Ախալցխայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախալցխայի հայկական տպագրություն
Հիմնել էՄկրտիչ Ղալամքարյան

Ախալցխայի հայկական տպագրություն, Վրաստանում հայկական առաջին գավառական տպարանը հիմնադրվել է Ախալցխայում 1880-ական թվկանների սկզբներին, երբ վրացաբնակ գավառներում դեռևս տպարաններ չկային։

Հիմնադիր՝ Մկրտիչ Ղալամքարյան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885-թվականին Խորեն Ստեփանեի խմբագրությամբ այստեղ լույս է տեսել «Մանկավարժանոց» հանդեսը (4 համար) և, որպես հավելված, «Մի կողով ելակ» մանկական դրաման։ Այստեղ են տպագրվել նաև Հարություն Մաղաքյան «Քանդած օջախ» (1889 թվական), «Որբուկի օրը» (1891 թվականին թարգմանվեց) գրքույկները, «Հաշիւ Կովկասի հայոց բարեգործական ընկերութեան Ախալցխայի ճիւղին» (1898 թվական) հաշվետվությունը։

19-րդ դարի վերջերին տպարան է հիմնադրել նաև Խորեն Ասմարյանը։

1896 թվականին լույս է ընծայել Հենրիկ Սենկևիչի «Գնանք նորա յետեւից» պատմվածքը, երաժշտագետ Շահան Սիմոնի «Պատարագի երգեցողութիւն»-ի 4 գրքույկը (1900, 1906, 1907, 1909 թվականներին), Նիկողայոս Հովհաննիսյանի «Լիզա» (1907 թվական) կատակերգությունը։

Մյուս տպարանը պատկանել է Մ. Ճուլարտյանին, որտեղ տպագրվել են տեղեկատվական գրքույկներ՝ հայ կաթոլիկների գործունեության վերաբերյալ։

1907 թվականին այստեղ հրատարակվել է Պողոս Քաջվորյանի «Սգոյ գիշեր» գրքույկը, 1909 թվականին՝ «Ի սգալի մահ վաղամեռիկ Անտոնի կիսասարկավագի Փիլոսեան Արդուինցւոյ» մահագրականը։

20-րդ դարի սկզբներին տպարան են հիմնադրել Մարտիրոս և Հայկ Մարտիրոսյան եղբայրները։

1905 թվականին լույս են ընծայել 3 գիրք՝ Ս. Կլայեկչյանի «Բարի ընկերս» վեպը, Սարգիս Խոջայան-Խաչատրյանի «Նոր վէպիկը» և «Արեան վրէժ» գրքույկը, ապա՝ «Ազգային քնար։ Երգարան» (1906 թվական) հայրենասիրական երգերի ժողովը, Պերճ Գայֆեճյանի «Հովիկ» արձակ բանաստեղծությունների 2 պրակը (1906 թվական) և «Կեանքի գնով» (1909 թվական) ժողվը, «Մարդկային կրքերի դաստիարակութեան կանոններ» (1907 թվական) թարգմանչական գիրքը, Սիոն վարդապետ Տեր-Մանվելյանի «Եզիդի կուրմանժ» (1910 թվականին) ուսումնասիրությունը ևն։ Այստեղ է լույս տեսել նաև ՀՅԴ Ախալցխայի կազմակերպության «Շարժում» (1917–1918 թվականներին) պաշտոնաթերթը՝ հավելվածներով՝ Մ. Զարաֆյանի «Ինչպէս հիմնենք սպառողական ընկերութիւններ գիւղում», Վահրամ Գայֆեճյանի «Սահմանադիր ժողով» (երկուսն էլ՝ 1917 թվական) ուսումնասիրությունները։

1910-ական թվականների կեսերից գործել է նաև Հեպիպյան եղբայրների տպարանը. լույս է ընծայել գովազդային նյութեր, հայտարարություններ, ինչպես նաև Կովկասի հայոց բարեգործական ընկերության Ախալցխայի մասնաճյուղի գործունեությունը լուսաբանող թերթ (1917 թվական)։

Ախալցխայի հայկական տպարաններում տպագրվել են նաև վրացական, ռուսական և թուրքական առանձին թերթոններ ու հայտարարություններ։

Տպարանները գործել են մինչև 1918 թվականի կեսերը, երբ թուրքական զորքերը պաշարել են քաղաքը։

Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ախալցխայում մնացել է միայն Մարտիրոսյան եղբայրների տպարանը, որը պետականացվել է։

1931–1934 թվականներին այնտեղ տպագրվել է «Դեպի սոցիալիզմ» (հայական, թուրքական) շրջանային թերթը, որին հաջորդել են «Կոմունիստ» (1934–1938 թվականներին), «Ունևոր կյանք» (1939–1944 թվականներին), «Ծիթելի դրոշա-Կարմիր դրոշ» (հայկական, ռուսական, վրացական, 1944–1991) թերթերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։