Ախալքալաքի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախալքալաքի հայկական տպագրություն
Տեսակտպարան
Հիմնադրված է1906
ՀիմնադիրՄիսաք և Ալեքսանդր Գրիգորյան
ՎայրԱխալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Երկիր Վրաստան

Ախալքալաքի հայկական տպագրություն, Ախալքալաքի առաջին տպարանը, որը հիմնադրվել է XIX դարի վերջին Միսաք և Ալեքսանդր Գրիգորյան եղբայրների կողմից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրները տպարանի արքավորումները հավանաբար բերել են իրենց ծննդավայրի՝ Ախալցխայի տպարաններից։ 1905-1906 թվականներին նրանք Գերմանիայից ձեռք են բերել անգլիական տպագրա­կան նոր սարքավորումներ, մեքենաներ։

Նախնական շրջանում այնտեղ տպագրվել են զանազան ազդագրեր, հայտարարություններ ու փաստաթղթերի ընդունված տպաձևեր, կատարվել են քաղաքացիական և զինվորական պատվերներ։ Առաջին հրատարակված գիրքը «Ախալքալաքահայ Հայոց Ս. Մեսրոբեան և Ս. Սանդուխտեան ծխական երկսեռ երկդասեան ուսումնարանների 1905-1906, 1906-1907 եւ 1907-1908 թվականների հաշիւը» գիրքն է (1908), ապա Միքայել Մութաֆյանի «Տանջանքի բովից» ար­ձակ ստեղծագործություն­ների ժողովածուն (1914), Վարդան Այվազյանի (Այվազի) «Կեանքի ճամբին (Մենության խոհեր)» գրքույկը (1914) և այլն։ Այդ տպարանում է տպագրվել նաև Վարդան Շահպարոնյանի հիմնադրած «Ջաւախք» շաբաթաթերթը (1913–1916)՝ հավելվածներով։

1918 թվականին թուրքերը գրավել են Ախալքալաքը, տպարանը քանդել են և սարքավորումները տեղափոխել են Արդահան։ Պատերազմի ավարտից հետո տպարանատերերին հաջողվել է դրանք Արդահանից փոխադրել Ախալքալաք և տպարանը վերագործարկել։ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո տպարանը պետականացվել է, 1924–1925 թվականներին այնտեղ տպագրվող գավառական թերթի անունով տպարանը կոչվել է «Կարմիր Ջավախք», 1925–1926 թվականներին տպարանում հրատարակել է նաև «Ռանչպար» թերթը։ 1931 թվականին տպարանի հիմքի վրա ստեղծվել է Ախալքալաքի շրջանային տպարանը, որտեղ տպագրվել է «Սոցիալիստական անասնաբուծություն» թերթը։ Հետագա տասնամյակներում այնտեղ հրատարակվել են հայերեն, վրացերեն ու թուրքերեն մի շարք թերթեր՝ «Բոլշևիկյան կոլխոզ» (1933–1949), «Ստալինյան ուղիով» (1934–1935), «Բոլշևիկուրի կոլմեուրնեոբա» (1937–1942), «Օքտոմբրիս դրոշիթ» (1950–1955, երկուսն էլ՝ վրացերեն), «Հոկտեմբերի դրոշով» (1956–1961), «Կարմիր դրոշ» (1962–1965), «Փարոս» (1965–1999) և այլն։

Ախալքալաքում 1967 թվականից վերականգնվել է նաև գրատպությունը. լույս են տեսել Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի անդամների և Ջավախքի երիտասարդ ստեղծագործողների գրքերը։ Վերջին 4 տասնամյակում Ախալքալաքի տպարանում լույս են տեսել շուրջ 100 անուն հայերեն գրքեր՝ ավելի քան 200․000 ընդհանուր տպաքանակով. «Ջավախքի կանչեր» (1979), Աշուղ Թիֆիլու «Երգերը» (1982), «Ջավախքի ժողովրդական երգեր» (1985), «Ջավախքի գուսանների երգեր» (1987), «Ջավախքի ղողանջներ» (1990) և այլ ժողովածուներ։ Տպագրվել են Դ. Բագրատունու, Վ. Ավագյանի, Ս. Սիմավորյանի, Ն. Կիրակոսյանի, Ա. Նուրբեկյանի, Գ. Եթերի, Ռ. Ջավախի, Կ. Ղարսլյանի, Գ. Հայասայի, Վ. Հովսեփյանի, Գ. Արոյանի, Օ. Օքրոյանի, Ս. Արոյանի և ուրիշների ստեղծագործությունների ժողովածուները, նաև վրացերեն ու ռուսերեն գրքեր, կատարվել Ախալցխայի, Ասպինձայի, Ադիգենի, Նինոծմինդայի, Ծալկայի և այլ շրջանների տպագրության պատվերներ, պատրաստվել ազդագրեր ու պաստառներ, գովազդային նյութեր։

Ներկայում այստեղ են տպագրվում «Քաջատուն», «Հարավային դարպաս» և Ջավախքի գրողների միության պաշտոնաթերթ «Ձայն հարության» ամսաթերթերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միսաք Գրիգորյանի». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։