Ավշային հանգույցների բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավշային հանգույցների բորբոքում
Պարանոցի ավշային հանգույցների բորբոքում
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունԱնոթաբանություն
ՀՄԴ-9289.1, 289.3, 683 և 785.6
ՀՄԴ-10I88, L04 և R59.1
 Lymphadenopathy Վիքիպահեստում

Ավշային հանգույցների բորբոքում (լիմֆադենիտ), ավշային հանգույցները, գտնվելով ավշային անոթների ճանապարհին, կատարում են պատնեշային ֆունկցիա՝ պահելով ավշի հոսքով հանգույցներ հասած վնասակար նյութերը և ախտածին մանրէները։ Կախված օրգանիզմի վիճակից և վարակունակությունից (ախտածին ակտիվություն)՝ մանրէներն, ընկնելով ավշային հանգույց, կա՛մ ոչնչանում են, կա՛մ առաջացնում հանգույցի բորբոքում, երբեմն՝ թարախակալում։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր ավշային հանգույցների բորբոքումն առաջանում է հիմնականում վերջույթների ծայրամասերի, դեմքի, գլխի, պարանոցի փոքր վերքերի, քերծվածքների և այլ վնասվածքների միջոցով մանրէներ թափանցելիս կամ որպես ֆուրունկուլի, թարախակույտի, ֆլեգմոնի բարդություն։ Ավշային հանգույցների բորբոքումներ կարող են առաջացնել թարախածին մանրէները (ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր) կամ առանձնահատուկ (հատկապես տուբերկուլոզի) հարուցիչները։ Վերջին դեպքում ավշային հանգույցների բորբոքումը հաճախ լինում է քրոնիկական։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավշային հանգույցների սուր բորբոքման ժամանակ ավշային հանգույցները մեծանում են, ուռչում, շոշափելիս ցավոտ են, բայց հիվանդի ընդհանուր վիճակը միշտ չէ, որ փոխվում է։ Վիճակը բարդանալիս ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40 °C, երբեմն առաջանում են դող և գլխացավ։ Մեծացած ավշային հանգույցների վրայի մաշկը կարմրում է, 3-4 օրից կարմրած մասի կենտրոնը փափկում է, որը թարախի կուտակման նշան է։ Եթե հանգույցում առաջացած թարախակույտը ժամանակին չի բացվում, ապա նրա պատյանը քայքայվում է, և թարախը անցնելով շրջակա հյուսվածքներ, առաջացնում է ծանր բարդություն՝ ֆլեգմոն։

Ավշային հանգույցների բորբոքումն օրգանիզմի որևէ թարախային օջախից վարակի տարածման և վտանգավոր բարդության ախտանշան է, ուստի անմիջապես պետք է դիմել բժշկի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավշային հանգույցների բորբոքում» հոդվածին։