ԱՄՆ-ի հայագիտական կենտրոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԱՄՆ-ում գործող հայկական գիտահետազոտական կենտրոններ, գիտության զարգացման և հայապահպանության գործում կարևոր նշանակություն ունեցող կենտրոններ։ Միացյալ Նահանգների հայագիտական կենտրոններն ունեն բազմաթիվ յուրահատկություններ, որոնք պայմանավորված են պատմական-աշխարհագրական, հասարակական-քաղաքական և կրթական-մշակութային բազմաթիվ գործոններով։

Հայագիտական կենտրոնների խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ԱՄՆ հայկական համայնքի առջև ծառացել են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։ Առավել բնորոշ խնդիրներից կարելի է առանձնացնել ազգային ինքնագիտակցության պահպանման, համայնքային ամբողջականության վերականգնման և որպես քաղաքական հզոր դերակատարի վերածման հիմնախնդիրները։ Այս հարցերի լուծումներով են պայմանավորված ԱՄՆ-ում ապրող հայության պահպանումը, ձուլման վտանգի չեզոքացումը, հայության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը միտված միջոցառումների իրականացումը։ ԱՄՆ-ի հայկական համայնքն ունի չափազանց կարևոր նշանակություն, ինչը պայմանավորված է և՛ համայնքի մեծությամբ, և՛ ունեցած քաղաքական ազդեցությամբ։ ԱՄՆ հայագիտական կենտրոնները կարևոր առաքելություն ունեն վերոնշյալ խնդիրների վերհանման, ինչպես նաև լուծման ուղիների մշակման գործում։ Այս ամենով են պայմանավորված ԱՄՆ-ում գործող հայ գիտնականների մասնագիտական կազմակերպությունները և մի շարք համալսարաններում և քոլեջներում հիմնված հայագիտական դասընթացներն ու ամբիոնները, որտեղ հայ և օտար հայագետները կազմակերպում են հայոց լեզվի, պատմության, գրականության, մշակույթի, արվեստի և հայկական այլ ուսումնասիրությունների դասընթացներ։ Հայագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններ և հետազոտական կենտրոնների կողմից իրականացված հետազոտությունները երկլեզու են (անգլերեն, հայերեն)։

Հայագիտական ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբին են դասվում ԱՄՆ-ում գործող այն հայագիտական հաստատությունները, որոնք հիմնականում զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով։ Սրանց գործունեությունը միտված է հայագիտական առարկաների դասավանդմանը նպաստելուն, սակայն զուտ կրթական գործունեությամբ այս կենտրոնները չեն զբաղվում։ Այս խմբում կարելի է ներառել Դիրբորնի Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնը, որը, գործելով համալսարանի կազմում, հիմնականում բավարարվում է գիտահետազոտական աշխատանքով։

Զորյան ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Քեմբրիջում հիմնադրվեց Զորյան ինստիտուտը (Ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան հիմնարկություն)։ Զորյան ինստիտուտի շրջանակներում իրականացվող գիտական նախագծերը կարելի է բաժանել 3 խմբի․

  1. Ցեղասպանության փաստագրում
  2. Սփյուռքյան ուսումնասիրություններ
  3. Հայերի և Հայաստանի վերաբերյալ գիտաժողովների, սեմինարների և դասախոսությունների իրականացում

Զորյան ինստիտուտի մասնաճյուղեր են գործում Տորոնտոյում, Լոս Անջելեսում և Փարիզում։ Իսկ ինչ վերաբերում է ինստիտուտի ունեցած հարաբերություններին Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական կենտրոնների և սփյուռքյան գիտակրթական կառույցների հետ, ապա պետք է նշել, որ դրանք բավականաչափ ակտիվ բնույթ են կրում[1]։

Կոմիտաս ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և հայության, մասնավորապես, հայոց պատմության վերաբերյալ հրատարակություններ է իրականացնում Կոմիտաս ինստիտուտը, որը հիմնվել է Փրինսթոնում՝ 1992 թվականին։ Ինստիտուտը կազմակերպում է ցուցահանդեսներ, դասախոսություններ, գիտաժողովներ, իսկ 1998-ից սկսած՝ հրատարակում է «Armenian Forum» հանդեսը[2]:

Հայկական ազգային ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաշինգտոնում գործում է նաև Հայկական ազգային ինստիտուտը (Armenian National Institute, ANI), որը զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցերով՝ նպաստելով այս թեմայի արծարծմանը տարբեր հարթակներում[3]։

Հայագիտական ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտական ամբիոններում դասավանդվում են հայագիտական տարբեր առարկաներ, որոնք հնարավորություն են ընձեռում երիտասարդությանը ծանոթացնել իրենց հայրենի երկրի պատմությանը, և նրանց կապել մայր հայրենիքի հետ։ Պետք է հավելել, որ ամբիոնների գործությունը չի սահմանափակվում միայն հայագիտական դասընթացների իրականացմամբ․ այն իր մեջ կարող է ընդգրկել նաև գիտահետազոտական և հրատարակչական գործունեության այլ տեսակներ։

Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոնը հիմնվել է 1965 թվականին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: Ամբիոնի վարիչն է Մարկ Նշանյանը։ Դասավանդվող առարկաներն են՝ հայոց լեզու, գրականության պատմություն, հայ ժողովրդի պատմություն և արվեստի պատմություն: Ամբիոնը հրատարակում է հայագիտական բազմաակողմանի ուսումնասիրություններ և կատարում անհրաժեշտ թարգմանություններ[4]։

Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնը հիմնվել է 1969 թվականին, համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետում` Ավետիս Սանճյանի ղեկավարությամբ։ Դասավանդվում են հայ գրականություն, գրաբար, լեզվի և մշակույթի պատմություն, պատմագրություն։ Բացի գիտաժողովների և բազմաբնույթ դասախոությունների կազմակերպումից՝ ամբիոնն իրականացնում է նաև հազվագյուտ հայկական ձեռագրերի և հատուկ թեմաներով պատրաստված նյութերի ցուցադրություններ[5]։

Հայագիտական ընկերակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտական ընկերակցությունները հիմնականում զբաղված են տարբեր գիտակրթական միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներով, որոնք հայագիտական հետազոտություններով հետաքրքրված անձանց հնարավորություն են ընձեռում կիսվել իրենց գաղափարներով՝ ի վերջո նպաստելով հայագիտության զարգացմանը։ ԱՄՆ-ում հայագիտության զարգացման մեջ կարևոր ներդրում ունեն հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային և հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունները։

Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը (National Association for Armenian Studies and Research, NAASR) հիմնադրվել է 1955 թվականին՝ 60 հայ մտավորականների և Հարվարդի համալսարանի պրոֆեսորների նախաձեռնությամբ։ Ընկերակցության կենտրոնը գտնվում է Քեմբրիջում։ NAASR-ը կազմակերպում է հայագիտական դասախոսություններ, օժանդակում հայագիտական ուսումնասիրությունների հրատարակմանը։ Ընկերակցության դրամահավաքների շնորհիվ հայկական ուսումնասիրությունների ամբիոններ են բացվել ԱՄՆ տարբեր համալսարաններում։ NAASR-ը հիմնել է «Հայկական ժառանգության հրատարակություն» («Armenian Heritage Press») տպարանը: Ընկերակցությունը հրատարակում է «Հայկական ուսումնասիրությունների հանդես» («Journal of Armenian Studies») հայագիտական հանդեսը (1975 թվականից) և «NAASR Newsletter» քառամսյան: Ընկերակցության կողմից նաև ձեռք է բերվում հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված գրականություն և տարածվում ողջ ԱՄՆ-ում[6]։

Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը (Soceiety for Armenian Studies, SAS) հիմնվել է 1974 թվականին՝ պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Ընկերակցության ստեղծմանը նաև իրենց նպաստն են բերել Կալիֆորնիայի, Կոլումբիայի, Հարվարդի համալսարանների մի խումբ գիտնականները, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել այդ հարցում։ Ընկերակցության նպատակն է խթանել հայոց պատմության, մշակույթի, գրականության տարածմանը և հայկական ուսումնասիրությունների վերաբերյալ սիմպոզիումների, գիտաժողովների կազմակերպմանը: Ընկերակցությանն անդամակցում են ավելի քան 200 գիտնականներ և ուսանողներ։ Այն հրատարակում է «SAS Newsletter», ինչպես նաև մի շարք այլ գիտական պարբերականներ։

Հայագիտական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտական ծրագրերը կազմակերպում են հայոց պատմությանը, լեզվին, գրականությանը և մշակույթին նվիրված դասընթացներ, միջոցառումներ, դասախոսություններ, հրատարակում պարբերականներ, ինչպես նաև ուսումնական գործընթացին օժանդակող ձեռնարկներ։

Հարվարդի համալսարանի հայագիտական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվարդի համալսարանի հայագիտական ծրագիրը հիմնվել է 1960 թվականին՝ Քեմբրիջի Հարվարդի համալսարանի արևելյան լեզուների բաժնում: Ծրագիրն ընդգրկում է հայոց լեզվի, հայ գրականության և պատմության դասընթացները: Ծրագրի ղեկավարն է հայագետ Ջեյմս Ռասելը։

Ան Արբորի Միչիգանի համալսարանի հայագիտական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ան Արբորի Միչիգանի համալսարանի հայագիտական ծրագիրը հիմնվել է 1976 թվականին՝ Միչիգանի համալսարանի սլավոնական լեզուների և գրականության ֆակուլտետում։ Համալսարանում դասավանդվում են հայոց պատմությանը, լեզվին և գրականությանը վերաբերող բազմաթիվ առարկաներ։ Ամեն տարի Երևանում «Հայոց լեզվի ամառային ինստիտուտն» իրականացնում է հայոց լեզվի արագացված ուսուցման ծրագիր: Ծրագրի շրջանականերում հրատարակվում են նաև տեղեկատու պարբերաթերթեր[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zoryan Institute»։ Zoryan Institute (en-US)։ Վերցված է 2017-11-05 
  2. «Home»։ www.gomidas.org։ Վերցված է 2017-11-05 
  3. «Armenian National Institute»։ www.armenian-genocide.org։ Վերցված է 2017-11-05 
  4. Հայ սփյուռք հանրագիտարան։ Հայկական հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ։ 2003։ էջ 69 
  5. Հայ սփյուռք հանրագիտարան։ Հայկական հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ։ 2003։ էջեր 69–70 
  6. «National Association for Armenian Studies and Research»։ NAASR (անգլերեն)։ Վերցված է 2017-11-05 
  7. «Armenian Studies Program (ASP)»։ ii.umich.edu (անգլերեն)։ Վերցված է 2017-11-05 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]