Փոքրասիական ճագարամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրասիական ճագարամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Հնգամատ ճագարամկներ
Ցեղ Ճագարամուկ
Տեսակ Փոքրասիական ճագարամուկ
Լատիներեն անվանում
Allactaga euphratica
Thomas, 1881

Փոքրասիական ճագարամուկ (լատ.՝ Allactaga euphratica), լեռնային ճագարամուկ, հնգամատ ճագարամկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Տարածված է Արարատյան դաշտում, դեպի հս.՝ մինչև Շիրակի սարահարթ, Արագածի լանջերին և Փամբակի հովտում (Սպիտակի և Վանաձորի շրջակայքում)։ Հանդիպում է Կոտայքում, Սևանի ավազանում, Վայքում և Սյունիքի հյուսիսային մասերում (850-2500 մ բարձրություններում)։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը մինչև 150 մմ է, պոչինը՝ մինչև 240 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 115 գ։ Մեջքն ու գլուխը գորշաօքրայագույն են, կողքերը՝ ավելի բաց գույնի, կոկորդը, կուրծքն ու փորը՝ սպիտակ։ Ցեղի մյուս տեսակներից տարբերվում է համեմատաբար կարճ ականջներով և պոչի սև-սպիտակ վրձնիկի սկզբնամասում օքրայագույն հատվածով։

Կենսակերպ[խմբագրել]

Ամենուրեք քչաքանակ է։ Ապրում է կիսաանապատային, լեռնատափաստանային և ենթալպյան բազմազան կենսավայրերում՝ գերադասելով օշինդրայիև կամ տարազգի բուսականության խմբակցություններով հարուստ տարածքները։ Խուսափում է խիտ ու բարձր խոտածածկով տեղանքներից։ Բնակվում է մինչև 2 մ երկարություն և 80 սմ խորությամբ ստորգետնյա բներում։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։ Հոկտեմբերից մինչև մարտ ձմեռային քուն է մտնում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է հիմնականում սերմերով (մինչև նրանց հասունանալը), բույսերի վերև ստորգետնյա մասերով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 2-8 ձագ։ Համաճարակաբանական նշանակություն չունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png