Տիլզիտի հաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիլզիտի հաշտություն, պայմագրեր Ֆրանսիայի և Ռուսաստանի, Ֆրանսիայի և Պրուսիայի միջև. կնքվել են Տիլզիտում (այժմ` ք. Սովետսկ, Կալինինգրադի մարզում) հուլիսի 7-ին (հունիսի 25) և հուլիսի 9-ին, 1806-07-ին պատերազմում 4-րդ կոալիցիայի (Ռուսաստան, Պրուսիա) դեմ նապոլեոնյան Ֆրանսիայից տարած հաղթանակից հետո։

Ֆրանս-պրուսական պայմանագրով Պրուսիան կորցնում էր իր տարածքի և բնակչության գրեթե կեսը։ Էլբա գետի ձախափնյան հողերն անցնում էին նորաստեղծ Վեստֆալյան թագավորությանը, Կոտբուսի շրջանը` Սաքսոնիային, Դանցինգը (Գդանսկ) հայտարարվում էր ազատ քաղաք։ Պրուսիայից անջատված լեհական Բելոստոկի ոչ մեծ շրջանը տրվում էր Ռուսաստանին, Պրուսիայից վերցված լեհական հողերից (Պոզնանի և Վարշավայի մարզերից) ստեղծվում էր Վարշավայի դքսությունը (անձնական ունիայով կապվում էր Սաքսոնիայի հետ)։ Ալեքսանդր I-ը ճանաչում էր Նապոլեոն Բոնապարտի կատարած փոփոխությունները Եվրոպայում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, պարտավորվում զինադադար կնքել Թուրքիայի հետ և իր զորքերը դուրս բերել Վալխավիայից և Մոլդովայից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը Հոնիական կղզիներում և Կատտարո ծովախորշում։ Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ-Շվերին, Սաքսեն-Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմանական իշխանների։ Միաժամանակ ստորագրված գաղտնի դաշնագրով Ռուսաստանը և Ֆրանսիան պարտավորվում էին համատեղ պատերազմ մղել ցանկացած տերության դեմ։ Ռուսաստանի միջնորդությունից Անգլիայի հրաժարվելու, ինչպես նաև նրա կողմից ծովերի ազատության սկզբունքը խախտելու և Ֆրանսիայից զավթած գաղութները չվերադարձնելու դեպքում Ռուսաստանը պարտավորվում էր խզել դիվանագիտական հարաբերությունները Անգլիայի հետ և փաստորեն միանալ Ցամաքային բլոկադային։ Ֆրանսիայի միջնորդությունից Թուրքիայի հրաժարվելու դեպքում Նապոլեոնը խոստանում էր պատերազմի մեջ մտնել Թուրքիայի դեմ և բաժանել նրա եվրոպական տիրույթները։ Միաժամանակ, Նապոլեոնն իր պատրաստակամությունն էր հայտնում աջակցել Ռուսաստանին` Շվեդիայի դեմ պայքարում։

Ֆրանս-պրուսական պայմանագրով Պրուսիան տարածքային զիջումներից բացի, պարտավորվում էր կրճատել բանակը մինչև 40 հազար մարդ, վճարել 100 միլիոն ֆրանկ ռազմատուգանք և միանալ Ցամաքային բլոկադային։

Տիլզիտի հաշտությունը չվերացրեց ռուս-ֆրանսիական սուր հակասությունները, որոնք հանգեցրին 1812-ի պատերազմին, որի սկսվելով Տիլզիտի հաշտությունը կորցրեց իր ուժը։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գ. Քիլիմջյան, Տիլզիտի հաշտություն 1807։ ՀՍՀ, հ. 12։