Ցենտրիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցենտրիզմ, գաղափարաքաղաքական հոսանք, առաջացել է 2-րդ Ինտերնացիոնալի ռեֆորմիստական ու հեղափոխական ուղղությունների միջև պայքարի ընթացքում և փորձել բանվորական շարժման ծրագրային ու տակտիկական սկզբունքային հարցերում օպորտունիզմին զիջումներ անելու ճանապարհով հարթել նրանց միջև եղած անհաղթահարելի հակասությունները:

Նկարագրություն[խմբագրել]

Ի տարբերություն բացահայտ օպորտունիստների որոնք բացորոշ հանդես էին գալիս հանուն սոցիալ-ռեֆորիզմի ոգով մարքսիզմի ռևիզիայի, ցենտրիստները քողարկում էին իրենց օպորտունիզմն «ուղղափառ» մարքսիստական ֆրազեոլոգիայով: «Այնքան սարսափելի և վնասակար չէ բացահայտ օպորտունիզմը, - գրում է Վ.Ի. Լենինը, - որը միանգամից ետ է մղում իրենից բանվորական մասսային, որքան ոսկե միջինի այդ տեսությունը, որը մարքսիստական բառիկներով արդարացնում է օպորտունիստական պրակտիկան, մի շարք սոփեստություններով ապացուցում է հեղափոխական գործողությունների անժամանակ լինելը և այլն»:

Ուղղություններ[խմբագրել]

Ցենտրիզմի հիմնական ուղղությունը միջազգային ասպարեզում եղել է կաուցկիականությունը, Ռուսաստանում՝ տրոցկիզմը:

Պատմություն[խմբագրել]

Ցենտրիզմի գաղափարախոսությունը վերջնականապես ձևավորվել է առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918թթ.) առաջ, որի ընթացքում ավելի է բացահայտվել նրա օպորտունիստական էությունը: Հակառակ բոլշևիկների, որոնք պրոպագանդում էին իմպերիալիստ. պատերազմը քաղաքացիականի վերածելու, պատերազմում սեփական կառավարության պարտությանը հասնելու լենինյան լոզունգները, ցենտրիզմի ներկայացուցիչները սահմանափակվում էին վերացական պացիֆիստական պրոպագանդայով: Ցենտրիզմը եղել է միջազգային երևույթ, նրա առավել աչքի ընկնող ներկայացուցիչներն էին Գերմանիայում՝ Կ.Կաուցկին, Հ. Հաազեն, Գ. Լեդեբուրը, Ա. Հոֆմանը, Ռուսաստանում՝ Լ.Մարտովը, Ն.Չխեիձեն, Լ.Տրոցկին, Ֆրանսիայում՝ Ժ.Լոնգեն,Ա.Պրեսմանը և ուրիշները այլ երկրներում:

Չնայած նրանց հայացքներում եղած որոշ տարբերությանը, իրականում նրանք բոլորն էլ ժխտում էին պրոլետարիատի դիկտատուրայի անհրաժեշտությունը, չէին ընդունում ձախ սոցիալիստ-ինտերնացիոնալիստների հեղափոխական տակտիկան:

Թշնամաբար դիմավորելով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ռուսաստանում և Կոմունիստական ինտերնացիոնալի ստեղծումը՝ ցենտրիզմի պարագլուխները «Ինտերնացիոնալ 2½»-ը օգտագործեցին կոմունիստական շարժման դեմ պայքարի համար: Ցենտրիզմի որոշ կողմնակիցներ փորձեցին թափանցել կոմունիստական շարժման մեջ: «Ինտերնացիոնալ 2½»-ի և Բեռնի ինտերնացիոնալի միաձուլումից (1923թ.) հետո ցենտրիստներն ավելի ու ավելի բացահայտորեն միախառնվեցին բանվորական շարժման մեջ աջ-ռեֆորմիստական տարրերի հետ:

Աղբյուրներ[խմբագրել]

Левин В.И., Полн. собр. соч., 5 изд.(см.справочный том, ч.1, с. 706-707) Истроия КПСС, т.2, М., 1966, с. 303-11, 472-79, 595-646 Ленин в борьбе за революционный Интернационал, М., 1970, с. 161-170, 296-301