Ավազե ամրոցի աղջիկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազե ամրոցի աղջիկները
The Sandcastle Girls
ՀեղինակՔրիս Բոհջալյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ2012
Թարգմանիչ հայերենԱրամ Արսենյան
ԿայքThe Sandcastle Girls
ՎիքիքաղվածքԱվազե ամրոցի աղջիկները

«Ավազե ամրոցի աղջիկները» (անգլ.՝ The Sandcastle Girls), ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի իրական պատմության վրա հիմնված վեպը, որը պատմում է ցեղասպանության, դաժան կոտորածների միջով անցած մարդկանց ու օտար հողում նոր կյանք սկսելու նրանց փորձերի մասին։

Հայոց ցեղասպանության թեման մեկնաբանող «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը հրատարակվելուց հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը (բեսթսելեր)։ Վեպի հիման վրա ԱՄՆ-ում նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ։

Հեղինակի մասին

Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 12-ին, Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք), ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան), բնակվում է Լինքոլնում (Վերմոնտ, ԱՄՆ)։ Բոջալյանի մայրը շվեդուհի է, հայրը՝ ամերիկահայ։ Նրա և՛ հայրական և և՛ մայրական կողմի ծնողներն ապրել են Ցեղասպանությունը։

Բոհջալյանը հեղինակ է տասնչորս վեպի և ակնարկների մեկ ժողովածուի, ամսագրային ու լրագրային բազմաթիվ հոդվածների։ Նրա գրքերը թարգմանվել են 25 լեզվով և հրատարակվել աշխարհի 20 երկրում։ Յոթը վեպեր գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր։ Բոհջալյանի «Մանկաբարձուհիները» ընդգրկվել է ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Օֆա Վինֆրիի կազմած լավագույն գրքերի շարքում, թարգմանվել է 25 լեզուներով և նկարահանվել է համանուն ֆիլմը։

Բոհջալյանն արժանացել է «Անահիտ» (2000 թ.), Նյու Ինգլենդի լավագույն գրքի (2002 թ.) և Նյու Ինգլենդի հասարակական լավագույն գրքի (2012 թ.) մրցանակներին։

Բովանդակություն

Վեպը պատմում է Հալեպում իրար հանդիպած ամերիկացի կամավոր Էլիզաբեթ Էնդիքոթի և թրքական կոտորածներից փրկված հայ ինժեներ Արմեն Պետրոսյանի սիրավեպի մասին. երկու տարբեր մշակույթներ, լեզուներ ու կենսագրություն ունեցող մարդիկ, ովքեր տարիներ շարունակ խնամքով պահել են ընտանեկան գաղտնիքը՝ 1915 թվականին տեսած ահասարսուռ պատկերներն ու հիշողությունները, որոնք գրքում բացահայտում է նրանց թոռը, ով պատահաբար գտնում է տատի լուսանկարը՝ «Կոտորած, որի մասին մենք ոչինչ չգիտենք» վերնագրով ցուցահանդեսում[1][2][3]։

Մեջբերումներ գրքի մասին

Այս գիրքը գրելու գլխավոր պատճառը մարդկանց իրազեկելու ցանկությունս էր, որպեսզի ԱՄՆ-ում, Կանադայում` հենց իմ կողքին, մարդիկ իմանան, որ 1,5 մլն հայեր սպանվել են իրենց իսկ կառավարության ձեռքով` 20-րդ դարում` առաջին ցեղասպանության ժամանակ: Գիրքը գրել եմ նաև, քանի որ ուղիղ կապ կա Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի, Քամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների միջև. այս ցուցակը շատ երկար է: Գիրքը նաև տուրք է իմ սեփական ընտանիքին: Ժամանակն էր` պատմել տատիս ու պապիս պատմությունը, որ նրանք երկնքից տեսնեն»
- Քրիս Բոհջալյան[4]
Սա պատմություն է մահվան ու սիրո մասին, ջարդի ճանապարհին՝ անապատում, ավազից ամրոց կառուցող աղջիկների ու նրանց թողած ժառանգության մասին
- Seven Days պարբերական:
Այս գիրքը տարբերվում է մյուսներից: Այն ավելի ազդեցիկ է, ցեղասպանության ու ջարդերի դաժան պատկերումները գալիս են ապացուցելու, որ այս անգամ պատմությունը անձնական է
- Seattle Times-ի քննադատ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ