Քիմք
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քիմքը (palatum) բաղկացած է երկու մասից: Նրա առջևի 2/3-ը ունի ոսկրային հենք (վերին ծնոտի քմային ելունը և քմոսկրի հորիզոնական թիթեղը), որն էլ կարծր քիմքն է (palatum durum), իսկ հետին 1/3-ը փափուկ քիմքն է (palatum molle), որը մկանային գոյացություն է և ունի ներդաշարակցական հենք: Քթով հանգիստ շնչելու ժամանակ փափուկ քիմքը թեքորեն կախվում է ցած` անջատելով բերանի խոռոչը ըմպանից: Քիմքի վրա միջին գծով նկատվում է կարան (raphe palati):Այս կարանի առաջային ծայրի մոտ նկատվում են մի քանի (մոտ վեց) լայնական ծալքեր (plicae palatinue transverse): Կարծր քիմքի ստորին երեսը ծածկող լորձաթաղանթը խիտ շարակցաներդային հյուսվածքի միջոցով ձուլված է շրջոսկրին:
Փափուկ քիմքը իր առջևի եզրով կպչում է կարծր քիմքի հետին եզրին, իսկ նրա հետին եզրը ազատ կախ է ընկած դեպի ցած ու հետ (քմային վարագույր` velum palatinum), որի մեջտեղում կա մի լեզվականման գոյացություն (uvula): Դեպի կողքերը փափուկ քիմքը դառնում է աղեղներ: Սրանից առջևինը` քմալեզվային աղեղը (arcus palatoglossas) ուղղվում է դեպի լեզվի կողմնային եզրը, իսկ հետինը` քմաըմպանային աղեղը (arcus palatopharyngeus) որոշ տարածություն անցնում է ըմպանի կողմնային պատով և ի վերջո ձուլվում է նրա հետ: Առջևի ու հետին աղեղների միջև գոյանում է մի փոսիկ, որտեղ տեղավորված է քմային նշիկը (tonsilla palatina): Յուրաքանչյուր քմային նշիկ իրենից ներկայացնում է ավշային հյուսվածքի ձվաձև կուտակում: Նշիկը գրավում է աղեղների միջև ընկած եռանկյուն փոսիկի (sinus tonsillari),ստորին ավելի մեծ մասը, իսկ նրանցից վեր մնում է վերնշիկային փոսիկը: Նշիկը ուղղաձիգ ուղղությամբ ունի 20-25մմ, առաջնահետային ուղղությամբ` 15-20մմ, իսկ միջաձիգ ուղղությամբ` 12-15մմ մեծություն: Ամբողջ նշիկը պատված է նուրբ պատիճով: Ամենամոտ կարևոր արյունատար անոթը դիմային զարկերակն է (a. facialis), որը երբեմն իր ընթացքի ծռումների ժամանակը այդ մակարդակի վրա շատ է մոտենում ըմպանի պատին: Այս հանագամանքը բժիշկը պետք է հաշվի առնի նշիկները հեռացնելիս: Նշիկից մոտ 1սմ հեռավորության վրա անցնում է ներքին քնային զարկերակը (a. carotis interna):
Փափուկ քիմքի կազմության մեջ մտնում են հետևյալ մկանները.
- Քմաըմպանային մկան (m. palatopharyngeus)
- Քմալեզվային մկան (m. palatoglossus)
- Քմային վարագույրը բարձրացնող մկան (m. levator veli palatini)
- Քմային վարագույրը լարող մկան (m. tensor veli palatini)
- Լեզվակային մկան (m. uvulae)