Ադել Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ադել Թադևոսյան
Ծնվել էհուլիսի 9, 1937(1937-07-09) (86 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) և Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց (1955)
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու և պրոֆեսոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Ադել Սիմոնի Թադևոսյան (հուլիսի 9, 1937(1937-07-09), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ։ Բժշկագիտության թեկնածու (1969), պրոֆեսոր (1998)։ Էկոլոգիայի և անվտանգության միջազգային գիտական ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադել Թադևոսյանը ծնվել է 1937 թվականին Թբիլիսիում։ Նախնական կրթությունն ստացել է Մոսկվայում, Լենինգրադում։ 1955 թվականին ավարտել է Երևանի Վլադիմիր Մայակովսկու անվան դպրոցը։ 1955-1961 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ 1961-1963 թվականներին եղել է Իջևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի վարիչ, 1963-1989 թվականներին Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում հաջորդաբար աշխատել է որպես ավագ լաբորանտ, ասպիրանտ, ասիստենտ, ավագ գիտաշխատող, 1985 թվականից՝ դոցենտ։ 1969 թվականին ԵրԲԻ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Հիշողության խանգարումները էպիլեպսիայի ժամանակ» թեմայով և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1975-1982 թվականներին համատեղությամբ աշխատել է ՀԽՍՀ առողջապահության նախարարությունում՝ որպես նախարարին առընթեր բուժկանխարգելիչ օգնության տեսչության տեսուչ։ 1989-2000 թվականներին եղել է Հայաստանի սոցապ նախարարության «Սթրես» հոգեկան առողջության ինստիտուտի տնօրենը։ 1992 թվականին նրա ղեկավարած ինստիտուտը պարգևատրվել է Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով։ 1995 թվականից համատեղությամբ աշխատել է Հայկական բժշկական ինստիտուտում՝ որպես հոգեբուժության ամբիոնի վարիչ։ 1998 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Բազմիցս մասնակցել է հանրապետական, միութենական ու միջազգային գիտաժողովների՝ Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում։ 1999 թվականին Համբուրգում կայացած Հոգեբույժների համաշխարհային 11-րդ կոնգրեսում եղել է «Հայաստանի երկրաշարժի հոգեախտաբանական ասպեկտները» սեկցիայի կազմակերպիչն ու նախագահը։ Հանդիսանում է Հոգեբուժության բնագավառում բարեփոխումների ժնևյան նախաձեռնող խմբի անդամ, ՄԱԿ-ի սոցիալ-հոգեբանական ծրագրերի բլոկի աշխատակից։ Ընտրվել է Էկոլոգիայի և անվտանգության միջազգային գիտական ակադեմիայի ակադեմիկոս։ Աշխատել է «Սթրես» ՀԱԻ-ում՝ որպես խորհրդատու-փորձագետ։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամ է[1]։

Գիտական ուսումնասիրություններն նվիրված են էպիլեպսիայի, սուիցիդոլոգիայի, սթրեսոլոգիայի, արտակարգ իրավիճակների հոգեբուժության խնդիրներին։ Հեղինակ է շուրջ 70 գիտական հոդվածների։ Ադել Թադևոսյանի խմբագրությամբ լույս է տեսել «Սթրեսոլոգիա՝ գիտություն տառապանքի մասին» ժողովածուն (Երևան, 1996)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի քաղաքացիական պաշտպանության հուշամեդալ, 1998

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սթրեսոլոգիա՝ գիտություն տառապանքի մասին» ժողովածու, Երևան, 1996։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ - ՀՀԱ-ի-մասին». www.apnet.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։