Ակվաֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չպետք է շփոթել Հիդրոֆոբիայի հետ:

Ակվաֆոբիա (հին հուն. ὕδωρ և լատ. aqua — «ջուր» և φόβος — «վախ»), մշտական և անբնական վախ ջրից: Ֆոբիայի այս տեսակն ընդգրկում է ջրից վախի այնպիսի մակարդակ, որը վեր է հիվանդի վերահսկողությունից կամ կարող է ազդել նրա առօրյա կյանքի վրա[1]: Մարդկանց մոտ ակվաֆոբիան դրսևորվում է շատ տարբեր ձևերով, և նրանք կարող են այդ վախն ապրել նույնիսկ եթե գիտակցում են, որ օվկիանոսի, գետի կամ լոգարանի ջուրը ոչ մի վերահաս վտանգ չի ներկայացնում: Կարող են խուսափել այնպիսի ակտիվություններից, ինչպիսիք են նավակով զբոսանքն ու լողը, կամ կարող են խուսափել խորը օվկիանոսներում լողալուց՝ չնայած լողի հրաշալի հմտություններին[2]: Ակվաֆոբիան երբեմն կարող է դրսևորվել, նույնիսկ երբ մեկն անսպասելիորեն թրջվում կամ ցողվում է ջրով կամ, երբ մեկին հրում, գցում են ջուրը:

Տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվաֆոբիան պարզ ֆոբիաների շարքում առավել տարածված ենթատիպերից է: Մտահոգեբանական խանգարումների մասին մի հոդվածում Լինդելն ու Սթեֆենսոնը ենթադրում են, որ ակվաֆոբիան կարող է դրսևորվել իսլանդական ընդհանուր բնակչության 1,8%-ի մոտ, կամ, կոպիտ ասած, յուրաքանչյուր 50-ից 1-ի մոտ[3]:

Դրսևորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանները նշում են, որ ակվաֆոբիան մարդկանց մոտ դրսևորվում է որոշակի ապրումների ու գենետիկական գործոնների համակցության միջոցով[4]: 37-ամյա մի մեդիա պրոֆեսոր նշել է, որ իր վախը դրսևորվում է նախ «սուր ցավով, ապա ճակատային մասի ծանրությամբ»: Բացի այդ նա ունեցել է շնչահեղձության զգացում, տեղ-տեղ տագնապի նոպաներ և հեղուկ օգտագործելու անհրաժեշտության պակաս[5]: 22 տարեկան մի կին էլ պնդում է, որ վախենում է խեղդվելուց, ինչ իրեն հիշում է. «Մտածում եմ այն մասին, թե ինչպես եմ ջրի տակն անցնում, պայքարում կյանքիս համար, ինչպես է շունչս կտրվում և, թե ինչպես է ջուրը լցվում բերանս ու թոքերս: Այդ միտքն անգամ ինձ համար սարսափելի է: Ջրում խեղդվելը մահվան ամենասարսափելի տեսակն է: Իմ ընկերը (փրկարար ծովափում) ասում է, որ ես պետք է հաղթահարեմ այդ վախը, բայց ես խնդրում եմ, որ նա չպնդի: Ես չափազանց շատ եմ վախենում»[6]: Այս դրսևորումները կարող են խորը ազդեցություն ունենալ մարդու առողջության, աշխատանքի, ինքնավստահության և ընդհանուր բարօրության վրա:

Հայտնի ակվաֆոբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվաֆոբիայով տառապողների շարքում են Նատալի Վուդը (ամերիկյան դերասանուհի), Միշել Պֆայֆերը (ամերիկյան դերասանուհի), Կարմեն Էլեկտրան (ամերիկյան մոդել, երգչուհի և դերասանուհի), Վայնոնա Ռայդերը (ամերիկյան դերասանուհի): Հաստատված է, որ Նատալի Վուդը ամբողջ կյանքում տառապել է ակվաֆոբիայով և խեղդվել է Կալիֆորնիայի Սանտա-Կատալինա կղզու մոտ[7]:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վախ ջրից» տերմինի հունարեն ճշգրիտ տարբերակը հիդրոֆոբիան է, ὕδωρ (hudōr), «ջուր» և φόβος (phobos), «վախ» բառերից[8]: Այնուամենայնիվ, այս բառն անգլերեն լեզվում երկար ժամանակ օգտագործվել է նկարագրելու համար, մասնավորապես, ջրվախության (նաև՝ կատաղախտ) հետագա փուլերը, ինչն իրենից ներկայացնում է մարդկանց մոտ կուլ տալու դժվարություն, հեղուկներ խմելու վախ և ծարավը հագեցնելու անկարողություն:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edmund J. Bourne, The Anxiety & Phobia Workbook, 4th ed, New Harbinger Publications, 2005, ISBN 1-57224-413-5
  2. Dr. Kennedy's cumulative Vocabulary Course
  3. Acta Psychiatrica Scandinavica 1993 Jul;88(1):29-34.
  4. Lynne L. Hall, Fighting Phobias, the Things That Go Bump in the Mind, FDA Consumer Magazine, Volume 31 No. 2, March 1997
  5. Ajinkya. "Cognitive Hypnotherapy for Panic Disorder with Aquaphobia". Sleep and Hypnosis. 17.
  6. Стивен Джуан. Странности наших фобий: Почему мы боимся летать на самолетах? / Серия «Занимательная психология». — ООО «РИПОЛ Классик», 2012.
  7. Стивен Джуан. Странности наших фобий: Почему мы боимся летать на самолетах? / Серия «Занимательная психология». — ООО «РИПОЛ Классик», 2012.
  8. φόβος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus