողության տակ էր պահում Պելոպոնեսը մայր երկրին կապող Կորնթոսի պարանոցը և հանդիսանում էր վերջին արգելքը հյուսիսից դեպի Պելոպոնես տանող ճանապարհին։ Պատմաբան և ռազմագետ Ջորջ Ֆորեսթի գնահատմամբ՝ դա ամենահզոր ամրությունն է եղել բուն Հունաստանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական ժամանակաշրջանում բերդը, որտեղ հաստատվել էր Էլլադայի զիվորական թեմի ստրատեգը, մեծապես ամրացվել է։ Բլրի շուրջ երեք շարք պարիսպներ են բարձրացվել, իսկ բարձունքի վրա գտնվել է Աֆրոդիտե աստվածուհու տաճարը (ավելի ուշ ժամանակներում այդ տաճարը դարձել է քրիստոնեական եկեղեցի, ապա՝ մուսուլմանական մզկիթ)։ Հետագա դարերում, մեկը մյուսին հաջորդելով, այստեղ տերություն են արել խաչակրաց չորրորդ արշավանքի մասնակիցները, Վենետիկի հանրապետության ռազմիկները, թուրքերը։

Հին հույն ճանապարհորդ, աշխարհագրագետ Պավսանիասը իր «Էլլադայի նկարագրությունը» աշխատությունում մեջ է բերել կորնթոսյան առասպելը, ըստ որի՝ Կորնթոս քաղաքը վեճի առարկա է դարձել Պոսեյդոնի (այսինքն՝ ծովի) և Հելիոսի (արևի) միջև։ Նրանց վեճը լուծող դատավոր է կարգվել Հեկատոնքեյրոսներից մեկը՝ Բրիարոսը, որը վճռել է՝ Կորնթոսի պարանոցը պատկանելու է Պոսեյդոնին, Ակրոկորնթոսը՝ Հելիոսին[2][3]։

Պարիսպների ներսում գտնվող Վերին Պիրենե աղբյուրի մասին էլ Պավսանիասն իր այդ նույն աշխատության մեջ գրում է. «Ասում են, թե տաճարի ետևում գտնվող աղբյուրը Ազոպոսի ընծան է Սիզիփոսին։ Ըստ ժողովրդական ավանդազրույցի՝ վերջինս տեղյակ է լինում, որ Ազոպոսի դուստր Էգինային Զևսն առևանգել է, բայց աղջկան փնտրողներին հրաժարվում է որևէ բան հաղորդել, մինչև չի ստանում Ակրոկորնթոսի աղբյուրը՝ որպես ընծա»[4]։

1929 թվականին Կորնթոսի պեղումների ամերիկյան գիտական դպրոցի մասնագետները պեղումեր, հետազոտություններ, ուսումնասիրություններ են կատարել Ակրոկորնթոսում, որը ներկայումս համարվում է հին և միջնադարյան Հունաստանի պատմությամբ հետաքրքրվողների համար ամենակարևոր պաշտպանական կառույցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forrest, in John Boardman, Jasper Griffin and Oswyn Murray, Greece and the Hellenistic World (Oxford History of the Classical World) 1988, vol. I p. 31.
  2. Pausanias. Description of Greece, 2.1.6.
  3. Pausanias. Description of Greece, 2.4.7.
  4. Pausanias. Description of Greece, 2.5.1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Else Höffer: Akro-Korinth. In: Reclams Universum: Moderne illustrierte Wochenschrift 27.2 (1911), S. 1021–1023.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակրոկորնթոս» հոդվածին։