Աբու-Սաիդ Բահատուր Խան (հունիսի 2, 1305, Ուջան, Հայաստան - նոյեմբերի 30, 1335, Ղարաբաղ), Հուլավյան մոնղոլական պետության իշխան (1316–1335)։ Հարկերի վերաբերյալ նրա մի հրովարտակից, որը փորագրված է Անի քաղաքի մզկիթի վրա, պարզվում է, որ այդ շրջանում բնակչությունը (գլխավորապես Անի քաղաքի և շրջակայքի) տնտեսապես քայքայված էր տուրքերի, հարկերի ծանրության և կառավարիչների ու ավագների բռնությունների պատճառով։ Հրովարտակով կարգադրվում է «բացի տամղայից (առևտրի և արդյունագործական տուրք) և արդարացի հարկերից, ոչինչ չվերցնել բնակչությունից», որի նպատակն էր կանխել կառավարիչների և ավագների կամայականությունները, երկիրն ամայացնող արտագաղթը։ Հրովարտակում հասարակ ժողովուրդն անվանված է ռայա, ժողովրդի գլխավորները՝ ռայս, ավագները՝ քեդխուդա։
Աբու-Սայիդ իլխանի իշխանության ժամանակ 1319 թ-ին տեղի ունեցավ Հայոց մայրաքաղաք Անիի մեծ երկրաշարժը, որը գրեթե հիմնահատակ ավերեց այն։ Շահնշահ Բ-ն քաղաքի վիճակը թեթևացնելու նպատակով դիմեց իլխան Աբու-Սայիդին և վերջինս դադարեցրեց քաղաքից գանձվող հարկերը՝ այն դարձնելով <խասինջու>: Սակայն այդ էլ չօգնեց և ավերված Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաքը սկսեց ամայանալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 47)։