Օվկիանոսային հոսանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օվկիանոսային հոսանքները։ Տաք հոսանքների ուղղությունը նշագծում են կարմիր սլաքներով, իսկ սառը հոսանքներինը՝ կապույտ կամ սև սլաքներով։

Օվկիանոսային հոսանքները որոշակի և մշտական ուղիներով շարժվող ջրի մեծ զանգվածների տեղափոխությունն է օվկիանոսներում (յուրատեսակ «գետերի» նման)։

Այն մասին, որ ջուրն օվկիանոսներում տեղափոխվում է մեծ տարածությունների վրա, մարդիկ գիտեին վաղուց։ Հոսաքները հեռավոր կղզիներից բերում էին կոկոսյան ընկույզներ, կործանված նավի բեկորներ, գրություններով շշեր և այլն։

Առաջացման գլխավոր պատճառը[խմբագրել]

Օվկիանոսային հոսանքները գլխավորապես առաջանում են մշտական քամիների ազդեցության պատճառով։ Փորձով ստուգվել է, որ օվկիանոսների վրա փչող գերիշխող քամիների ուղղությունները գրեթե համընկնում են օվկիանոսային հոսանքների ուղղությունների հետ։ Քամին ջրին ստիպում է տեղաշարժվել որոշակի ուղղությամբ։ Այս տիպի հոսանքները մակերևույթային են։ Կամ նաև խորքային հոսանքներ, օրինակ՝ մակընթացային հոսանքները։

Հիմնական օվկիանոսային հոսանքներ[խմբագրել]

Տաք հոսաքներ են համարվում այն հոսանքերը, որոնց ջերմաստիճանը բարձր է շրջապատող ջրի ջերմաստիճանից։ Իսկ հակառակ դեպքում այն անվանում են սառը հոսանք։ Ընդհանրապես տաք են բոլոր այն հոսանքները, որոնք շարժվում են ցածր լայնություններից դեպի բարձր լայնությունները, իսկ հակառակ ուղղություն ունեցողները սառը հոսանքներ են։ Քարտեզների վրա օվկիանոսային տաք հոսանքների ուղղությունը նշագծում են կարմիր սլաքներով, իսկ սառը հոսանքներինը՝ կապույտ կամ սև սլաքներով։

Ամենամեծ օվկիանոսային հոսանքներից մեկը սկսվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Կենտրոնական Աֆրիկայի ափերի մոտ։ Այստեղ, հասարակածի երկու կողմերում, փչում են մշտական քամիներ Աֆրիկայից դեպի Ամերիկա։ Այս քամիների ազդեցության տակ ջուրը հոսում է հասարակածի երկայնությամբ, ջրի մի մասը ներթափանցում է Մեքսիկական ծոցը, որտեղից հզոր հոսանքով ուղղվում է դեպի Ատլանտյան օվկիանոս և ապա դեպի Եվրոպայի ափերը։ Ամերիկայի ափերի մոտ այս հոսանքն անվանում են Գոլֆստրիմ։ Գոլֆստրիմի ջրերը հոսում են մեկ ժամում մոտավորապես 10 կմ արագությամբ։ Ջրային հոսանքի լայնությունը 75-120 կմ է, իսկ խորությունը՝ 700 կմ։ Երկրագնդի բոլոր գետերը միասին վերցրած մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ են ջուր տեղաշարժում, քան Գոլֆստրիմը։ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում այն անվանում են Հյուսիս-Ատլանտյան հոսանք։ Սա տաք հոսանք է. օրինակ, Բարենցի ծովի սահմաններում այդ հոսանքի ջրի ջերմաստիճանը +16-18οC է, իսկ ձմռանը շրջապատի ջրինը՝ -1ο

Սառը հոսանքի օրինակ է Լաբրադորյան սառը հոսանքը։ Այն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Գրենլանդիայի մոտով անցնում է դեպի Լաբրադոր թերակղզի։ Սա սառը հոսանք է։

Հոսաքների չափումը[խմբագրել]

Օվկիանոսային հոսանքները չափելու սարքավորում։ Այն կարելի է իջեցնել մինչև 2000 մ խորություն, և այն կարող է գործել այդպիսի պայմաններում շուրջ 2 տարի։

Նախկինում հազարավոր կնքված շշեր էին նետվում օվկիանոս՝ հոսանքների ուղղությունն ու արագությունը պարզելու համար։ Այդ շշերում բացիկ էին դնում այն հասցեով, որով պետք է ուղարկել այդ, նշելով, թե երբ և որտեղ է այդ շիշը հայտնաբերվել։ Չնայած շշերի 90%-ը կորչում էր, այն օգնել է կարևոր տեղեկություն հավաքել օվկիանոսային հոսանքների համար։ Այժմ դրա համար օգտագործում են հատուկ սարքավորված նավեր, ինքնաթիռներ, Երկրի արհեստական արբանյակներ։

Կարևորությունը[խմբագրել]

Օվկիանոսային ջրերը տեղափոխում են ջերմություն, աղեր, օրգանիզմներ։ Օվկիանոսային հոսանքները կլանված արեգակնային ջերմությունը վերաբաշխում են հորիզոնական ուղղությամբ և իրեն հերթին ազդում են օդի ջերմաստիճանի վրա։

Հոսանքների իմացությունը օգնում է նավերին վառելանյութ խնայել։ Առաջ, երբ օգտագործվում էին առագաստանավեր, հոսանքների իմացությունը էլ ավելի կարևոր էր։ Օրինակ, հայտնի է, որ Ագուլհասի հոսանքը երկար ժամանակ թույլ չէր տալիս պորտուգալացիներին Հնդկաստան հասնել։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ն. Ա. Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ., «Լույս» հրատարակչություն
  • Տ. Պ. Գերսիմովա, Գ. Յու. Գրյունբերգ, Ն. Պ. Նեկլյուկովա «Աշխարհագրություն», 1991 թ., «Լույս» հրատարակչություն
Երկիր մոլորակի օվկիանոսներ