Ալեքսանդրա Շչեկատիխինա-Պոտոցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Շչեկատիխինա-Պոտոցկայա
Ծնվել էմայիսի 8 (20), 1892
ԾննդավայրԶապորոժիե, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1967(1967-10-23)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ալեքսանդրա Վասիլևնա Շչեկատիխինա-Պոտոցկայա (ռուս.՝ Алекса́ндра Васи́льевна Щекати́хина-Пото́цкая, մայիսի 8 (20), 1892, Զապորոժիե, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1967(1967-10-23)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարչուհի, գրաֆիկ, ճենապակու նկարազարդման վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրան դաստիարակվել է պատրիարքական հնադավանական ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրովյան գիմնազիայում։ Ավարտելուց հետո՝ 1908 թվականին, մեկնել է Պետերբուրգ։ 1908-1915 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Նկարիչների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում՝ Իվան Բիլիբինի, Նիկոլայ Ռերիխի (1913-1915), Յան Ցիոնգլինսկու, Վլադիմիր Շչուկոյի մոտ[2]։

1910 թվականին, որպես խրախուսանք, իրավունք է ստացել ճանապարհորդել Ռուսաստանի հյուսիսում։ Շչեկատիխինայի հետ ճամփորդությանը մասնակցել է նաև նկարչական դպրոցի աշակերտուհի Մարիա Լեբեդևան։ 1912 թվականի ամռանը, մյուս աշակերների հետ միասին, նա աշխատել է Նիկոլայ Ռերիխի հետ Տալաշկինոյի Սուրբ Հոգու տաճարի նկարազարդման վրա[2]։

1913 թվականին գործուղվել է արտասահման և այցելել Հունաստան, Իտալիա և Ֆրանսիա։ Փարիզում սովորել է Ռանսոնի ակադեմիայում՝ Պոլ Սերյուզեի, Ֆելիքս Վալոտոնի և Մորիս Դենիի մոտ[2]։

Նկարչական դպրոցում ուսումն ավարտել է 1915 թվականին։ Դեռևս սովորելու տարիներին դիմել է դեկորատիվ կիրառական արվեստին, աշխատել օպերային բեմադրությունների ձևավորման վրա և ստեղծել բեմական զգեստներ։ 1918 թվականի դեկտեմբերին Սերգեյ Չեխոնինի կողմից հրավիրվել է աշխատելու նկարչական արվեստանոցի մասնաճյուղում, որը ստեղծվել է Շտիգլիցի ուսումնարանի հիման վրա։ Նույն թվականին սկսել է աշխատել Պետական ​​ճենապակու գործարանում, որտեղ աշխատել է նկարազարդումների էսքիզների և կոմպոզիցիաների վրա, իսկ ավելի ուշ՝ քանդակագործական ձևերի վրա։ Գործարանի արտադրանքի առաջին ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել 1918 թվականին, ցուցադրվել են նրա մոտ քսան աշխատանքներ։ Մինչ արտերկիր մեկնելը՝ հինգ տարի աշխատել է գործարանում, նրա աշխատանքները մասնակցել են բազմաթիվ ցուցահանդեսների երկրում և արտասահմանում։ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1925) մեդալ է ստացել։ 1923 թվականին նա Գժելի ​​ճենապակու գործարանից գործուղվել է Բեռլին՝ աշխատելու ճենապակու մանուֆակտուրայում[2]։

Իրավաբան Նիկոլայ Ֆիլիպովիչ Պոտոցկու հետ (1881-1920) իր առաջին ամուսնությունից ունեցել է որդի՝ Մստիսլավին (1916-1998)։

1923 թվականի փետրվարին ամուսնացել է Իվան Բիլիբինի հետ։ Տարեվերջին նա ամուսնու հետ ճամփորդության է մեկնել Եթովպիա, Պաղեստին, Սիրիա, Եգիպտոս։ Ճամփորդության ընթացքում կատարել է ճարտարապետական բազմաթիվ էսքիզներ, տեղի բնակչության հագուստներ, դեկորատիվ կիրառական արվեստի իրեր։ Ելնելով իր ճամփորդական տպավորություններից՝ ստեղծել է ճենապակու վրա գրաֆիկական աշխատանքներ և նկարների կոմպոզիցիաներ, որոնց թեման եղել է ինչպես Մերձավոր Արևելքի հին պատմությունը, այնպես էլ նրա ժամանակակից կյանքը։ 1925 թվականին ամուսինները մեկնել են Ֆրանսիա և բնակություն հաստատել Փարիզում։ Շչեկատիխինան աշխատել է թատրոնում, ինչպես նաև նկարներ է ստեղծել սևրյան և լիմոժյան ճենապակու համար[2]։ 1926 թվականին Դրուե պատկերասրահում տեղի է ունեցել նկարչի անհատական ​​ցուցահանդեսը։ Նրա նկարազարդումների էսքիզները Լիմոժի ճենապակու գործարանի համար ցուցադրվել են Միլանի միջազգային ցուցահանդեսում (1927) և արժանացել պատվավոր դիպլոմի[2]։

1936 թվականին Բիլիբինը և Շչեկատիխինան վերադարձել են Լենինգրադ։ Ալեքսանդրա Վասիլևնան շարունակել է աշխատել Լենինգրադի ճենապակու գործարանում՝ Նիկոլայ Սուետինի ղեկավարությամբ։ Պատերազմի ժամանակ ամուսինները մնացել են պաշարված քաղաքում։ Շչեկատիխինան չի դադարեցրել իր աշխատանքը գործարանում։ Այրիացել է 1942 թվականին։

1944 թվականին Ալեքսանդրա Վասիլևնան պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով[2]։

Մահացել է 1967 թվականին, թաղվել է Բոլշեոխտինսկոե գերեզմանատանը։

Ստեղծագործական ձեռագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն նկարիչներին, որոնց Սերգեյ Չեխոնինը ներգրավել է Պետական ​​ճենապակու գործարանում աշխատելու, ամենայուրօրինակ վարպետը Շչեկատիխինա-Պոտոցկայան է եղել։ Նրա հեղինակային ձեռագրի ձևավորման վրա ազդել է մանկուց իրեն ծանոթ ուկրաինական ժողովրդական արվեստը՝ աշխատանքը Տալաշկինոյում և դրա հետ կապված հին ռուսական դեկորատիվ արվեստի ուսումնասիրությունը, շփումը Ռերիխի հետ, ով նշանակալի դեր է խաղացել նրա զարգացման գործում, ուսումը Ռանսոնի ակադեմիայում։ Շչեկատիխինայի ճենապակու նկարազարդումները կատարվել են ճանաչելի «պայծառ, յուրօրինակ գեղատեսիլ ձևով»։

Նրա ստեղծագործությունները՝ թե՛ զուտ դեկորատիվ, թե՛ քարոզչական ճենապակին (որի վրա աշխատել է հիմնականում 1920-1921 թվականներին), կատարվել են միանման անկաշկանդ, արտասովոր լավատեսությամբ։ Արձանագրությունները հեշտությամբ և բնականաբար փոխարինվում են դեկորատիվ տարրերով և պատկերներով՝ ստեղծելով անբաժանելի ներդաշնակ կոմպոզիցիաներ։ Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխական թեմաներով ստեղծագործությունները կազմում են Շչեկատիխինա-Պոտոցկայայի ժառանգության մի փոքր մասը, դրանք շարունակում են մնալ խորհրդային քարոզչական ճենապակու ոլորտում նշանակալից երևույթներից մեկը[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսին՝ իրավաբան Նիկոլայ Ֆիլիպովիչ Պոտոցկի (1881-1920),
    • Որդին՝ Մստիսլավ (1916-1998),
  • Երկրորդ ամուսին՝ նկարիչ Իվան Բիլիբին (1876-1942)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Носкович В. С. Александра Васильевна Щекатихина-Потоцкая. — Л. : Художник РСФСР, 1959.
  • Александра Васильевна Щекатихина-Потоцкая: каталог выставки / Ленинградский Союз Советских художников; [сост. П. С. Мельцер, В. М. Шведова]. - Ленинград: Ленинградский худож., 1958. - 35, [1] с., [8] л. ил., портр.; 20 см.
  • Иван Яковлевич Билибин, 1876-1942. Александра Васильевна Щекатихина-Потоцкая, 1892-1967 : каталог выставки / Ленинградская орг. Союза худож. РСФСР ; [авт. вступ. ст. и сост.: Г. В. Голынец, С. В. Голынец]. - Ленинград: Худож. РСФСР, 1977. - 63 с., [8] л. ил. : ил.; 22 см.
  • Самецкая, Эльвира Борисовна. Щекатихина-Потоцкая, Александра Васильевна // Советский агитационный фарфор: [Альбом : Справочник- определитель]. — М., 2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]