Տոքսոկարոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոքսոկարոզ
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառՎարակ և Toxocara?
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի
Հիվանդության ախտանշաններկուրություն, որովայնային ցավ, տենդ, լյարդի մեծացում, գլխացավ, ավշային հանգույցների բորբոքում, հազ, Սրտամկանի բորբոքում, Եղնջացան և Հեպատոսպլենոմեգալիա[1]
ԲուժաքննությունՊոլիմերազային շղթայական ռեակցիա և immunoglobulin M?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն, անասնաբուժություն և հելմինթոլոգ
ՀՄԴ-9128.0

Տոքսոկարոզ (անգլ.՝ toxocariasis), նեմատոդոզների խմբի հելմինտոզ է, որի ընթացքում նկատվում է տենդ, բրոնխաբորբ, թոքաբորբ, հեպատոսպլենոմեգալիաներ, էոզինոֆիլիա և այլն։ Բազմաթիվ երկրներում գրանցվում է թրթուրային տոքսոկարոզ։ Մարդկանց մոտ հանդիպում է հիվանդության թրթուրային (վիսցերալ, ակնային) և իմագինալ (աղիքային) տարատեսակները։

Տոքսոկարայի կենսական ցիկլը

Ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոքսոկարոզով մարդիկ վարակվում են տոքսոկարա որդի ձվերը վարակակիր շների և կատուների արտաթորանքով աղտոտված սննդի և ջրի միջոցով կուլ տալու, ինչպես նաև վարակակիր շների և կատուների հետ շփման դեպքում։ Ձվից դուրս եկած թրթուրները ներթափանցում են աղիքի պատով դեպի արյունատար համակարգ և գաղթում են տարբեր օրգաններ։ Այստեղ նրանք ծածկվում են շարակցական հյուսվածքով և վերածվում են ֆինայի՝ երկարատև ժամանակահատվածում պահպանելով կենսաբանական ակտիվությունը՝ առաջացնելով հիվանդության թրթուրային տեսակը։ Կատուների տոքսոկարաների թրթուրները միգրացիայից հետո նորից վերադառնում են աղիքի խոռոչ սեռահասուն վիճակով՝ առաջացնելով հիվանդության իմագինալ տարատեսակը։ Տոքսոկարայի էգը օրական դնում է 200 000 ձու։ Ձվերը արյան միջոցով տարածվում են վարակակրի հյուսվածքներով և օրգաններով։

Հիվանդության կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի հաճախ հիվանդանում են 1-4 տարեկան երեխաները։ Հիվանդությունը ընթանում է վառ արտահայատված ալերգիկ ախտանշաններով՝ քոր առաջացնող ցան, տենդ, հեպատոսպլենոմեգալիա, բրոնխաբորբ և խեղդող հազ, դեմքի ուռածություն, տարբեր օրգաններում բնորոշ հատիկավորում, որոնք պարունակում են տոքսոկարայի թրթուրներ[2]։ Հնարավոր է տոքսոկարոզային ակնաբորբ՝ ակնագնդի հետին մակերեսի ախտահարում՝ խորիորետինիտի և կերատիտի առաջացմամբ։ Ակնային տոքսոկարոզի դեպքում հնարավոր է ակնագնդի անդառնալի վնասում՝ ներառյալ աբսցես և ապակենման մարմնի մեջ թրթուրների միգարացիա և կերատիտ, ընդհուպ մինչև տեսողություն կորուստ[3]։ Հիվանդության տևողությունը տատանվում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի։ Իմագինալ տոքսոկարոզը հանդիպում է ավելի հազվադեպ։ Ախտաբանորեն արտահայտվում է սրտխառնոցով, փորի հատվածում ցավերով, առատ թքարտադրությամբ, ախորժակի կորուստով, գլխապտույտ և այլն։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոքսոկարոզի ախտորոշումը հիմնվում է կլինիկական պատկերի, համաճարակաբանական անամնեզի և լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա։ Իրականացվում է տոքսոկարային հակածինի սերոլոգիական որոշում։ Արյան մեջ կայուն և երկարատև էոզինոֆիլիան (70-80 %), ԷՆԱ-ի (Էրիթրոցիտների նստեցման արագություն) բարձր արժեքները (մինչև 50 մմ/ժ) և հիպերգլոբուլինեմիան վկայում է տոքսոկարոզի առկայության մասին։

Իմագինալ տոքսոկարոզը ախտորոշվում է արտաթորանքների մեջ տոքսոկարայի ձվերի հայտնաբերման դեպքում։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումն իրականացվում է թիաբենդազոլով՝ 25-50 մգ/կգ դոզավորմամբ 5-7 օր տևողությամբ կամ մեբենդազոլով՝ 3-5 մգ/կգ դոզավորմամբ 5-7 օր տևողությամբ։ Զուգահեռ կիրառում են դեսենսիբիլացնող դեղամիջոցներ։ Բուժման ելքը սովորաբար դրական է։ Իմագինալ տոքսոկարոզի բուժման ժամանակ կիրառում են պիրանտել և լեվամիզոլ։ Ակնային տոքսոկարոզի դեպքում օգտագործում են ալբենդազոլ՝ 15 մգ/կգ դոզայով 20 օր տևողությամբ

Տոքսոկարոզի բուժումը բավական կատարելագործված չէ։ Կիրառվող մեբենդազոլը (վերմոքս) և մեդամինը էֆեկտիվ է թրթուրային ձևի համար, սակայն կիրառելի չեն հյուսվածքներում գտնվող ֆիանների համար։ Վերմոքս (մեբենդազոլ) նշանակվում է 1-4 շաբաթ տևողությամբ՝ 200-300 մգ օրական դեղաչափով։ Կողմնակի երևույթներ սովորաբար չի նկատվում։ Մեդամինը կիրառվում է 10 մգ/կգ դեղաչափով՝ 10-14 օր հետո կրկնելու ձևաչափով։ Ալբենդազոլը նշանակվում է 10 մգ/կգ դեղաչափով, օրական երկու անգամ՝ 7-14 օր տևողությամբ։ Բուժման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար արյան կազմի և ամինոտրանսֆերազի մակարդակի (դեղամիջոցը լյարդի վրա ունի էունավոր ազդեցություն) վերահսկում։ Բուժման արդյունավետության չափանիշներն են՝ ընդհանուր վիճակի բարելավում, տոքսոկարոզի ախտանշանների թուլացում, Էոզինոֆիլների մակարդակի և յուրահատուկ հակամարմինների տիտրերի նվազում։ Կլինիկական ախտանշանների ռեցիդիվների և կայուն էոզինոֆիլիայի դեպքում ու դրական իմունոլոգիական ռեակցիաների դեպքուն նշանակվում է բուժման կուրսի կրկնություն։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրային և իմագինալ տոքսոկարոզի կանխարգելումը ներառում է ընդհանուր սանիտարահիգիենիկ գործողություններ, որի ընթացքում շրջակայքը մաքրվում է շների և կատուների արտաթորանքներից, նրանց ենթարկում են ճիճվաթափման, մեծ բնակավայրերում այս կենդանիների զբոսանքի համար հատկացնում են առանձնացված տարածք։ Շատ կարևոր է նաև պահպանել անձնական հիգիենայի կանոնները և շների ու կատուների հետ շփվելուց հետո անպայման ձեռքերը լվանալ հոսող ջրի տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disease Ontology — 2016.
  2. Markell, Edward K. and Marietta Voge. Markell and Voge’s Medical Parasitology. 9th ed. St. Louis: Saunders Elsevier, 2006
  3. «Токсокароз: ответы на вопросы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.