Տիգրան Զ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Ե (ծն.և մահվան թ.թ. անհայտ), Հայոց թագավոր 60-61–ին։ Նախապես եղել է Քաղկիդիկեի թագավոր։ Հայոց թագավոր Տիգրան Ե–ի եղբոր՝ Ալեքսանդրի որդին։ Երկար տարիներ ապրել է Հռոմում, եղել Ներոն կայսեր մտերիմներից։ Վերջինս էլ նրան նշանակել է Մեծ Հայքի թագավոր՝ ի հակակշիռ հայկական գահի հավակնորդ Տրդատ ԱԱրշականու։ Կորբուլոնի ավերած Արտաշատի փոխարեն Տիգրան Զ Մեծ Հայքի մայրաքաղաք է հռչակել Տիգրանակերտը, ապավինել նրա հելլենացած բնակչությունը։ Հռոմը, ձգտելով Հայաստանը դարձնել երկրորդ կարգի «դաշնակից» թագավորություն, իր հլու կամակատար Տիգրան Զ–ի համաձայնությամբ Մեծ Հայքից անջատել է նրա հյուսիս–արևմտյան մի շարք գավառներ։ Միաժամանակ, Հռոմը խրախուսել է Տիգրան Զ–ի փորձերը՝ վերադարձնելու Մեծ Հայքի այն տարածքը, որը 37–ի հռոմեա–պարթևական պայմանագրով անցել էր Պարթևաստանին։ 61–ին Տիգրան Զ մտել է Հայոց Միջագետք, փորձելով ետ նվաճել Մծբին քաղաքը, սակայն մատնվել է անհաջողության։ Օգտվելով առիթից, 61–ի վերջին պարթևական ուժերը՝ Տրդատ Ա–ի և զորավար Մոնեսի գլխավորությամբ, մտել են Հայաստան։ Հայկական զորքերը անցել են պարթևների կողմը և համատեղ պաշարել Տիգրանակերտը։ Խուսափելով ճակատամարտից՝ Տիգրան Զ հռոմեական լեգիոներների հետ փակվել է պաշարված մայրաքաղաքում։ Ստեղծված իրավիճակում հռոմեական զորավար Կորբուլոնը հարկադրված է եղել դիմել հաշտության բանակցությունների և կանխել ռազմական գործողությունների ծավալումը։ Կնքվել է հայմայձայնագիր, որով Մոնեսը դադարեցրել է Տիգրանակերտի պաշարումը և պարթևական զորքերը դուրս բերել Հայաստանից, իսկ Կորբուլոնը ետ է կանչել հռոմեական լեգիոնները, Տիգրան Զ–ին հայտարարել գահընկեց։ Հայոց գահն անցել է Տրդատ Ա–ին։

Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ