Վանի թագավորության սեպագիր արձանագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանի թագավորության սեպագիր արձանագրություններ, ուրարտական սեպագիր արձանագրություններ, թվագրվում են մ.թ.ա. 9-6 դարերին։ Մինչև Իշպուինի (մ.թ.ա. 825-810) արքան արձանագրությունները գրված են նոր ասուրերեն լեզվով, իսկ Իշպուինիից սկսած՝ հիմնականում ուրարտերեն։ Երկլեզվյա՝ ուրարտերեն-ասուրերեն արձանագրությունները 2 հատ են, իսկ քվազի երկլեզվյաները 1-2 հատ։ Արձանագրությունների ընդհանուր քանակը մոտ 800 է, որոնցից մի մասը կամ կրկնություն է, կամ կազմված է ընդամենը մի քանի բառից։ Ուրարտական արձանագրություններն ունեն կաղապարային բնույթ, առկա բառապաշարը չի գերազանցում 500-ը, որոնցից 200-250-ի իմաստն է քիչ թէ շատ հասկանալի։ Սեպագիր նշանները վերցված են նոր ասուրական սեպագրերից, կան մի քանի զուտ ուրարտերենին բնորոշ սեպանշաններ։

Ուսումնասիրության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրությունների մասին առաջին տեղեկությունները հայտնի են Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» գրքից, որտեղ հայոց պատմահայրը դրանց ստեղծումը վերագրում է Ասորեստանի թագուհի Շամիրամին։ 1827 թվականին Վան ուղևորված ֆրանսիական-ասիական ընկերության անդամ Ֆ. Շուլցը ընդօրինակում է մոտ 40 արձանագրություն՝ որով հիմք է դնում Վանի սեպագիր արձանագրությունների ուսումնասիրմանը։ Ուսումնասիրման սկզբնական շրջանում գիտնականների կարծիքները արձանագրությունների լեզվի վերաբերյալ իրարամերժ էին. Ա.Մորտմանը համարում էր հայերենը իսկ Լ.դե Ռոբերը այն համարում էր սեմական լեզու։ 19-րդ դարի վերջում նշանավոր ասուրագետներ Ս.Գյույարը և Ա.Սեյսը ցույց են տալիս, որ արձանագրությունները գրված են ասուրական սեպագրերով, որոնք այդ ժամանակ արդեն բավական ժամանակ ուսումնուսիրվում էին։ Պարզվում է, որ հայտնաբերված արձանագրություններում առկա տեքսետերի մի մասը գրված է ասուրերենով, իսկ մեծամասնությունը մի անծանոթ լեզվով։ 1900 թվականին Հ.Սանդալջյանը փորձում է իր ժամանակ հայտնի ուրատերեն տեքստերը կարդալ հայերենով։ Այս տեսակետը մերժում են Սեյսը և Աճառյանը և ուրարտերենը սկսում են համարել մի առանձին անհայտ ծագման լեզու, որ ոչ-մի կապ չունի հայերենի հետ։ Հետագայում առաջանում է մի նոր տեսակետ, ըստ որի, ուրարտերենը և խուռիերենը ցեղակից լեզուներ են։ Այդ տեսակետը պաշտպանում էին Ի.Դյակոնովը և Մ.Խաչիկյանը։ Ռ. Իշխանյանը ուրարտերենը անվանում էր նոր խուռիերեն, քանի որ Վանի թագավորության ժամանակ խուռիերենը արդեն մեռած լեզու էր։ Հ.Սանդալջյանից հետո հայերեն և ուրարտերեն լեզուների ընդհանրություններ որոնելու աշխատանքներով զբաղվել են Գրիգոր Ղափանցյանը, Հրաչյա Աճառյանը, Գևորգ Ջահուկյանը, Ն.Հարությունյանը, Մ.Իսրայելյանը, Ի.Դյակոնովը, Հ.Կարագյոզյանը և այլ անվանի գիտնականներ։ Արդի ուրարտեգետների, մասնավորապես Ս. Այվազյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուրատերենի հասկանալի բառապաշարում առկա բառարմատների 65%-ը և բառակազմական ածանցների 85-90%-ը ընդհանուր են հին հայերենի՝ գրաբարի հետ։ Այս ամենը թայլ է տալիս պնդել, որ ուրարտերենը վաղընջական հայերենն է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ.Խորենացի "Պատմություն Հայոց" - Երևան 1968
  2. Ս. Այվազյան "Վանի Թագավորության Սեպագիր Արձանագրությունները I" - Երևան 2003
  3. Ս. Այվազյան "Վանի Թագավորության Սեպագիր Արձանագրությունները II" - Երևան 2006
  4. S. Ayvazyan "Urartian-Armenian Lexicon and Historical Grammar" - Yerevan 2011
  5. Ս. Այվազյան "ՈՒրարտերեն" - Երևան 2013