Տիգրանակերտ (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը Արցախի քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Տիգրանակերտ (այլ կիրառումներ)։
Տիգրանակերտի պեղված միջնաբերդը (հատված)

Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչենագետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, որը նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։ Տիգրանակերտի տարածքում պեղումները շարունակվում են արդեն 6-րդ տարին: 2011թ. դրությամբ պեղված է քաղաքի տարածքի 7-8%-ը[1]:

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Արցախի բանակի կողմից։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել 2005-ին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և Շահբուլաղ կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

2006-ին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը[2]:

Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են ԼՂՀ կառավարության և «Երկիր» միության կողմից։

Տիգրանակերտի թանգարանի ցուցասրահներից մեկը

2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է 5-ամյա աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները:

2010 թ Տիգրանակերտի պեղումներն ընթանում են 3 հիմնական հատվածում: Ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվում է հյուսիսային պարսպապատը: Երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվում են ժայռափոր համալիրները: Եվ երրորդը, որը հիմնական տեղամասն է, բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ: Արդեն իսկ գտնվել է 600 լիտր տարողությամբ անտիկ կարաս` վրան օձապատկեր [3]:

Բովանդակություն

2011թ. պեղումները [խմբագրել]

2011թ. պեղումներն իրականացվել են 60 օր` հունիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում: Բազիլիկ եկեղեցու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են միջնադարյան տարբեր արհեստանոցների հետքեր: Գտնվել են արորի խոփի երկաթե առաջամաս: Հնագետները հայտնաբերել են նաև գունավոր ապակու արհեստանոցի հետքեր, պեղվել է ապակու մեծ հավաքածու, հայտնաբերվել են 30-40 ապարանջանների բեկորներ: Ապարանջանների մեծ մասը 12-13-րդ դարերին է վերաբերում. այդ ժամանակաշրջանում ապարանջանները բավականին տարածված էին:

Պեղումների արդյունքում հայտնաբերել են մոզաիկ ապակու բեկորներ: Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են նաև ջնարակապատ խեցեղենի մեծ հավաքածու` տարբեր բույսերի ու թռչունների պատկերներ[4]:

Տես նաև [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Պատկերասրահ [խմբագրել]

Tigranakert church10963.JPG
Tigranakert citadel11029.JPG
Tigranakert church10964.JPG
Tigranakert church10962.JPG
Tigranakert citadel11033.JPG
Tigranakert citadel11032.JPG
Tigranakert museum 11065.JPG
Tigranakert citadel11031.JPG
Tigranakert citadel11030.JPG



Ծանոթագրություններ և նշումներ

  1. Արցախի Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են գունավոր ապակու արհեստանոցի հետքեր
  2. 71337325 Դե ֆակտո. Նոր հնաբանական գտածո Տիգրանակերտի պեղումների ընթացքում:
  3. Հետք՝ Ադրբեջանական դիրքերից երևում են Տիգրանակերտի հզոր պարիսպները
  4. Mediamax.am, Արցախի Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են գունավոր ապակու արհեստանոցի հետքեր, 3 Հոկտեմբեր 2011 թ.։