Տալգատ Նիգմատուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալգատ Նիգմատուլին
Ծնվել էմարտի 5, 1949(1949-03-05)[1]
ԾննդավայրKyzyl-Kiya, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 11, 1985(1985-02-11) (35 տարեկան)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՏաշքենդ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Venera Nigmatulina?
Երեխա(ներ)Linda Nigmatulina?

Տալգատ Նիգմատուլին (թաթար.` Тәлгать Нигъмәтулин, մարտի 5, 1949(1949-03-05)[1], Kyzyl-Kiya, Օշի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 11, 1985(1985-02-11), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոդերասան։ Առավելապես հայտնի է «20-րդ դարի ծովահենները» (1979 թ.), «Գայլափոս» (1983 թ.) և այլ ֆիլմերով։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալգատ Նիգմատուլինը ծնվել է Կիրգիզական ԽՍՀՕշի մարզի Կիզիլ-Կիյա քաղաքում (որոշ տվյալներով` Տաշքենդում)` ուզբեկա-թաթարական ընտանիքում[2]։ Ունեցել է դժվար մանկություն։ Նրա հայրը հանքափոր էր և զոհվել է, երբ Տալգատը դեռ երկու տարեկան էլ չկար։ Չնայած մայրը դպրոցի տնօրեն էր, այնուամենայնիվ ընտանիքն աղքատ էր ապրում։ Այդ իսկ պատճառով Տալգատն ստիպված էր կատարել տարաբնույթ աշխատանքներ։ Քանի որ մոր համար դժվարություն էր երկու որդիներին միայնակ պահելը, ուստի Տալգատին ընդգրկեցին մանկատուն։ Նա ինքնամփոփ էր, ամաչկոտ և ոչ մարդամոտ, բացի այդ ուներ նաև թույլ առողջություն։ Այնուամենայնիվ մանուկ հասակից նա սկսել է զբաղվել պարահանդեսային պարերով, թեթև աթլետիկայով, իսկ հետագայում նաև կարատեով։

Տալգատի մանկական երազանքը եղել է կինոռեժիսոր դառնալը։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և ընդունվել ԿՀՊԻ։ Նա սովորել է նաև կրկեսային և էստրադային արվեստների ուսումնարանում։ Այդ ընթացքում զբաղվել է նաև ըմբշամարտով։ Շուտով, նկատելով Տալգատի ցայտուն արտաքինն ու տաղանդը, նրան հրավիրել են նկարահանվելու «Բալլադ կոմիսարի մասին» (1967 թ.) կինոնկարում, որտեղ նա կատարել է սպիտակգվարդիական սպայի դերը։ 1971 թվականին ավարտելով ԿՀՊԻ-ն, նա մեկնել է Տաշքենդ և աշխատանքի անցել «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայում` որպես դերասան։

Տալգատ Նիգմատուլինը գրում էր պատմվածքներ և բանաստեղծություններ։ Նրա պատմվածքներից մի քանիսը այն ժամանակ հրատարակվել են Տաշքենդում։ Կինոդրամատուրգ Օդելշա Ագիշևի խորհրդով նա 1978 թվականին ավարտել է նաև ԽՍՀՄ Պետկինոյին առընթեր սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներին Տալգատ Նիգմատուլինը սիրավեպ է ունեցել ներկայումս Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Շևչուկի հետ։ Հետագայում ամուսնացել է երգչուհի Լարիսա Կանդալովայի հետ և ունեցել մեկ դուստր` Ուրսուլան (ծնվ. 1976 թ.):

Երկրորդ անգամ ամուսնացել է Խալիմա Խասանովայի հետ։ Նրանց որդին` այժմ դերասան Սաիդ Դաշուկ-Նիգմատուլինը, ծնվել է 1980 թվականին։

Երրորդ անգամ նա ամուսնացել է դերասանուհի Վեներա Իբրագիմովայի հետ։ 1983 թվականին ծնվել է նրանց դուստրը` այժմ երգչուհի և դերասանուհի Լինդա Նիգմատուլինան։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սկզբին Տալգատ Նիգմատուլինը ընդգրկվել էր «Չորրորդ ուղի» կոչվող աղանդավորական խմբի մեջ, որը գլխավորում էին կեղծ-գիտնական Աբայ Բորուբաևն ու ժողովրդական հեքիմ Միրզա Կիմբատբաևը։ Այդ աղանդի մեջ ընդգրկված էին նաև լրագրողներ, գրողներ և նկարիչներ։ Աղանդի ուսմունքը զեն-բուդդիզմի և էզոթերիզմի խառնուրդ էր[3]։

1981 թվականին Տալգատ Նիգմատուլինը նկարահանել էր իր առաջին ռեժիսորական աշխատանքը` «Արձագանք» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ նա նկարահանել էր Աբային և Միրզային։ Կինոնկարը սառնությամբ էր ընդունվել ընկերների և ղեկավարության կողմից։

1985 թվականի փետրվարին, ուսմունքի սաներից մի քանիսը որոշել էին խզել կապերը աղանդի հետ։ Պարզաբանումների համար ժամանել էր նաև անձամբ Աբայը։ Նա իր մոտ է կանչել Տալգատ Նիգմատուլինին, որպեսզի վերջինս «փող պոկի» անհնազանդներից։ Սակայն Տալգատն հրաժարվել է շորթումից, որի համար էլ հատուցեց իր կյանքով։

1985 թվականի փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը, Վիլնյուսի կենտրոնում գտնվող նկարիչ Կալինաուսկասի բնակարանում, աղանդի հինգ անդամներ առանձնակի դաժանությամբ, ոտքերով ու ձեռքերով ծեծի էին ենթարկել որևէ դիմադրություն ցույց չտվող դերասանին, մինչև որ փետրվարի 11-ի կեսօրին վերջինս մահացել է ներքին օրգանների` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից։

Տալգատի մարմինը գտել էին լոգարանում։ Քանի որ մարմինը անճանաչելիորեն այլանդակվել էր, դերասանի կինը` Վեներան, դիակիզման որոշում էր կայացրել։ Դիակիզումն իրականացվել է Կաունասում, իսկ աճյունը թաղվել է Տաշքենդում։

Դատարանի վճռով Աբայ Բորուբաևը դատապարտվել է 14 տարվա, Միրզա Կիմբատբաևը` 10 տարվա ազատազրկման, իսկ հանցագործության մյուս մասնակիցներն արժանացել են ավելի կարճ պատժաժամկետների։

Աբայ Բորուբաևը մահացել է 1988 թվականին՝ բանտում, տուբերկուլոզից։ Միրզա Կիմբատբաևը ամբողջությամբ կրելով իր պատիժը, ազատվել է և շարունակել է հեքիմությամբ զբաղվել։ Մահացել է 2006 թվականին՝ լյարդի ցիռոզից։

Ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1967 Բալլադ կոմիսարի մասին Баллада о комиссаре պորուչիկ
1969 Նրա անունը Գարուն է Её имя — Весна Պուլատ Սադիկով
1971 Գիշերը 14-րդ զուգահեռականում Ночь на 14-й параллели Սիտոնգ
1972 Յոթերորդ գնդակը Yettinchi oʻq Իսմաիլ
1972 Սև ավազների մեջ В чёрных песках Տագան
1973 Հանդիպումներ և բաժանումներ Встречи и расставания Ռուստամ
1975 Առաջին ուղևորները Первые пассажиры -
1976 Ասք Սիյավուշի մասին Достони Сиёвуш Թուլան
1977 Զինված է և շատ վտանգավոր Вооружён и очень опасен Ջոյս
1979 20-րդ դարի ծովահենները Пираты XX века Սալեխ
1979 Վիշապի գորշ շնչառությունը Des Drachens grauer Atem Սինխատ
1979 Օդային հետիոտներ Воздушные пешеходы Քարիմ
1980 Ինչպիսին են մեր տարիները Какие наши годы! Տոլիկ Կուչկարով
1981 Կրակոցի իրավունք Право на выстрел «Կիյոսիի» նավապետը
1981 Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի արկածները Приключения Тома Сойера и Гекльберри Финна հնդկացի Ջո
1981 Գավառական սիրավեպ Провинциальный роман Նազար Մուրատով
1982 Պետական սահման. Արևելյան սահմանագիծ Государственная граница. Восточный рубеж «Վեսյոլի»
1982 Ձմեռային մշուշների ժամանակը Время зимних туманов Ջամոլ
1982 Սոնյան զեկուցում է Sonjas Rapport -
1982 Հրաման՝ անցնել սահմանը Приказ: перейти границу ճապոնացի մահապարտ
1982 Դաշտի եզրին У кромки поля Ասկար Թեմիրով
1983 Գայլափոս Бөрү зындан Սամատ Կասիմով
1984 Միայնակ և առանց զենքի Один и без оружия «Խան»
1985 Դիմակայություն Противостояние Ուրազբաև
1985 Սերգեյ Լազոյի կյանքն ու անմահությունը Жизнь и бессмертие Сергея Лазо Մացումի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Талгат Кадырович Нигматулин // Сайт «Актёры советского и российского кино»
  3. Лиза Золотых Линда Нигматулина: «Я была одержима мыслью отомстить за отца…» // 7 дней. — 5 ноября 2010.