Քրիստեր Ֆուգլեսանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստեր Ֆուգլեսանգ
շվեդ.՝ Arne Christer Fuglesang
Ծնվել էմարտի 18, 1957(1957-03-18) (67 տարեկան)
Նակկա, Ստոկհոլմի լեն
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունֆիզիկոս, տիեզերագնաց, բլոգեր և մանկագիր
Հաստատություն(ներ)Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ
ԱնդամակցությունԹագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի ռազմագիտության թագավորական ակադեմիա և Միջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ և Ստոկհոլմի համալսարան
Գիտական աստիճանդոցենտ
Պարգևներ
Կայքkth.se/profile/cfug(անգլ.)
 Christer Fuglesang Վիքիպահեստում

Արնե Քրիստեր Ֆուգլեսանգ (շվեդ.՝ Arne Christer Fuglesang, մարտի 18, 1957(1957-03-18), Նակկա, Ստոկհոլմի լեն), շվեդ ֆիզիկոս, Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց, Շվեդիայի առաջին տիեզերագնացը։ Ֆուգլեսանգը նաև սկանդինավյան երկրներից առաջին տիեզերագնացն է։ Քրիստեր Ֆուգլեսանգը ծնվել է Ստոկհոլմում։ Նրա մայրը շվեդ է, հայրը` նորվեգացի, ով ստացել է Շվեդիայի քաղաքացիություն Քրիստերի ծնվելուց անմիջապես առաջ։

Ֆիզիկոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուգլեսանգը մագիստրոսի կոչում է ստացել ինժեներական ֆիզիկայի բնագավառում 1981 թվականին Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում։ 1987 թվականին տարրական մասնիկների փորձնական ֆիզիկայի բնագավառում արժանացել է դոկտորի կոչման Ստոկհոլմի համալսարանում։ Համարվում է Ումեայի համալսարանի պատվավոր դոկտոր։ Ֆուգլեսանգն աշխատել է Ժնևում գտնվող Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում (ՄՀԵԿ) լիցքավորված մասնիկների արագացուցիչի վրա, ուսումնասիրել է Կ–մեզոնները։ 1990 թվականի նոյեմբերից Ֆուգլսանգը ՄՀԵԿ-ում աշխատում է Մեծ ադրոնային կոլլայդերի նոր նախագծի վրա։ 1991 թվականին տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառում դոցենտի կոչում է ստացել Ստոկհոլմի համալսարանում։

Տիեզերագնաց[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը ընտրում էր տիեզերական թռիչքի համար թեկնածուների երկրորդ խմբին։ 1992 թվականին Քրիստեր Ֆուգլեսանգը նույնպես ընդգրկվեց տիեզերագնացների այս խմբում։ 1992 թվականի հոկտեմբերին Ֆուգլեսանգը մասնակցեց չորսշաբաթյա դասընթացների Ռուսաստանի Աստղային ավանում։ Հետագայում նա ուսումը շարունակեց Քյոլնում (ԳերմանիաԵվրոպական տիեզերագնացության կենտրոնում։ 1993 թվականի մայիսին Քրիստեր Ֆուգլեսանգը կրկին գործուղվեց Ռուսաստան, որտեղ նա Թոմաս Ռեյտերի հետ միասին պատրաստվում էր տիեզերական թռիչքի՝ «Եվրոմիր-95» համատեղ ռուս-եվրոպական ծրագրի շրջանակում։ Դասընթացն ավարտելուց հետո Թոմաս Ռեյտերը ճանաչվեց «Եվրոմիր-95» թռիչքի հիմնական թեկնածուն, իսկ Քրիսթեր Ֆուգլեսանգը` նրա փոխարինողը։ Ֆուգլեսանգը թռիչքների վերապատրաստում էր անցել ռուսական «Սոյուզ» տիեզերանավերի վրա մինչև 1996 թվականի աշուն։ Այնուհետև նա մեկնեց Միացյալ Նահանգներ՝ նախապատրաստվելու տիեզերական թռիչքներին ամերիկյան շաթլներով (մաքոք)։ 1998 թվականի ապրիլին, ՆԱՍԱ-ում մարզվելուց հետո, նա ստացավ թռիչքի մասնագետի որակավորում։ 1998 թվականի մայիսից հոկտեմբեր ամիսներին Ֆուգլեսանգը վերապատրաստվեց հրամանատարի ծրագրով՝ վերահսկելու «Սոյուզ» տիեզերանավի տիեզերական կայանից անջատման և վայրէջքի հրամանատարական կառավարման ծրագրով։ 1998 թվականի հոկտեմբերին նա վերադարձավ ՆԱՍԱ և աշխատեց տիեզերագնացների բաժանմունքում, որտեղ համակարգում էր ռուսական «Սոյուզ» և «Պրոգրես» տիեզերանավերի աշխատանքը։ Հետագայում նա ընդգրկվեց ՄՏԿ- ի 2-րդ երկարատև արշավախմբին աջակցող անձնակազմում։ Քրիստեր Ֆուգլեսանգը առաջին տիեզերական թռիչքն իրականացրեց 2006 թվականի դեկտեմբերի 10-ից 22-ը՝ «Դիսքավերի» STS-116 շաթլով, որը թռիք էր իրականացնում Միջազգային տիեզերակայան։ Այդ թռիչքի ընթացքում նա երեք անգամ դուրս է եկել բաց տիեզերք։ Թռիչքի տևողությունը կազմել է 12 օր 20 ժամ 45 րոպե։ Թռիչքի ընթացքում երեք անգամ բաց տիեզերք դուրս գալու ընդհանուր տևողությունը կազմել է 18 ժամ 14 րոպե։ 2009 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը իր երկրորդ թռիչքի ընթացքում շվեդ տիեզերագնացը, որպես թռիչքի մասնագետ այցելել է նաև ՄՏԿ Shuttle «Դիսքավերի» STS-128- շաթլով։ ՄՏԿ-ում գտնվելու ժամանակ նա երկու անգամ դուրս եկավ բաց տիեզերք (տևողությունը 6 ժամ 39 րոպե և 7 ժամ 01 րոպե)։ Թռիչքի տևողությունը կազմեց 13 օր 20 ժամ 53 րոպե 48 վայրկյան։

Ֆրիզբիի գծով տիեզերական ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստեր Ֆուգլեսանգը ՄՏԿ-ում գտնվելու ժամանակ սահմանեց ֆրիզբիի ռեկորդ, Maximum Time Aloft կատեգորիայում՝ 20 վայրկյանով օդ նետելով թռչող սկավառակ։ Այս իրադարձությունը դրական է ընդունվել[1] Թռչող սկավառակների համաշխարհային ֆեդերացիայի կողմից և ընդգրկվել ռեկորդների պաշտոնական ցանկում «գալակտիկական ռեկորդ» անվանակարգում[2] (քանի որ այն սահմանվել էր Երկրից դուրս)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստեր Ֆուգլեսանգն ամուսնացած է Եղիսաբեթ Ուոլդիի հետ և ունի երկու դուստր՝ Մալին և Դենիզը և մեկ որդի՝ Ռուտգերը։ Նրա հոբբիներն են առագաստային սպորտը, դահուկային սպորտը, ֆրիզբին և ընթերցանությունը։ Ռադիոսիրող է, նրա ազդականչն է` SA0AFS / KE5CGR[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորին Մեծություն թագավորի ոսկե մեդալ (sGM12mhb) (Շվեդիա, 2007)
  • Բացառիկ ծառայության համար մեդալ (NASA, 2010)[4]
  • «Տիեզերական թռիչքի համար» մեդալ (NASA, 2007 և 2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «European Space Agency to host MTA world record attempt in space». wfdf.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  2. «Official Flying Disc World Records». wfdf.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  3. Thunmanskolan ARISS contact with Christer Fuglesang SA0AFS/KE5CGR
  4. «Christer Fuglesang får medalj av NASA - Rymdstyrelsen». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստեր Ֆուգլեսանգ» հոդվածին։