Ֆիտոնեմատոդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ֆիտոնեմատոդներ, բուսական օրգաններում ապրող և սնվող կլոր որդերի (նեմատոդներ) էկոլոգիական խմբերի յուրահատուկ համալիր։ Առաջացել են կլոր որդերի դասի հողային ներկայացուցիչներից և էկոլոգիական ու կենսական փուլերով կապված են աճող բույսին։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինն իլիկաձև է կամ թելանման, երկարությունը՝ 0,5-2(5) մմ, ընդլայնական կտրվածքը՝ կլոր։ Մակաբույծ կենսակերպի հետևանքով որոշ տեսակների մարմնի ձևերը խիստ փոխվել են. գալային և ցիստառաջացնող ֆիտոնեմատոնդերի էգերն անկանոն գնդաձև են, կիտրոնաձև կամ շշաձև և անշարժ, իսկ արուները պահպանել են բնորոշ թելանման ձևն ու շարժունակությունը։ Ֆիտոնեմատոնդերի մարմինը բաժանվում է գլխի, մարմնի և պոչի։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանասեռ են, բազմանում են ձվադրությամբ, հազվադեպ՝ կուսածնությամբ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիտոնեմատոնդերից շատերն ընդունակ են անաբիոտիկ վիճակում ամիսներ ու տարիներ պահպանել կենսունակությունը, օրինակ՝ ցորենի նեմատոդը (Anguina tritici) կարող է պահպանվել ավելի քան 10 տարի։

Ֆիտոնեմատոդների ուսումնասիրությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ֆիտոնեմատոնդերի հետազոտություններն սկսվել են 1950-ական թվականներին ՝ Հ. Պողոսյանի, Ջ. Կարապետյանի, Հ. Մկրտչյանի աշխատանքներով, տարբեր տարածաշրջաններում հայտնաբերվել են վայրի և մշակովի խոտաբույսերի ֆիտոնեմատոնդերի 500 տեսակ, որից ավելի քան 70-ը՝ մակաբույծ։ Ֆիտոնեմատոդներ մեծ մասամբ բույսերին միանգամից չեն ոչնչացնում, այլ առաջացնում են հիվանդություններ, որոնց հետևանքով նրանց աճը դանդաղում է, ընկնում են ընդհանուր դիմադրողականությունը, չորադիմացկունությունը, բերքատվությունը, պայմաններ են ստեղծվում հեշտությամբ վարակվելու երկրորդային մակաբույծներով։

Ֆիտոնեմատոդների հիվանդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բույսի մասերի վարակվածության՝ ֆիտոնեմատոդները բաժանում են բույսի վերերկրյա մասերի (բողբոջներ, ծիլեր աճման կոներ, ծաղկաբողբոջներ, ցողունի տերևներ) և արմատային համակարգի մակաբույծների։ Վերերկրյա մասի մակաբույծ ֆիտոնեմատոդներ առաջացնում են կարտոֆիլի, սոխի, սխտորի, ցորենի, քրիզանթեմի, ելակի և այլն աֆելենխոիդոզ, դիտիլենխոզ հիվանդությունները։ Արմատային ցիստառաջացնող Heteroderidae ընտանիքի ֆիտոնեմատոդներ առաջացնում են կարտոֆիլի, ճակնդեղի, կաղամբի, ծխախոտի, վարսակի և այլն հետերոդերոզ, գլոբոդերոզ հիվանդությունները։

Արմատային գալառաջացնող Meloidogynidae ընտանիքի ֆիտոնեմատոդներ առաջացնում են վարունգի, լոլիկի և այլ բանջարաբոստանային մշակաբույսերի ու ծաղկավոր գեղազարդիչ բույսերի մելոիդոգինոզ հիվանդությունը։ Տնտեսությանը մեծ վնաս են պատճառում արմատային համակարգի մակաբույծները (գերակշռում են տեսակների թվով)։ Ֆիտոնեմատոնդերի առաջացրած հիվանդություններից երբեմն կորցնում են բերքի 50-80 %-ը։

Պայքարի միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքարը՝ կանխարգելիչ, ագրոտեխնիկական, ֆիզքիմիական և կենսաբանական միջոցներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։