Ազատանի միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատանի միջնակարգ դպրոց
Ազատանի միջնակարգ դպրոցի փոքր մասնաշենք
Ազատանի միջնակարգ դպրոցի փոքր մասնաշենք
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմիջնակարգ դպրոց
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱխուրյանի շրջան
ՀասցեՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ազատան, փողոց 19, շենք 17
Կայքazatan.schoolsite.am

ՀՀ կրթության և գիտության նախարարության Ազատանի միջնակարգ դպրոց - ՊՈԱԿ, հանրակրթական դպրոց Շիրակի մարզի Ազատան գյուղում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1836 թվականին ռուսական կառավարությունը մի դեկրետ հրապարակեց, ըստ որի՝ Էջմիածնի Մայր Աթոռին իրավունք էր վերապահվում գործող հայ եկեղեցիներին կից ստեղծել մեկական ծխական դպրոց։ Ծխական դպրոց է հիմնվում նաև Խլի Ղարաքիլիսայում։ «Ալեքսանդրապոլի գավառի Խլի Ղարաքիլիսա գյուղի դպրոցը հիմնադրվել է 1867 թվականին»[1]։ Նորաբաց դպրոցի մասին հպանցիկ տեղեկություններ ենք քաղում շուրջ քսան տարի հետո մեզ հասած մի ոչ մեծ տեղեկագրից.

«Խլի Ղարաքիլիսան ունի մեկդասյա ծխական դպրոց, արականոց ա դասարան, ա բաժանմունք, 18 նոյեմբերի 1887 ամի, 40 աշակերտ, դպրոցի արժեքապահպանությանը հատկացված է 120 [[ռուբլի]]։ Դասավանդել է Ալեքսանդր Տեր-Հարությունյանը, որն ունեցել է տնային կրթություն, նրա տարեկան աշխատավարձը կազմել է 70 ռուբլի, դասավանդել է հայոց լեզու, թվաբանություն, երգ, վայելչագրություն»։
- [2]

1887 թվականի վերջերին ցարական կառավարության հրամանով փակվում են բոլոր ազգային դպրոցները, այդ թվում՝ և հայկական։ Վեցամյա դադարից հետո, թեև ծանր պայմաններում, բայց հայկական դպրոցները նորից բացում են իրենց դռները։ Քանի որ գյուղի երկդասյա դպրոցը իր գոյությունը պահպանում էր շատ խղճուկ միջոցներով, տեղացիների մոտ միտք է հղանում համառ ջանքերով մշակելի դարձնել եկեղեցու բակը և ստացած ամբողջ գումարը հատկացնել դպրոցին։ 1900 թվականի վերջերին Փոքր Ղարաքիլիսայում բացվում է մեկդասյա ռուսական պետական դպրոց, որի տնօրեն է նշանակվում Ալեքսանդր Չմշկյանը։ 1901 թվականի մայիսի 20-ին Ալեքսանդր Չմշկյանը Երևանի նահանգապետի հասցեով ուղարկում է մի խնդրագիր, որով խնդրում է, որ մեկ տարի առաջ գյուղում բացված մեկդասյա ռուսական դպրոցի բազայի վրա բաց անեն երկդասյա դպրոց[3]։ Դպրոցը շուտով դառնում է երկդասյա, սակայն տեսուչ Ալեքսանդր Զախարովը, որ փոխարինել էր Չմշկյանին, խիստ կերպով պատժում էր բոլոր նրանց, ովքեր դպրոցի պատերի ներսում կփորձեին խոսել մայրենի լեզվով։ Գյուղի հասարակությունը սկսում է բողոքել ցարական աստիճանավորների կամայականությունների դեմ և խնդրագրեր է ուղարկում տարբեր հասցեներով։ Գյուղացիների բողոքն իզուր չի անցնում։ 1901 թվականի նոյեմբերի 18-ին ավագների խորհուրդը գումարում է համայնքի ընդհանուր ժողով, որին մասնակցում է տանուտեր Նիկոլ Հարությունյանը։ Ժողովը միաձայն որոշում է գյուղում հիմնել երկդասյա դպրոց։ ժողովի որոշման մեջ ասված է. «Մենք կտանք ուսուցչի վարձը և մյուս ծախսերը, միայն թե դպրոցը դառնա երկդասյա»[4]։ Հիշյալ հասարակական վճռի տակ ստորագրում է 250 մարդ, և այն ներկայացվում է Երևանի նահանգական դպրոցների տնօրենին։ 1902 թվականի գարնանը նորընտիր տանուտեր Ալեքսանդր Ռևազյանի մասնակցությամբ գյուղի եկեղեցու բակում տեղի է ունենում հասարակության բազմամարդ ժողով, և որոշվում է կառուցել դպրոցական շենք։ 1903 թվականի մայիսի 30-ին գյուղում բացվում է երկդասյա դպրոց, որի տնօրեն է նշանակվում Ներսիսյան դպրոցի սան, երկարամյա մանկավարժական փորձ ունեցող Թադևոս Գևորգյանը։ 1907-1908 ուստարում դպրոցում սովորել են 162 երեխաներ։ Դպրոցում դասավանդել են երեք ուսուցիչներ՝ Հովհաննես Սխրիկյանը, Հարություն Խրխոյանը, Ռուբեն Ասլանյանը։

Ազատանի միջնակարգ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական 1-ին մասնաշենքը կառուցվել է 1938 թվականին, 1964 թվականին կառուցվել է եռահարկ մասնաշենքը, 1987 թվականին՝ երկհարկանի մասնաշենքը:1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով դպրոցի եռահարկ մասնաշենքը դարձել է վթարային, իսկ հետո՝ ապամոնտաժվել։ Այժմ ուսումնական պարապմունքներն անցկացվում են 1987 թվականին կառուցված երկհարկանի հարմարեցված և 2004 թվականին կառուցված երկհարկանի մասնաշենքերում։ Գործող 2 մասնաշենքերը գտնվում են իրարից 2 կմ հեռավորության վրա։ Դպրոցում իրականացվում է նաև ներառական կրթություն։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահագ Մահտեսյան
  • Վիտալի Վարժապետյան (1999-2011 թթ.)
  • Համլետ Ոսկանյան (2011 թ-ից մինչ օրս)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Իկիլիկյան, Հրայր Իկիլիկյան, Գյուղ Ախուրյանի ափին, Երևան «Հայաստան», 1986, Էջ 36-47

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ պարբերական մամուլի ՊԿԱ, ֆոնդ 48, ցուցակ 1, գործ 630, էջ 44
  2. ՀՊԿԱ, ֆոնդ 48, ցուցակ 1, գործ 511. Էջ 14
  3. ՀՊԿԱ, ֆոնդ 19, ցուցակ 1, գործ 538, էջ 11-12
  4. ՀՊԿԱ ֆոնդ 196, ցուցակ 1, գործ 530, էջ 32

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի պաշտոնական կայք Արխիվացված 2019-01-17 Wayback Machine