Տիգրան Սարգսյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Տիգրան Սարգսյան (այլ կիրառումներ)
Տիգրան Սարգսյան

Տիգրան Սարգսի Սարգսյանը ծնվել է 1965 թ. ապրիլի 27-ին Երևանում։ 1982 թ.-ին ավարտել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցը՝ գերազանց գնահատկաններով և օրինակելի վարքով։ 1983 թ.-ին զորակոչվել է Խորհրդային բանակ և ծառայությունն անցկացրել Լվովում տեղաբաշխված Հայկ Բժշկյանի (Գայի) անվան «Երկաթյա դիվիզիայում»։ Եղել է հրետանու հետախուզական ջոկի հրամանատար։

1985թ. զորացրվել է և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժանմունքը։ 1988 թ.-ին ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից էր։

1988 թ. ապրիլ ամսին հիմնադրել «Մեծ Հայք» հայրենասիրական կազմակերպությունը։ 1989 թ.-ին իր զինակից ընկերների հետ՝ «Մեծ Հայք», «Ազատություն», «Նորք» հայրենասիրական կազմակերպությունների միացման շնորհիվ ստեղծել է «Տիգրան Մեծ» ասոցացիան և ընտրվել խորհրդի անդամ։

1990 թ. փետրվարի 15-ին Տիգրան Սարգսյանի համահեղինակությամբ հայտարարվեց հռչակագիր-ծրագիրը, որով սկիզբ դրվեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմավորմանը։ Իր մարտական օրհնությունը գունդը ստացավ Սիսիանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ՝ Տեր Տիրայր Սահրադյան քահանայի կողմից, իսկ ինքն ընտրվեց գնդի շտաբի պետ, ռազմական խորհրդի անդամ։ Տիգրանը տիրաետում էր զենքի բոլոր տեսակներին, լեռնային և անտառային վայրերի մարտավարությանը, ռազմական հետախուզության սկզբունքներին։ Առանձնակի պահանջկոտություն էր ցուցաբերում գնդի կամավորների ընտրության հարցում՝ առաջնային համարելով մարտիկի բարոյակամային հատկանիշները։ Ստեղծել էր մարտիկների հանդերձավորման, ուսուցման և պատրաստման կուռ համակարգ։ Մեծ ջանքեր էր ներդնում գնդի բարոյահոգեբանական մակարդակի և մարտունակության բարձացման վրա։ Այդ նպատակով Արայի լեռան վրա ստեղծել էր ռազմամարզական բազա, որտեղ աշխարհազորայինները նախնական պատրաստություն էին անցնում լեռնային և անտառային վայրերի մարտավարությունից, ուսումնասիրում աշխատանք, ինժեներական և կապի պատրաստություններ։

1989-1991-ին Մասնակցել է ՀՀ Արարատի, (Երասխավանի), Վայքի, Սիսիանի, Գորիսի (Խնձորեսկի, Կոռնիձորի), Նոյեմբերյանի պաշտպանական մարտերին։

1990 թ.-ին մշակել և իրականացրել է հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերի ինքնապաշտպանական մարտերը։ Նրա ծրագրով այնտեղ կառուցվել էր հզոր և հակառակորդի կողմից անխոցելի ռազմական բազա, որտեղից իրականացվում էին գրոհային գործողությունները։

1990 թ. նոյեմբերին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, աշխատանքներն անցկացրել իրավաբանական հանձնաժողովի կազմում։

1991 թ. նոյեմբերի 30-ին հակառակորդի Թոդան գյուղի կրակակետերի վերացման գործողության ժամանակ ծանր վիրավորվել է ականի պայթյունից։

Զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 9-ին Էրքեջում։

Տիգրան Սարգսի Սարգսյանը Արցախյան ազատամարի զինված պայքարի կազմակերպման հիմնադիր առաջամարտիկներից էր և տաղանդավոր ղեկավարը, Հայ ազգի ռազմահայրենասիրական ոգու բարձրացման, ինքնիշխան պետության և ազգային բանակի ստեղծման ջատագովը։

1996 թ.-ին, ՀՀ անկախության հռչակման 5-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Արցախի ազատագրման պայքարում ունեցած բացառիկ դերի համար Տիգրան Սարգսի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, ԼՂՀ, մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներինե հուշամեդալով։

Թաղված է Երևանում՝ Եռաբլուրում։

Ունի մեկ որդի՝ Արգիշտի Սարգսյան։

Աղբյուրներ[խմբագրել]