30-60 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Տերևները բաժանված են 3-5 փետրաձև բլթակների։ Ծաղիկները օղակաձև դասավորված են վերին տերևների ծոցերում։ Ծաղկաօղակները մոտեցած են և կազմում են հասկանման նոսր ծաղկաբույլ։ Բաժակը երկշուրթ է, վերին շուրթի միջին ատամը մյուսներից լայն է։ Պսակը մանուշակագույն է, երախում լայնացած խողովակով և երկշուրթ ետծալով։ Փոշանոթները մազոտ են։ Պտուղը կազմված է 4 մասերից՝ էրեմներից[1]։
Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում` ծովի մակարդակից 1940-2500 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, անտառային բացատներում, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս է։ Գյուղատնտեսական գործունեության արդյունքում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի հավելված 2-ում։ CITES-ի հավելվածներում բացակայում է[1]։